«Ռուսական ռազմաբազայի ընդլայնումը կարող է ընդամենը ժամանակավոր լուծում լինել». Հովսեփ Խուրշուդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

-Պարո՛ն Խուրշուդյան, պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ: Ինչպե՞ս եք գնահատում սա, դրա անհրաժեշտությունը կա՞:

– Կա անհրաժեշտություն առաջիկա մի քանի տարվա համար, քանի դեռ հայկական բանակը ամբողջապես չի վերականգնվել պատերազմի ընթացքում թշնամու հասցրած հարվածից, ունենալ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը տարանջատող երրորդ երկրի զորքեր հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որը դեռ կահավորված չէ։

Սակայն, իհարկե, նախընտրելի կլիներ, որ այդ երրորդ կողմը լիներ ոչ թե Ռուսաստանը, որի այսօրվա իշխանությունները արդեն ցույց տվեցին, որ հակված չեն լիարժեքորեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, հակված են դավաճանության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքի՝ հայկական շահերը զոհաբերելու հաշվին, այլ, օրինակ՝ սկանդինավյան երկրները, որոնց, որոշակի արևմտյան միջնորդության կամ անգամ ճնշման դեպքում, կարծում եմ՝ դեմ չէր լինի նաև Ադրբեջանը։

Ավելին, միջազգային խաղաղապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին նրանց կմոտեցնի նաև Արցախին, որտեղ տեղափոխվելու հրատապ կարիք կարող է առաջանալ 4 տարուց, երբ կլրանա եռակողմ հայտարարության մեջ նշված ժամկետը։

-Ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնումը կամ նոր ռուսական ռազմաբազայի առկայությունը ի՞նչ կտա Հայաստանին:

-Դա ընդամենը ժամանակավոր լուծում է լինելու։ Եթե ռուսները պատրաստ են ապահովելու հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը՝ թող ապահովեն։ Սակայն խիստ կասկածում եմ նման գործողության որակին։

Վտանգ եմ զգում, որ նրանց արանքներով ազերիները կրկին ներթափանցելու են մեր տարածք՝ արդեն դիվերսանտների տեսքով։ Այնպես որ, միշտ ցանկալի է սեփական ուժերով պահել սեփական սահմանները։ Սա, կրկնում եմ՝ կարող է ընդամենը ժամանակավոր լուծում լինել՝ ազերիներին մեր տարածքից խաղաղ ճանապարհով դուրս բերելու համար։

-Պարո՛ն Խուրշուդյան, ինչի՞ մասին է վկայում այն հանգամանքը, որ Հայաստանում ընդլայնվում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը, որ Հայաստանն ի վիճակի չէ՞ այլևս իր սահմանները պաշտպանելու:

-Դե փաստացի այդպես էլ կա․ մենք պարտվել ենք, այդ թվում՝ նույն այդ դաշնակցի՝ Ռուսաստանի դավաճանության պատճառով։

Սակայն հարցն այն է, որ մենք դեռ պաշտոնապես մնում ենք ՀԱՊԿ անդամ, նաև ունենք Ռուսաստանի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր, որոնք մինչ այժմ չեն գործել։ Տեսնենք, թե այժմ ինչպես է գործելու այդ անվտանգային համակարգը։

Վախենամ, որ եթե վարչապետը երկընտրանք առաջարկած չլիներ, այսինքն՝ եթե ոչ ռուսներ, ապա միջազգային ուժեր, Կրեմլն անգամ այս քայլին չէր գնա։

Այսօր Հայաստանն ունի՞ այլ տարբերակ չհամաձայնել ռուսական ռազմական ներկայության ընդլայնմանը:

– Ձեր հարցին պատասխանելու համար պետք է տիրապետել առաջին ձեռքի տեղեկատվության, թե ինչ այլընտրանք են առաջարկում Հայաստանին Արևմուտքից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am