Ֆրանսիայում աննախադեպ շոգի հետևանքով 7 մահ է արձանագրվել

Ֆրանսիայում վաղ ամառային աննախադեպ շոգերի հետևանքով 7 մահ է արձանագրվել։ Երկրի օդերևութաբանական ծառայությունը՝ Météo France-ը, հայտնել է, որ Ֆրանսիայում երկուշաբթի և երեքշաբթի գրանցվել են մայիս ամսվա համար ռեկորդային ջերմաստիճաններ, իսկ շոգի ալիքը կարող է շարունակվել ամբողջ շաբաթ՝ որոշ շրջաններում հասնելով մինչև 39°C-ի։

Ինչպես գրում է The Guardian-ը, Ֆրանսիայի կառավարության խոսնակ Մոդ Բրեժոնը TF1-ի եթերում հայտարարել է, որ 7 մահերը ուղղակի կամ անուղղակի կապ ունեն շոգի հետ։

Նրա խոսքով՝ դրանցից 5-ը ջրահեղձման դեպքեր են, երբ մարդիկ փորձել են զովանալ ջրում։ Երկու մահ ուղղակիորեն կապվել է շոգի հետ․ Լիոնում Hyrox ֆիթնես մրցույթի մասնակից կինը մահացել է հիպերտերմիայից, իսկ Փարիզում 10 կմ վազքի ժամանակ 53-ամյա տղամարդը սրտի կաթված է ստացել։ Եվս 16 մարդ հոսպիտալացվել է Փարիզի արվարձան Մեզոն-Ալֆորում անցկացված վազքի մրցումից հետո, նրանցից 10-ի վիճակը գնահատվել է ծանր։ Ֆրանսիայի 13 դեպարտամենտներում հայտարարվել է նարնջագույն մակարդակի շոգի զգուշացում, ևս 29-ում՝ դեղին։

Սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի շոգի նախազգուշացման ազգային համակարգը մայիս ամսին գործարկվել է նման մակարդակով։ Շոգի ալիքը ընդգրկել է նաև Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ․ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում նույնպես մայիս ամսվա համար ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել։ Կլիմայի մասնագետները նշում են, որ նման շոգերը Եվրոպայում դառնում են ավելի վաղ, ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ։