Ադրբեջանը հայկական սրբավայրերը պղծելով ցույց է տալիս իր ազգային բարդույթները. Արշակ Սրբազան

Մայր Աթոռը Արդբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պղծման խնդիրը բարձրացրել է  միջազգային կազմակերպություններում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ ՍբԷջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պղծման խնդրին:

«Մեզ համար այդ քայլերն անսպասելի չեն: Նոր չէ, որ պետք է ծանոթանանք Ադրբեջանի պետական քաղաքականությանը: Նախիջևանի խաչքարերի ոչնչացումն էլ դրա վառ օրինակն է: Մայր Աթոռը միջազգային տարբեր կազմակերպություններ ներգրավելով փորձում է անվտանգության որոշակի երաշխիքներ ստանալ՝ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման համար: Դեռևս կդժվարանամ ասել, թե որքանով է այդ ամենն արդյունավետ, սակայն մենք պետք է ամեն ինչ անենք փրկելու մեր սրբավայրերն ու պատմամշակութային հուշարձանները: Դրանք մեծապես վտանգված են»,- նշեց սրբազանը:

Խոսելով Շուշիի սբ Ղազանչեցոց եկեղեցին մշակութային կենտրոնի վերածելու ադրբեջանցիների մտադրության մասին, տեր Արշակ եպիսկոպոսը հայտնեց, որ դա ազգային բարդույթների հետևանք է:

«Հայկական սրբավայրերը պղծելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս իր ազգային բարդույթները, երբ փորձում են հայկական պատմական տարածքները հռչակել որպես սեփական տարածքներ: Նրանք փորձելու են պատմամշակութային այն շերտը, որը հայկական է, ոչնչացնել ու ներկայացնել դա որպես թուրքական կամ իսլամական: Այդ ամենն, իհարկե, զավեշտալի է»,- ասաց Սրբազան հայրը:

Ադրբեջանական կողմն արդեն իսկ հիմնովին ոչնչացրել է Ջրականի (Ջաբրայիլ) Սուրբ Մարիամ Աստվածածին, ինչպես նաև Մատաղիսի 19-րդ դարի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցիները: