«Լիքը դիակներ, ցելաֆանը բացում եմ՝ ախպերս ա»․ եղբոր զոհվելուց հետո Հասմիկն ասում է՝ մոր մոտ հոգեկան խնդիրներ են ի հայտ եկել

Հեղինակ MediaLab

Պողոսյանների ընտանիքում պատերազմը կրկին ողբերգություն է բերել։

90-ական թվականներին՝ պատերազմի ժամանակ, զոհվել է 65-ամյա Ալվարդ Պողոսյանի ամուսինը, վերջին պատերազմի ժամանակ՝ որդին՝ 25-ամյա Հրաչյա Պողոսյանը։

Հրաչյայի զոհվելուց հետո Ալվարդ Պողոսյանն ու դուստրը՝ 34-ամյա Հասմիկ Պողոսյանը, կորցրել են կյանքի իմաստը, չեն կարողանում ցավն ու կսկիծը հաղթահարել, Ալվարդի մոտ ի հայտ են եկել նաև հոգեկան առողջության խնդիրներ։

Հրաչյա Պողոսյանը զոհվել է Ջաբրայիլում, քույրը վերջին անգամ եղբոր հետ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, քրոջ սիրտն այդ օրը վկայել է, որ նրա ձայնն այլևս չի լսելու:

«Զանգեց, ասեց՝ լավ ենք, արդեն Ջաբրայիլի պոստեր են մեզ տանում… Ու ես զգում եմ, որ դա իր հետ վերջին խոսելս էր, որ էլ ձայնը չեմ լսելու։ Հոկտեմբերի 14-ին գիշերը չքնեցի, սիրտս շուտ-շուտ կանգնում էր, շատ վատ էի զգում։ Առավոտ շուտ ես զանգեցի, իրա հրամանատարի համարը վերցրեցի, զանգեցի տղաներին: Ասում են՝ Հասմի՛կ, մսաղաց ա, սաղ աղում են, մենք փախանք, գալիս ենք, Հրաչին ասել ենք՝ արի, նահանջ ենք տալիս, ինքն ասել ա՝ ես չեմ գալիս, ես դավաճան չեմ, չեք ուզում՝ մի՛ կռվեք, բայց ինձ մի՛ պարտադրեք գալ… Իրանք մի 6-7 հոգով չեկան մեզ հետ։

Ֆեյսբուքով անուն, ազգանունով ման եկա, զանգեցի իրենց գնդի հրամանատարին, ասեցի՝ Պողոսյան Հրաչից ի՞նչ նորություն: Ասին՝ հավանական ա, որ ինքը երեկ իրիկունը զոհվել ա։

էդ պահը չեմ պատկերացնում՝ ինչ կատարվեց հետս. ոչ կարում եմ խոսամ, ձեռքերս դողում են, հեռախոսս գցեցի… Հետո զանգեցի, ասի՝ դուք երևի ճիշտ չեք հասկացել, ո՞նց թե զոհվել ա… Ասում ա՝ թողեք ձեր համարը, հեսա ձեզ մի ուրիշ մարդ կզանգի: Ասում ա՝ 3 րոպեից զանգելու ա, էդ 3 րոպեն ինձ համար 15 րոպե թվաց:

Ջղայնացած հետ զանգեցի, ասում եմ՝ ինձ ասում եք, բայց չեք բացատրում՝ ո՞նց ա զոհվել, ինչի՞ց եք ենթադրում, որ զոհվել ա: Ասում են՝ զինվորը իրա թղթերը բերել ա, ասել ա՝ մահացածի թղթեր ա։ Ասի՝ բա իրեն որտե՞ղ գտնեմ, ասին՝ դե, մորգերում նայեք: Հեռախոսը դրեցի, սկսեցի մորգեր գնալ»,- պատմում է քույրը։

Այնուհետև Հասմիկը 17 օր շարունակ փնտրում է եղբորը և՛ մորգերում, և՛ հիվանդանոցներում՝ անցնելով բազում սարսափելի տեսարանների միջով։ Մորը ոչինչ չի հայտնում, քանի որ վստահ էր, որ մայրը շատ ծանր է տանելու վիշտը։

«Մի օր երազիս տեսա, որ եղբորս գտել եմ, տանում եմ մեր նախագահի՝ Արայիկ Հարությունյանի մոտ, ասում եմ՝ ո՞վ պիտի պատասխան տա։

