Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է համագործակցությունը Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, մշակութային ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ընդլայնելով մշակութային երկխոսության և կինոգործակցության շրջանակը։ Այս մասին հայտարարվել է հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում։
Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ համատեղ իրականացվող նախագծերը։ Դրանք ոչ միայն կներկայացնեն հեղինակային կինոյի կարևոր գործեր, այլև Երևան կբերեն միջազգային կինոաշխարհի ճանաչված ռեժիսորների, դերասանների, կինոօպերատորների և ոլորտի այլ հեղինակավոր ներկայացուցիչների։
Ֆրանսիական ծրագիրը կբացվի Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով։ Ծրագրում ընդգրկված են նաև Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», Ժան-Պիեռ Ժյոնեի «Ամելին», Արթուր Հարարիի «Անծանոթուհին», Սերուժ Հովսեփյանի «Մեկուսի երկխոսությունները» («Կորիզ» միջազգային մրցույթ), Էմիլ Փարսեղյանի «Նրանց համար» («Կորիզ»), Ժասմին Ռազարյանի «Պարտէզը որ քեզ երազեց» («Երևանյան պրեմիերաներ») և Լիլիթ Գրասմուգի «Ձեզնից ոմանք պառկել են Իվայի հետ» վավերագրական ֆիլմը, որը կցուցադրվի Doc Alliance հատուկ ծրագրում։
Ֆրանսիական ծրագրի շրջանակում Երևան կժամանեն դերասան Սիմոն Աբգարյանը, ռեժիսորներ Անտոնեն Բոդրին, Թամարա Ստեփանյանը և Էմիլ Փարսեղյանը, «Օսկար»-ի բազմակի հավակնորդ կինոօպերատոր Բրունո Դելբոնելը, որը GAIFF Pro-ի շրջանակում վարպետության դաս կանցկացնի, ինչպես նաև տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամ Դոմինիկ Վելինսկին։
Կանադայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում փառատոնի մրցութային ծրագրերում կներկայացվեն ժամանակակից կանադական կինոյի մի շարք ֆիլմեր։ Միջազգային մրցույթում ընդգրկված է Հյուբեր Կարոն-Գուայի «Սահմանների մեխանիկան», իսկ տարածաշրջանային մրցույթում՝ Սանազ Սոհրաբիի «Անավարտ օրացույցը», Մարլեն Էդոյանի «Այնտեղ կրակ կա» և Գիլդա Փուրջաբարի «Արևմտամետները»։
Գյոթե ինստիտուտ Հայաստանի հետ համագործակցությամբ իրականացվող գերմանական ծրագիրը կբացվի Վալեսկա Գրիզեբախի «Երազված արկածը» ֆիլմով։ Միջազգային լիամետրաժ մրցույթում ընդգրկված է Յոշա Բոնգարդի «Մանուկ աստղը», «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում՝ Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» և Աբոլֆազլ Սաֆարիի «Մայրուղու եղջերուն», տարածաշրջանային մրցույթում՝ Ալեքսանդր Քոբերիձեի «Չորացած տերևը», Doc Alliance ծրագրում՝ Վիվ Լիի «Երկու լեռ է ծանրացել կրծքիս» և Շտեֆանի Շրյոդերի «Սառը զանգը»։ «Ծուռ Ծիրան» ծրագրում կցուցադրվի Կարիմ Այնուզի «Վարդաթփերի էտումը», իսկ Ջեսիկա Հաուսների «Հյուրանոց» և «Սիրելի Ռիտա» ֆիլմերը կընդգրկվեն հատուկ ցուցադրություններում։
Գերմանիայից փառատոնը կհյուրընկալի նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնի նախկին գլխավոր ծրագրավորողներից Մարկ Պերսոնին, Բեռլինի Մաքսիմ Գորկու թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆին, ռեժիսորներ Յենս Գայգերին, Նորիկ Քեշիշյանին և Տոբիաս Նյոլենին, ինչպես նաև DOK Leipzig-ի DOK Industry հարթակի ղեկավար Նադյա Թենշտեդտին։
Կազմակերպիչների խոսքով՝ «Ոսկե ծիրան»-ը տարիներ շարունակ ծառայում է որպես մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ՝ ամրապնդելով Հայաստանի կապերը համաշխարհային կինոկենտրոնների հետ։ Այս տարվա համագործակցային ծրագրերը, ըստ նրանց, ևս մեկ անգամ ընդգծում են փառատոնի միջազգային հեղինակությունն ու նրա դերը ստեղծագործական նոր կապերի ձևավորման գործում։



















