Այո, առևանգում է եղել. Գեղամասար համայնքի ղեկավար

Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքից հետո որոշակի լարվածություն պահպանվում է: Այդ մասին «Մեդիալաբին» ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է արտահայտվում լարվածությունը, Ավետյանը արձագանքեց.

«Դե, լարված վիճակը էն է, որ մաքսիմում միջոցները ձեռնարկվում են, որպեսզի հետ բերվեն տղաները, ինչն էլ լարվածություն է պահանջում: Կրակոցներ, հա, կան, բայց մեծ մասշտաբի չեն, որ վիրավորներ ունենանք»:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել առևանգում:

Համայնքի ղեկավարն ինքը նույնպես հաստատեց, որ կատարվածն առևանգում է.

«Այո, առևանգում է, եկել են, ուղղակի առևանգել, գնացել: Բայց ես մանրամասներ չեմ կարող ասել, հարցը Պաշտպանության նախարարության տիրույթում է»: