«Ում ծանոթ-բարեկամը ուզում ես եղիր, եթե չունես բավարար գիտելիք, աշխատանք չես գտնի»․ ուսանողները՝ Եվրոպայի կրթական համակարգի մասին

Գոհար Գասպարյանը եւ Անի Հովհաննիսյանը

21-ամյա Գոհար Գասպարյանը, որը սովորել է անգլիական Շեֆիլդի համալսարանի Հունաստանի մասնաճյուղում, այժմ շվեյցարական համալսարաններից մեկի ուսանող է, մասնագիտացել է ներդրումային բանկի (investment banking) ոլորտում, այժմ էլ փորձում է գիտելիքներ ձեռք բերել տնտեսագիտության ոլորտում, ասում է, որ արտերկրում ուսանելն իրեն շատ բան է սովորեցրել: 

«Արտասահմանի կրթական համակարգի ամենաուժեղ կողմերից մեկն այն է, որ կապ չունի՝ դու որ ոլորտում ես սովորում, որ երկրի որ համալսարանում, այստեղ կարևորվում են պրակտիկան և պրակտիկ գիտելիքը»,- «Մեդիալաբին» արտերկրում ուսանելու փորձի մասին է պատմում Գասպարյանը։ 

Նա նշում է, որ ուսմանը զուգահեռ, ի տարբերություն Հայաստանի կրթական համակարգի, կարևորվում է ստացած գիտելիքը գործնականում կիրառելը. 

«Այստեղ առաջին կուրսից սովորեցնում են, թե ստացած գիտելիքը որտեղ է անհրաժեշտ լինելու և ինչպես կարելի է այն օգտագործել։ Տեսական գիտելիքներից բացի, շատ է նաև գործնականը, շատ ենք գնում, օրինակ՝ գործարաններ, ծանոթանում ենք այնտեղի աշխատանքին, աշխատակիցները կիսվում են իրենց փորձառությամբ, ինչը շատ կարևոր է։ Փորձում ենք նաև գտնել տվյալ կազմակերպության խնդիրներն ու առաջարկել լուծումներ»։

Նրա խոսքով՝ արտերկրի համալսարաններում գործնական պարապմունքներ, հանդիպումները կազմակերպվում են հենց առաջին կուրսից, որպեսզի կարողանան գրավել ուսանողին, դասերն ավելի հագեցած ու արդյունավետ դարձնեն։ Գոհար Գասպարյանն ասում է, այս մոտեցումը շատ գնահատելի է և արդյունավետ հետագայում հաջողության հասնելու ճանապարհին։ 

«Դեռևս դպրոցում սովորելու տարիներին փնտրում էի համալսարաններ, որոնց կարող էի դիմել և իմ նախընտրած մասնագիտությունը ստանալ, բայց Հայաստանի բուհերում նման բաժիններ չկային, ես էլ սկսեցի հետաքրքրվել արտերկրի համալսարաններով։ Այդ ժամանակ անգլիական Շեֆիլդի համալսարանը պրեզենտացիա էր կազմակերպել Հայաստանում։ Դիմեցի, հանձնեցի անգլերենի քննություն և հայտնվեցի Հունաստանում Շեֆիլդի  համալսարանի մասնաճյուղում»,- ներկայացնում է նա։

Գոհարն ասում է, որ կրթության հնարավորություն ստացել է Հունաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում տրամադրված կրթաթոշակի շնորհիվ։ 

Ավարտելով Շեֆիլդի համալսարանը և ստանալով բակալավրի որակավորում ներդրումային բանկի ոլորտում՝ Գոհարը որոշում է կրթությունը շարունակել Լոզանի համալսարանում՝ հմտություններն ավելի զարգացնելու նպատակով։

«Ինչ վերաբերում է շվեյցարական Լոզանի համալսարանին, որտեղ այժմ մագիստրատուրա եմ սովորում, այստեղ վարձավճարը 2 տարին միասին կազմում է 2500 ֆրանկ (մոտ 2700 դոլար)։ Այն շատ մատչելի ծրագիր է, որով Շվեյցարիան բոլորին տրամադրում է կրթաթոշակ, քանի որ ուզում է ուսումը հասանելի դարձնել բոլորի համար, անկախ նրանից՝ ուսանողը Շվեյցարիայի՞ քաղաքացի է, թե՞ ոչ»,- ներկայացնում է Գոհարը։ 

Նա նշում է, որ Հունաստանի անգլիական համալսարանում և Շվեյցարիայում կրթական համակարգերը շատ հաջողված են և ապահովում են գիտելիքի մեծ պաշար. գրքերը և դասերը գրեթե նման են, բայց տարբերվում է, օրինակ՝ գնահատման համակարգը։ 

«Անգլիական համալսարանում գնահատականը հաշվարկվում է տոկոսներով, առավելագույնը 100 տոկոսն է։ Անցողիկ է համարվում 40 և բարձր տոկոսը։ Իմ սովորած երկու բուհերում շատ բարդ է բարձր գնահատական ստանալը․ օրինակ՝ Հունաստանի համալսարանում շատ բարձր գնահատականը սկսվում է 70-ից, ինչի համար պետք է ներկայացնես անթերի աշխատանք»,- ասում է Գոհարը։ 

Շվեյցարիայում ևս բարձր գնահատական ստանալը շատ բարդ է․ 

«Այստեղ առավելագույն միավորը 6-ն է, 4-ից ցածր ստանալու դեպքում ուսանողը չի հաղթահարում անցողիկ շեմը, իսկ 4-ն անցողիկ է»։ 

Գոհարն ասում է, որ շատերը մտածում են՝ արտերկրում սովորելը գրեթե անհնար է, ընդունվելու համար պահանջվում են բարդ քննություններ։ Ըստ Գասպարյանի՝ հենց «անհնարինության» մասին մտածելով էլ՝ շատ ուսանողներ փորձ չեն անում արտերկրում կրթությունը շարունակելու համար։

Ըստ նրա՝ Հայաստանում ուսումն այդքան չեն գնահատում, ինչպես եվրոպական շատ երկրներում․ 

«Այստեղ դաս չանել, դասից փախչել և նման այլ բաներ չկան, այստեղ նորմալ է, որ սովորում ես։ Եվրոպացիների համար շատ զարմանալի է՝ ո՞նց կարելի է դասի չնստել կամ անպատրաստ ներկայանալ։ Շվեյցարիայում կարևորում են նաև ժամանակը, եթե ժամանակ և գումար ես ծախսում, ուրեմն պետք է գիտելիք ձեռք բերես»։

Հայաստանի կրթական համակարգը, Գոհարի կարծիքով, շատ է տարբերվում այլ երկրների կրթական համակարգերից, և հիմնական տարբերությունը ժամանակին ոչ համահունչ գիտելիք փոխանցելն է. 

«Հայաստանի բուհերում մի քիչ հին ու ոչ արդի ինֆորմացիա են սովորեցնում, այդ առումով մեր կրթական համակարգը հիմնականում թույլ է։ Մի բացասական կողմ էլ կա․ մեր դիպլոմները շատ երկրներում չեն անցնում, հետևաբար դու չես կարող շատ երկրներում սովորել մագիստրատուրայում կամ աշխատանք գտնել»։

Եվրոպական միջավայրում, ըստ երիտասարդ ուսանողի, խնամի-ծանոթ-բարեկամ խիստ հայկական սովորությունը չկա. այնտեղ աշխատանքի ընդունում են բացառապես գիտելիքների հիման վրա:

«Եվրոպացիների մոտ ընդունված է, որ գիտելիքն է այս աշխարհում ինչ-որ բան որոշում։ Այստեղ ում ծանոթը կամ բարեկամը ուզում ես եղիր, եթե չունես բավարար գիտելիք կամ լավ CV, ոչ մի տեղ չես կարող աշխատանք գտնել: Ցավոք, Հայաստանում պատկերն այլ է»,- ասում է նա։

Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի շրջանավարտ 31-ամյա Անի Հովհաննիսյանը ևս  հայկական և եվրոպական կրթական համակարգերի միջև տարբերությունը հսկայական է համարում: 

Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում բակալավրի աստիճանն ստանալուց հետո Անին տուրիզմի ոլորտի նրբություններին խորությամբ ծանոթացել է Սորբոնի համալսարանում միջազգային տուրիզմի կառավարման էկոնոմիկա ուսումնասիրելու ընթացքում: 2017-ին ավարտելուց հետո ստացել է մագիստրոսի աստիճան: 

«Հայաստանի համալսարանում սովորեցնում էին միայն տեսություն: Այդտեղ սովորելով՝ ես իմ կրթությամբ չէի կարող աշխատանք գտնել, ու ինչքան էլ ցավալի է, կարող եմ ասել, որ իմ ոլորտին ես տիրապետել եմ միայն Ֆրանսիայում կրթություն ստանալուց հետո»,- «Մեդիալաբին» պատմում է Անին։

Ինչպես Գոհարը, Անին ևս հաջողված է համարում եվրոպական կրթական համակարգը. «Ֆրանսիայի կրթական համակարգը և դրա ընձեռած հնարավորությունները բավականին գրավիչ են ուսանողի համար։ Կարծում եմ՝ ամեն մարդ հնարավորության դեպքում անպայման պետք է գնա արտերկիր ու կրթություն ստանա, որովհետև դա մի ֆանտաստիկ բան է»: 

Սորբոնի համալսարանում, Անիի փոխանցմամբ, դասավանդում են բարձր որակավորում ստացած մասնագետներ՝ տարբեր երկրներից, միջազգային հայտնի կառույցներից։ 

«Դասախոսները մեզ հետ կիսվում էին իրենց փորձով, և, ամենակարևորը՝ նրանց համար մենք ուսանող չէինք, այլ՝ կոլեգաներ»,- նշում է նա՝ ընդգծելով, որ Սորբոնում սովորելու ընթացքում ուսումնասիրել են բազմազան առարկաներ, անցկացրել գործնական պարապմունքներ: 

Նրա խոսքով՝ սովորելուն զուգահեռ ուսանողը կարողանում է աշխատել, փորձ է կուտակում, որպեսզի բուհն ավարտելուց անմիջապես հետո ձեռք բերած գիտելիքով ու փորձով մուտք գործի աշխատաշուկա։ Ասում է՝ Ֆրանսիայում ուսանողին սովորեցնում են իր ընտրած մասնագիտության մեջ լինել լավագույնը, աշխատել այնտեղ, որտեղ կա նրա կարիքը։ 

«Դասախոսի մոտեցումը և մեթոդները ևս շատ հաջողված էին․ հաշվի էին առնում, որ կան նաև օտարերկրացիներ, հարցերի դեպքում միանգամից պատասխանում էին, կազմակերպում արտալսարանական դասեր»,- պատմում է Անին և հավելում, որ նյութը լավ ընկալելու հարցում մեծ ազդեցություն ունի նաև ուսանող-դասախոս հարաբերությունը։

Անին պատմում է՝ ուսանողներին դասախոսություններ լսելու համար տանում էին նույնիսկ հարևան երկրների համալսարաններ. դասեր ունեցել են նաև Լուվրի թանգարանում և մշակութային այլ վայրերում։ Նա համոզված է, որ նման այցերն առավել գրավիչ և հետաքրքիր են դարձնում դասապրոցեսը։

Ֆրանսիայում սովորելու տարիներին Անին հնարավորություն է ունեցել բացահայտել տուրիզմի դրական ու բացասական շատ կողմեր և հասկացել՝ ինչպես կարելի է զարգացնել տուրիզմը և օգտակար լինել հայրենիքին։ Այժմ Անին Հայաստանում է և, որպես տուրիզմի փորձագետ, գիտելիքներն օգտագործում է տարբեր ծրագրերում ներգրավված լինելով: 

Մերի Մաթևոսյան

MediaLab.am