«Ի հայտ են եկել հետաքրքրությունների նոր շրջանակներ երեխաների համար, որոնց համատեքստում գիրքը, դասապրոցեսը, ուսուցիչը դարձել են անհետաքրքիր». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը երեկ խորհրդարանական լսումների ժամանակ «Հանրակրթության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները ներկայացնելուց առաջ խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանում «ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ ու պարզ տեքստեր հասկանալ, չնայած գրաճանաչ է»։ Ո՞րն է այս վիճակի պատճառը։

– Իհարկե համաձայն եմ, նույնիսկ կասեի, որ իրավիճակը շատ ավելի վատ է քան ներկայացվեց, բայց նաև ասեմ, որ այս խնդիրները նոր չեն։ Մենք դեռ 2015 թվականին Հաթիմսի արդյունքներով ունեինք բավական վատ ցուցանիշներ, այնպես որ, իրավիճակի նկարագրությունը դիպուկ է և նույնիսկ, կասեի՝ շատ մեղմ է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք այդպես էլ չկարողացանք կրթության համակարգ ստեղծել:

Իմ մտահոգությունն այն է, որ այս նոր փոփոխությունները, որ արվում են, չեն ստեղծելու նոր համակարգ, այլ գոյություն ունեցող կիսատ-պռատ, կեղծ համակարգը ենթարկելու են հերթական ցնցման։

Մեզ այսօր պետք է համակարգ կառուցել, բայց մենք անընդհատ փոխում ենք: Դա նույն բանն է, որ մենք, ասենք, ծանր հիվանդին անընդհատ տանում ենք ցնցումների, որին ինքը պատրաստ չէ։ Հնարավոր է, իհարկե, իրավիճակը փոխել, բայց շատ բան կախված է նախ տնտեսությունից, որովհետև եթե տնտեսությունը չի զարգանում, կրթության հնարավորությունները սահմանափակվում են, բայց մյուս կողմից էլ՝ կրթությունն ինքը պետք է զարգացման պատրաստ լինի։

Կրթության ոլորտում այսօր չկա համախմբում, խելամիտ կառավարում, այսինքն՝ կրթության համակարգը էլի դիտվում է տարբեր մարդկանց բերել-տեղավորելու մի համակարգ, ինչի հետևանքով էլ նշաձողն իջեցվել է։

– Ի՞նչ համակարգ նկատի ունեք, այդ համակարգը ստեղծելու համար ի՞նչ է պետք անել։

– Առաջին հերթին պետք է ստեղծել մասնագիտական թիմ, որովհետև այսօր այն վիճակում ենք, որ նախարարը, փոխնախարարը ինչ ասի, գրեթե բոլորը, համակարգի ներսում գտնվողները, համաձայնում են։

Հետո փոխվում է նախարարը, այդ մարդիկ սկսում են արդեն նոր նախարարի ասածներին համաձայնել, այսինքն՝ համակարգը հեղհեղուկ վիճակում է, դրա համար մեզ պետք է ունենալ մասնագիտական համախմբում, որպեսզի ինչ-որ բյուրեղացում լինի, գոնե որոշակի հիմնարար հարցերի շուրջ մենք համաձայնության գանք ու ասենք՝ ժողովո՛ւրդ, առաջիկա 20 տարում սրան ձեռք չենք տալիս, որովհետև սրանք մեր հենասյուներն են, որ չստացվի այնպես, որ 5 տարի հետո նոր նախարար գա ու սկսի դրանք փոփոխել, իսկ մյուսներն էլ համաձայնեն։

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ պատճառը ո՞րն է, որ ստացած գիտելիքը գործնականում կիրառություն չի գտնում։ Փոխնախարարը բերեց դպրոցների օրինակը, բայց, կարծեք, նույն պատկերը նաև բուհերում է, երբ ուսանողն ավարտելուց հետո ստացած գիտելիքները չի կարողանում գործնականում կիրառել։

– Պատճառն այն է, որ ի հայտ են եկել հետաքրքրությունների նոր շրջանակներ երեխաների համար, որոնց համատեքստում գիրքը, դասապրոցեսը, ուսուցիչը դարձել են անհետաքրքիր։ Մեր հիմնական խնդիրն այսօր ոչ թե այն է, որ դպրոցի տնօրենը ժամանակ չունի, որովհետև զբաղված է շինարարության հարցերով, այլ այն, որ կրթությունն արժեզրկված ու իմաստազրկված է, ու երեխաներն ավելի շատ զբաղվում են այլ բանով, քան կրթությամբ։

Այս գործընթացը բերում է համակարգային խնդիրների, երբ երեխաները սկսում են վատ սովորել, ուսուցիչները սկսում են վատ դասավանդել, երբ դասավանդումը վատ է՝ սկսում են ավելի վատ սովորել ու այսպես շարունակ։ Մենք այս արատավոր շրջանը պետք է կտրենք․ այսօր ուսուցչի համար դժվար է, որովհետև մտնում է դասարան ու տեսնում, որ աշակերտների մեծ մասը հետաքրքրված չէ դասով, մենք խնդիր ունենք երեխաների մեջ սովորելու նկատմամբ հետաքրքրություն առաջացնել։

Այսօր այնպիսի վիճակ է, որ համարյա վեցերորդ դասարանից հետո կրթությունը իմաստազրկվում է, սովորում են միայն այնպիսի բաներ, որոնք կոնկրետ իրենց մասնագիտացմանն են անհրաժեշտ։

– Այսինքն՝ դասավանդման մեթոդաբանությո՞ւնը պետք է փոխել։

– Այո՛, ամեն ինչ, ոչ միայն մեթոդաբանությունը, անհրաժեշտ է նաև ծնողների ու երեխաների աջակցությունը, որովհետև այժմ մի իրավիճակում ենք, որ այդ համատեքստում սովորելը շատ ձանձրալի է թվում:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե մենք չսովորենք, հետ ենք գնալու, այսինքն՝ եթե կյանքի առաջարկած զվարճանքներով տարվենք, մեր հասարակությունն ավելի վատ է լինելու։

– Պատասխանատու գերատեսչության կողմից առաջարկվող փոփոխությունները որքանո՞վ են նպաստելու, որ երեխաների մեջ ուսման նկատմամբ հետաքրքրություն արթնանա։

– Չեն նպաստելու: Միակ բանն այն է, որ կամավոր ատեստավորված ուսուցիչներին առաջարկվում է բարձր աշխատավարձ, ընդ որում՝ դա չի տրվում բոլորին, շատ փոքր խմբի։ Հնարավոր է, որ սա խթան հանդիսանա ոմանց համար, որոնք ուսուցիչ աշխատելու ցանկություն կհայտնեն, բայց մնացած հարցերով ոչ մի փոփոխություն չի լինի։

Այսօր պետք է ճիշտ ախտորոշենք կրթական համակարգը, ու չպետք է վախենալ ասել, որ դա շատ ծանր ախտորոշում է։

– Պարո՛ն Խաչատրյան, փոխնախարարի երեկվա ելույթում համակարգի ախտորոշումը ճի՞շտ էր տրված։

-Փոխնախարարի երեկվա ասածներն ավելի շատ հետևանքներն էին։ Երբ ասում ենք, որ երեխաները վատ են սովորում, վատ արդյունքներ ունենք, դրանք հետևանքների արձանագրումներն են, բա պատճառը ո՞րն է։ Հիմնական հարցը սա է։

Իսկ պատճառները շատ խորն են․ տեսեք՝ աղքատությունը խորանում է, իսկ աղքատ ընտանիքը ոչ թե մտածում է կրթության, այլ գոյատևման մասին։ Երբ մարդիկ լուծում են իրենց տարրական խնդիրները, դրանից հետո հնարավոր է մտածեն կրթության մասին, բայց երբ մարդկանց զգալի մասը մտածում է գոյատևման ռեժիմով, չի կարող կրթության մասին մտածել։ Սա սոցիալ-տնտեսական հարց է, որի լուծումը ԿԳՄՍ նախարարությունը չպետք է տա։ Ապացուցված է, եթե պետությունն աղքատ է՝ կրթության վիճակը վատ է։

– Հայաստանում տրվող կրթությունը համապատասխանո՞ւմ է աշխատաշուկայի պահանջներին։ Որքանո՞վ է դպրոցում տրվող կրթությունը աշակերտը կարողանում կիրառել բուհում, իսկ ուսանողը՝ բուհում ստացածը աշխատավայրում։

– Կարծում եմ՝ ո՛չ։ Այսօր դպրոցում փորձում ենք լուծել խնդիրներ, որոնք պետք է լուծված լինեին ընտանիքում ու մանկապարտեզում, բուհում էլ փորձում ենք լուծել խնդիրներ, որոնք պետք է լուծված լինեին դպրոցում, աշխատավայրում էլ՝ այնպիսի խնդիրներ, որոնք բուհը պետք է լուծած լիներ։ Այսինքն՝ մեր կրթական համակարգի յուրաքանչյուր աստիճան փորձում է լուծել իր նախորդի խնդիրը, համակարգը տեղում չէ, ադեկվատ չէ։

Բուհում մարդն ուզում է ուսանողին մի բան սովորեցնել, բայց տեսնում է, որ ուսանողը դպրոցական ծրագիրը չգիտի, ուսանողը գնում է աշխատավայր, ու պարզվում է, որ մասնագիտությանը չի տիրապետում։ Մենք մի քայլ հետ ենք, իրար չենք բռնում։

Այսօրվա համալսարանները դարձել են դպրոց, դպրոցները՝ մանկապարտեզ, աշխատավայրն էլ փորձում է համալսարան դառնալ։ Պատահական չէ, որ այսօր շատ գործատուներ կրթական կենտրոններ են ստեղծում, որովհետև իրենք մտածում են, որ այդ ձևով ավելի լավ կլինի իրենց համար, քան բուհի հույսին մնալը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am