Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ինչու են որոշել 200 հազար դոլար արժեքով նոր ծառայողական ավտոմեքենա գնել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենա գնելու որոշման մասին։

Կառավարությունը համապատասխան որոշում էր մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 92 մլն դրամով նոր ծառայողական մեքենա ձեռք կբերվի՝ BMW 750Li xDrive LCI։

«Ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։

«Ինչո՞ւ ներկայացուցչական դասի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ՝ գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եվ, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն, այնուամենայնիվ, մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետութունը գնում կատարի»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։