Ռուստամ Բադասյանին են ներկայացվել Արարատյան մաքսատան գործառույթները

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում:

Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժինների գործառույթները:

ՊԵԿ նախագահը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին մատուցվող ծառայություններով:

ՊԵԿ նախագահն այցելել է նաև Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության տարածքներ: Մասնավորապես՝ «Ուրբան լոջիստիք սերվիս տերմինալում» նա շրջել է աշխատասենյակներով, հետաքրքրվել բացթողնման բաժնի մաքսային տեսուչների աշխատանքներից:

Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում գործող պահեստներում ապրանքների պահպանման հնարավորություններին: Դիտարկվել է նաև մաքսային հսկողության տարածքի տեխնիկական հագեցվածության խնդիրը: Կոմիտեի ղեկավարին զեկուցել են, որ պահեստները կահավորված են անհրաժեշտ սարքավորումներով:

ՊԵԿ նախագահը շրջայցով եղել է նաև «Հայկ» մաքսային հսկողության տարածքում: Այստեղ նա հետևել է ապրանքների բացթողնման կազմակերպման գործընթացին, մասնավորապես՝ «Ռապիսկան» սարքավորման և էլեկտրոնային կշեռքների կիրառման հնարավորություններին: Կոմիտեի ղեկավարին հայտնել են, որ այստեղ պայմանների բարելավման աշխատանքներ են տարվում, շինարարությունը մոտենում է ավարտին, լինելու են նոր ենթակառուցվածքներ:

Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեության սպասարկման արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը: