Լկտի պահվածքի ու «հաչոցների» հետեւում. Ըստ վերլուծաբանների, ի դեմս Կիսելյովի, Ռուսաստանը սպառնում է Հայաստանին

Լկտի պահվածքի ու «հաչոցների» հետեւում. Ըստ վերլուծաբանների, ի դեմս Կիսելյովի, Ռուսաստանը սպառնում է Հայաստանին
Լկտի պահվածքի ու «հաչոցների» հետեւում. Ըստ վերլուծաբանների, ի դեմս Կիսելյովի, Ռուսաստանը սպառնում է Հայաստանին

Այն հարցերը, որ Հայաստանի օրենսդիր մարմնում բարձրացրեց ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը հանդիսանում են ոչ միայն  «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում, այլեւ սպառնալիք ուղղված Հայաստանի դեմ:  «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով ռուսական «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի հայտարարութթյանը, ասում է , իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:  

«Փաստորեն, նա սպառնում է  մեզ, այ, տեսեք, եթե դուք ռուսաց լեզուն լավ չիմանաք, ուրեմն Ռուսաստանը ձեզ չի պաշտպանի», -ասում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ օրը ցերեկով ԱԺ ղեկավարության եւ պատգամավորների ներկայությամբ խախտվում է հենց նրանց իսկ ընդունած օրենքը:

Հիշեցնենք,  մայիսի 11-ին ռուս լրագրող, պուտինյան վարչակազմի քաղաքական խոսափողը համարվող «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը Ազգային Ժողովում՝ «Ռուսական գրքի գրադարանում» տեղի ունեցած քննարկման   հայտարարել էր,  որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի: 

Նա պահանջել էր փոխել «Լեզվի մասին» օրենքն ու ավելացնել  ռուսական դպրոցների թիվը։   Նշենք նաև, որ այդ հանդիպմանը պատգամավորներից ներկայացված են եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը:

Արթուր Սաքունցի խոսքով, սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մաքսային Միությանն անդամակցելու մասին միանձնյա որոշում կայացրեց, այն դեպքում, երբ Հայաստանը գնում էր դեպի եվրաասոցացում, Կրեմլն արդեն անթաքույց սկսեց մասնակցել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ հանդիսանալ Հայաստանում քաղաքականություն իրականացնողներից մեկը եւ որ ամենակարեւորն է՝ քաղաքական օրակարգի թելադրողը:

Ազգային Ժողովում տեղի ունեցածն, ըստ իրավապաշտպանի, սրա հետեւանքն է:

«Դմիտրի Կիսելյովի այդ հայտարարությունը ուղղակի տրամաբանորեն բխում է նախորդած ժամանակաշրջանում Հայաստանի իշխանությունների եւ քաղաքական ուժերի գործունեությունից»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը՝  հավելելով, որ ռուս լրագրողի հայտարարությանը հենց նույն պահին չարձագանքելու փաստը վկայում Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների ստրկացման մասին: 

«Հերմինե Նաղդալյանից եւ մյուսներից այլ բան հնարավոր չէր սպասել: Մնացած քաղաքական ուժերի պահվածքը նույնպես ոչ ադեկվատ է, որովհետեւ ոչ միայն պետք է պահանջել Կիսելյովին հայտարարել պերսոնա նոն գրատա, այլ, մինչեւ Կիսելյովը նման պահանջ պետք է դրվեր Վոլինկինի նկատմամբ, որն ակնհայտորեն անցել էր բոլոր դիվանագիտական կանոնները եւ խախտել ՀՀ Սահմանադրության նորմերը»,- համոզված է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պետք է առանձին «մեթոդներ» օգտագործել «Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ սեպ խրել» ցանկացող ՀԿ-ների դեմ:

Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երեւանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։ Այս գնահատականները ՀՀ իշխանությունների կողմից այդպես էլ պատշաճ արձագանքի չարժանացան:

Ռուսաստանի ներկայացուցիչների տարբեր մակարդակներից հնչող նմանատիպ հայտարարությունները «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նույնպես պայմանավորում է Հայաստանի վարած թույլ արտաքին քաղաքականությամբ:

«Սա նրանից է, թե ինչ կարգավիճակի մեջ է դրել ՀՀ իշխանությունը , թե ՀՀ-ին, թե ինքն իրեն: Սա հետեւանքն է այն ամենի, թե ինչ արատավոր քաղաքական համակարգ ունենք: Թե իշխանությունը, թե  իրեն ոչ իշխանական կամ այլընտրանք հորջորջող քաղաքական ուժերը պարզապես լուծում են ինքնապահպանման խնդիր եւ հանուն դրա պատրաստ են եւ իրենք նսեմանալ եւ նսեմացնել պետությունը»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Փորձագետի խոսքով, Կիսելյովի պահանջը ռուսական կայսրության ավանդական քաղաքականության դրսեւորումն , որը եղել է, թե ցարի ժամանակ, թե սովետի, թե այժմ:

«Ռուսաստանը տանել չի կարողանում, երբ Հայաստանում տեղի են ունենում շատ բնականոն գործընթացներ, որտեղ Ռուսաստանն ուղղակի անելիք չունի եւ փորձում է արհեստական ճանապարհով ուղղակի ռուսաֆիկացնել Հայաստանը՝ խրախուսում է արտագաղթը,մնացած բնակչության վզին փորձում ռուսերենը փաթաթել»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Ռուս լրագրողի պահվածքը բուռն քննադատության է արժանացել նաեւ խորհրդարանում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Կիսելյովին ճանաչել «պերսոնա նոն գրատա»:

ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ ղեկավարությունից էլ պահանջել ԱԺ –ում պահպանել հայերենի` որպես պետական լեզվի կարգավիճակը, իսկ  «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը,  Կիսելյովին արդարացնող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին հիշեցրել է, որ Կիսելյովի ցինիկ հայտարարությունները համացանցում են եւ նշել.

«Հիշեցման կարգով ասեմ` ցինիկ կամ կինիկ բառերի արմատը շուն բառն է, Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա` վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք հետայսու զերծ պահել խորհրդարանը նման հաչոցներից»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խորհրդարանականների քննադատությունը բավարար չի համարում: Իրավապաշտպանի խոսքով, ԱԺ  չորս ոչ իշխանական ուժերը, որոնք նույնպես պատասխանատվություն են կրում Հայաստանի արտաքին քաղաքականության համար, Ռուսաստանի հերթական նման քայլից հետո, իրենց տասներկու կետերում պետք է եւս մեկն ավելացնեն՝ պահանջելով անհապաղ հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան՝ ՌԴ դեսպանի ու ՌԴ ներկայացուցիչների՝ Հայաստանի նկատմամաբ ոտնձգությունների օրակարգով:

Բացի այս, իրավապաշտպանն անթույլատրելի է համարում ընդհանրապես, ռուս լրագրողին նման ընդունելություն կազմակերպելը:  

«Նա հայտնի է  նաեւ որպես ստախոս եւ կեղծարար, որովհետեւ իր գործունեությունը լրագրություն բնագավառի հետ ընդհանրապես որեւէ կապ չունի: Անթույլատրելի էր նրան թույլ տալ այնտեղ հանդես գալ, որովհետեւ դա ավելի շատ գցում է Ազգային Ժողովի որակը»,-համոզմունք է հայտնում իրավապաշտպանը:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, Դմիտրի Կիսելյովին պետք է ընդունեին ոչ թե Հայաստանի խորհրդարանում, այլ, ասենք  Հ 2  հեռուստաընկերության տնօրենի կաբինետում:

«ԱԺ նախագահի ղեկավարրը նստում է նրա կողքին, կարծես թե համարժեք պաշտոններ են, -նկատում է Մեհրաբյանը ու շարունակում. -ես ապշած եմ, որ այդ լկտի պահվածքի համար նրա բերանն ուղղակի չփակեցին: Ռուսական ասացվածքն կա, որ խոզին հրավիրում են սեղանի մոտ, նա ոտքերն է դնում սեղանին: Սա խոզի պահվածք էր եւ  պարզապես նրան պետք է ցույց տրվեր իրեն հասանելիք տեղը: Դա տեղի չունեցավ»:

Էմմա Քալաշյան

© Medialab.am