Ռամզան Կադիրովը վերընտրվել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնում՝ ստանալով ձայների 99.85%-ը՝ քվեաթերթիկների 98.71%-ի հաշվարկի արդյունքներով։
Կադիրովի համար սա Չեչնիայի ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում անցկացվող երրորդ ուղղակի ընտրությունն է։ 2021 թվականին նա ստացել էր ձայների 99.7%-ը՝ 94.61% մասնակցությամբ, իսկ 2016 թվականին՝ 97.94%՝ 94.8% մասնակցությամբ։
Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի յոթ տարածաշրջաններից միայն Չեչնիայում և Ստավրոպոլի երկրամասում են պահպանվել ղեկավարների ուղղակի ընտրությունները։ Մյուս հանրապետություններում՝ Դաղստանում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչայ-Չերքեզիայում և Հյուսիսային Օսիայում, ղեկավարին հաստատում է խորհրդարանը՝ նախագահի ներկայացմամբ։
Հուլիսին Կադիրովը հայտարարել էր, որ հենց ինքն է պնդել հանրապետությունում ուղղակի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ կարևոր է, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի հանրապետության ղեկավարին։
Այս ընտրություններում Կադիրովի մրցակիցներն էին հանրապետության Հանրային պալատի նախագահ Իսմայիլ Դենիլխանովը, որը առաջադրվել էր «Արդար Ռուսաստան» կուսակցության կողմից, և տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Խալիդ Նակայևը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջադրմամբ։
49-ամյա Կադիրովը վերջին տարիներին մի քանի անգամ խոսել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ 2017 թվականին նա հայտարարել էր, որ հրաժարականը իր երազանքն է։ 2022 թվականի սեպտեմբերին Կադիրովն ասել էր, որ «անժամկետ արձակուրդի» է արժանի։ Անցած տարվա մայիսին նա կրկին նշել էր, որ ցանկանում է ազատվել պաշտոնից՝ հայտնելով, որ իր փոխարեն մեկ այլ անձ կարող է հանդես գալ սեփական նախաձեռնություններով և պատկերացումներով։
Ապրիլին Կադիրովի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր Չեչնիայում նախադպրոցական և դպրոցական հաստատությունների, ինչպես նաև բժիշկների հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը՝ մատնանշելով տարածաշրջանում ծնելիության բարձր մակարդակը։
2024 թվականի արդյունքներով Չեչնիայում գրանցվել է ծնելիության հանրագումարային գործակցի ամենաբարձր ցուցանիշը Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների համեմատ՝ մեկ կնոջ հաշվով 2.67 երեխա։ Երկրորդ տեղում Տուվան է՝ 2.29 ցուցանիշով, իսկ երրորդում՝ Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգը՝ 1.99։ Ռուսաստանի միջին ցուցանիշը կազմել է 1.4 երեխա մեկ կնոջ հաշվով։ Մոսկվայում այն եղել է 1.46, Սանկտ Պետերբուրգում՝ 1.25։



















