«Ռեալ է, որ Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Թուրքիայում այս օրերին խառնվել են իրար». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, Հայոց ցեղասպանության տարելիցի օրվան ընդառաջ Թուրքիայում անհանգստության ալիք կա՝ կապված այն հարցի հետ, որ ԱՄՆ նախագահը կարող է ճանաչել ցեղասպանությունը։ Թուրքիայից կոչեր կան՝ ուղղված ԱՄՆ-ին, որ «փաստերը չխեղաթյուրեն»։ Ի՞նչ է կատարվում այս օրերին Թուրքիայում։

– Այն, որ Թուրքիայում խառնվել են իրար, ակնհայտ է։ Ընդ որում, խառնվել են իրար ոչ միայն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, այլ նաև վերջին ամիսներին Թուրքիայի ղեկավարությունը շատ խառնված վիճակում էր, որովհետև Ջո Բայդենը նախագահ ընտրվելուց հետո չի զանգահարել Էրդողանին։

Եվ Թուրքիայի ամբողջ վերնախավը շունչը պահած սպասում է, թե ե՛րբ է զանգահարելու Բայդենը։ Եվ ոչ միայն սպասում է, այլ նաև անդրկուլիսյան տարբեր ինտրիգների միջոցով փորձում է դրդել Բայդենին, որ զանգահարի Էրդողանին։

Բայց նա չի զանգահարում։ Կարծես խոսակցություններ կային, որ պետք է այս օրերին զանգահարեր, բայց մինչև օրս դեռ դա տեղի չի ունեցել։ 

Այսինքն՝ դա ցույց է տալիս, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը Թուրքիայի դերը շատ ցածր է գնահատում։ Այսօր ամերիկյան արտաքին քաղաքականության կիզակետը դառնում է Հարավարևելյան Ասիան, Խաղաղ օվկիանոսի շրջանները, ինչը կապված է Չինաստանի հետ։

Դրա համար Թուրքիայի դերը՝ որպես մերձավորարևելյան երկրի, նվազել է հիմա։ Եվ հիմա իրենք կարող են իրենց թույլ տալ պատժել Թուրքիային։ Նախկինում միշտ զգուշանում էին, քանի որ Թուրքիայի դերը մեծ էր։

– Այսինքն՝ շատ ռեալ է, որ ԱՄՆ նախագահը կարող է ճանաչե՞լ ցեղասպանությունը։ 

– Այո՛, այս անգամ ավելի ռեալ է, քան մինչև հիմա։ Նմանատիպ իրավիճակ չի եղել նախկինում, դրա համար սպասումները բավական մեծ են։ Իհարկե, 100 տոկոսով չենք կարող ասել, որ ամեն դեպքում մեծ են սպասելիքները։

Թուրքիայից ԱՄՆ-ին ասում են՝ «փաստերը մի՛ խեղաթյուրեք»։ Այսինքն՝ ամեն կերպ շարունակում են ժխտե՞լ, որ ցեղասպանություն է եղել։

– Իհարկե, իրենք այդ ժխտելն սկսել են հենց Ցեղասպանության օրերից, որ դա ոչ թե կոտորած էր, այլ տեղահանություն։

Եվ մինչև հիմա՝ արդեն 100 տարուց ավելի, դա շարունակում են։ Ընդ որում, Էրդողանը մի քանի անգամ շատ հստակ ու շատ պարզ հայտարարել է․ «Մենք երբեք չենք ճանաչի այն մեղադրանքերը, որոնք կան մեր դեմ՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, որ դրանք իրական են։

Երբեք մենք չենք ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։ Ինքը շատ հստակ դա հայտարարել է։ Այնպես որ, այդ քաղաքականությունը կշարունակվի Թուրքիայի կողմից։ 

– Նաև վերջին շրջանում Թուրքիայից հայտարարություններ եղան, որ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը վատ կազդի տարածաշրջանային անվտանգության վրա։

– Դրանք փոքր հնարքներ են, խաբեություններ, թե դա կազդի տարածաշրջանային գործընթացների վրա և այլն։ Բացարձակ սպառնալիք չկա ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում։

Ընդհակառակը՝ սա շատ կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտությունը վերականգնելու առումով, այլ նաև շատ կարևոր դեր կարող է ունենալ աշխարհով մեկ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը։

– Թուրքիան կարո՞ղ է ԱՄՆ-ի կողմից ճանաչման դեպքում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

– Այսինքն՝ եթե Թուրքիան փորձի նման բան անել, դա կնշանակի, որ ինքն իրեն դնում քաղաքակիրթ աշխարհից դուրս։ Եթե ԱՄՆ-ն ճանաչում է Ցեղասպանությունը, և Թուրքիան, որն ունի թշնամական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, փորձի Հայաստանի դեմ ոտնձգություններ անել, դա խայտառակություն կլինի։

– Պարո՛ն Սաֆրաստյան, ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ կարող է տալ Հայաստանին ու հայ ժողովրդին։

– Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր կլինի այն առումով, որ ԱՄՆ հեղինակությունն աշխարհում շատ մեծ է։ Եվ մի շարք երկրներ պատրաստվում են հետևել ԱՄՆ օրինակին։ Երկրորդ՝ կարևոր է այն առումով, որ Ցեղասպանության հետ կապված ժառանգների կողմից մի շարք դատական գործընթացներ կան Կալիֆոռնիայում, բայց դրանք սառեցված են, քանի որ ԱՄՆ-ն վերջնականապես չէր ճանաչել Ցեղասպանությունը։ Հիմա եթե նախագահը վերջնականապես ճանաչի, դա կնշանակի, որ հատուցման հետ կապված այդ գործերն ընթացք կստանան։

– Իսկ Հայաստանը հնարավորություն ունի՞ տարածքային պահանջներ ներկայացնելու։

– Ցեղասպանության հետևանքների վերացման խնդիր կա, որը շատ բարդ է իրականացնել։ Բայց, ի վերջո, մենք պետք է ձգտենք այդ խնդիրն իրականացնել։ Իսկ դա նշանակում է, որ պետք է նաև աշխարհի հայերը հնարավորություն ստանան վերաբնակեցվելու Արևմտյան Հայաստանում, քանի որ Ցեղասպանության հետևանքով իրենց նախնիները ստիպված են եղել լքել մեր հայրենիքի այդ կարևոր հատվածը։ Այնպես որ, դա շատ դժվար իրականացվող խնդիր է, բայց պետք է անպայման դրան ձգտել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am