Երազիս, որ տեսա, գնացի Հերացի: Մինչև էդ չէին թողնում, էդ օրը հերթապահը փոխված էր, մի ձև համոզեցի, ասում եմ՝ իմ սիրտը զգում ա, որ ես էսօր իրան պիտի գտնեմ: Ասում ա՝ հա՛, արի՛, կամպյուտերով նկարները տես։ Ու երրորդ նկարը Հրաչինն էր:

Որ տեսա, էդ պահին չգիտեմ՝ ուրախանա՞մ, որ գտել եմ իրան, որ գերեզման ա լինելու, որ մամաս անընդհատ աչքը ճանապարհին չի պահելու, որովհետև Ջաբրայիլը արդեն գրավված էր, Հրաչն էնտեղ էր զոհված: Ես արդեն մտածում էի, որ դիակն իրանց մոտ ա, հույս չունեի, որ կգտնեմ»,- արտասվելով ասում է քույրը:

Այնուհետև Հասմիկին տեղեկացնում են, որ եղբոր դին Մեծամորում է, ուշ ժամի հասնում է դիահերձարան ու դիակների մեջ փորձում է գտնել եղբորը:

«Ասում են՝ կուզե՞ք տեսնեք իրան, ասում եմ՝ հա՛ ու էդ պահին մոռանում եմ վախը, սարսափը, սթրեսը, ամեն ինչ: Ասում եմ՝ հա՛, ու դաժը գիշերվա մթությունն եմ մոռանում, որ կարող ա իմ վրա շատ ծանր ազդի: Բժշկի հետ գնում եմ, էդ «Սպայկեքը» լիքը դիակներ են, ու միայն ոտքերի տեղ ա ազատ:

Բժիշկը ցույց ա տալիս հեռախոսի լույսով, էլ էդ հոտը չեմ ասում, որ միանգամից խփում ա երեսիդ, թուլացնում ա, իրա ձեռքից բռնած: Ասում ա՝ հանկարծ ոչ մի տեղին չկպնես, ու որ հանկարծ ոտքս կպնում ա, զգում եմ, որ սառն ա։

Գնում եմ համարյա մինչև վերջ, ցելաֆանը բացում եմ, տենում եմ՝ ախպերս ա… Ընդամենը քարացած ասում եմ՝ հա՛, ինքն ա ու հետ եմ ֆռում… Արդեն ես դիմացն եմ, բժիշկը՝ հետևը, ու պիտի կողմնորոշվեմ, որ դիակները չտրորեմ: Հետո հասնում եմ, ոտքերս թուլացած՝ ինձ շպրտում եմ դուրս»,- սարսափը դեռ աչքերի առաջ ու արտասուքն աչքերին՝ պատմում է Հասմիկ Պողոսյանը։

Այնուհետև Հասմիկը տուն է գնում և փորձում հայտնել եղելությունը մորը:

«Եկա տուն, մայրս հաց էր ուտում, ուզում էի, որ ուտեր, նոր ասեի: Գիտեի, որ օրեր շարունակ էլ հաց չի ուտելու։ Չոքեցի իրա դիմաց, խնդրեցի, որ գոնե ինձանով մխիթարվի, որ էլ Հրաչին չի տեսնելու… Բայց գիտե՞ք վատը որն էր, որ ինքը ոչ մի ռեակցիա չտվեց, քարացած ինձ էր նայում, ասում էր՝ հելի տեղիցդ, իրա հոգեկանի հետ բաներ էին կատարվում։

Հետո եկեղեցում դիակը դրած՝ ինքը գնացել, նկարի մոտ էր չոքել, էնտեղ էր լացում, ասում էին՝ Հրաչը էստեղ ա… Ինքը չէր հավատում, գնում էր նկարի մոտ: Էդտեղ զգացինք, որ մի բան էն չի, դեպրեսիայից տենց վիճակի ա անցել, հիմա դեղեր ա խմում։ Շատ վտանգավոր ա իրան մենակ թողնելը, ամեն ինչի պատրաստած ա, չի էլ ուզում ապրի»,- հուզմունքով ասում է նա:

Հասմիկը պատմում է, որ հոր զոհվելուց հետո մայրը մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին, տանջանքով սնունդ ապահովել, բազում հոգսեր հոգացել, այժմ ի վերջո պետք է հանգստանար, տղան հոգ տաներ նրա մասին, բայց ողբերգություն պատահեց:

«Պապան որ ականի պայթյունից ա զոհվել, իրան զոհվածի կոչում չեն տվել, ասել են, որ էդ ժամանակ պատերազմը պրծած ա եղել, ու մեզ զոհվածի թոշակ չեն տվել, մեզ ընդամենը տվել են 6000-7000 դրամ որպես ծնողազուրկի, ոչ թե զոհվածի։

Սարսափելի կյանքով ա մաման մեծացրել երեխուն, դրսերից փետ ա հավաքել մեջքով, սնունդ ա էստեղից-էնտեղից բերել, տան մեջ ջրեր են հոսում, կռիշը՝ փտած,

էդ պայմաններում ա մեծացել Հրաչը, ու որ հիմա ինքը պետք ա սարքեր, մորը պահեր, սենց եղավ»,- հոգոց հանելով ասում է քույրը։

Հասմիկն ասում է, որ եղբայրը իրենց ընտանիքի հենարանն էր, դեռ փոքր տարիքից օգնում էր ընտանիքին, տարբեր աշխատանքներ էր կատարում, որ կարողանար քրոջ ուսման վարձը վճարել, ճանապարհածախսը հոգալ: 

Հասմիկ Պողոսյանը եղբոր՝ Հրաչյա Պողոսյանի հետ։

«Ինքը շատ խելացի էր, աշխատող, դեռ 8-9 տարեկանում ինձ օգնել ա, ալյումին, պղինձ էր հավաքում, ես էլ ուսանող էի, ինձ համար շորեր էր առնում, գնում էր ուրիշների համար աշխատում էր, բերում էր ինձ համար ճանապարհածախս տալիս, իմ վարձը տալիս։ Սաղ օրը աշխատում էր, ինչ կար՝ առնում էր, իրա ձեռքի հեռախոսն էլ վերջերս ծախել էր, որ երեխեքիս վարունգ, պամիդոր առներ»,- հուզմունքի պատճառով խոսքը ընդհատում է Հասմիկը։

Այնուհետև դադար առնելով նշում է, որ եղբայրը շատ հայրենասեր էր, որպես ծնողազուրկ՝ բանակից ազատված է եղել, բայց կամավոր գնացել է բանակ: «Հետո մտել ա ԱԱԾ, հետո էլ քառօրյային մասնակցել, հետո տեղափոխվել ա Վայք՝ սահմանապահ զորքեր ա մտել։ Ազգին նվիրված էր, սիրում էր բանակը, ինքը իրա հայրենիքը ամեն ինչից վեր ա դասել»,- ընդգծում է քույրը։

Հասմիկ Պողոսյանն ասում է, որ ցավն ու տառապանքը այդքան խորը չէին լինի, եթե Արցախի հողերը չանցնեին հակառակորդի վերահսկողության ներքո։ Ընդգծում է ՝ հիմա կրկնակի ցավ է, որ ո՛չ եղբայրը կա, ո՛չ էլ հողերը։ Նշում է՝ որ օրը Շուշին, Արցախի հողերը վերադարձվեն, այդ օրը սփոփանք կգտնի:

«Եթե եղբայրս զոհված լիներ, բայց հայրենիքս լիներ, հպարտ կապրեի, կասեի՝ զոհվածի քույր եմ, եղբորս շնորհիվ ազատագրվել ա… Բայց հիմա հայրենիքս չկա, համ եղբայրս։ Որ օրը կլսեմ, որ Շուշին վերցրել են, դա կլինի 10, 20 տարի հետո, ես անպայման կվերադառնամ իմ հողը, բայց հիմա չեմ կարող Արցախ գնալ, չեմ կարող իմ ախպոր նկարը կախեմ, հետո գնամ թուրքին տեսնեմ կամ իրանց դրոշը, ես էնտեղ կխելագարվեմ»,- ասում է Հասմիկը։

Հասմիկը նշում է, որ հիմա փորձում է ամեն բան անել, որ մոր առողջությունը վերականգնվի, չնայած ինքն էլ դեռ չի կարողանում ցավը հաղթահարել:

«Հիմա ավելի շատ մտածում եմ մամայի համար, բուժումներ ա ստանում։

Ես էլ հիմա իմ մեջ ուժ չեմ գտնում, եթե Հրաչս ամուսնացած լիներ, երեխա ունեցած լիներ, երեխան մեզ կսփոփեր, հիշատակ կթողներ… Ես չգիտեմ՝ կկարողանա՞մ ուշքի գալ, երեխաներիս եմ նայում, ասում եմ՝ գոնե մի օր լավ լինեմ, բայց չի ստացվում, մեկ ա, օրվա վերջում չի ստացվում, ես ամբողջ օրը լաց ու կոծի մեջ եմ, թեկուզ ջանում եմ, որ իրենց ցույց չտամ, բայց բնազդաբար ապրում եմ»,- ասում է Հասմիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am