Ալեն Սիմոնյանն ու  կինը բնակարաններ են գնել «Բյուրեղ» համալիրում. Factor

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անցած տարի «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան է ձեռք բերել։ Այդ նպատակով նա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին որպես փոխառություն վճարել է 53․8 մլն դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նրա ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից։

Սիմոնյանը ունի ևս մեկ բնակարան Երևանի Կենտրոնում, որը միանձնյա գնել է 2019 թ-ին։ Անցած տարի Ա․ Սիմոնյանը, ըստ հայտարարագրի, 90 օրից ավելի բնակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող առանձնատանը։ Ենթադրաբար, սա բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր Կոնդի ամառանոցում է։ Ավտոմեքենա, արժեթղթեր, այլ ներդրումներ, 4 մլն դրամը գերազանցող գույք Աժ նախագահը չի հայտարարագրել։

Տարեվերջին Սիմոնյանի բանկային միջոցները կազմել են մոտ 850 հազար դրամ և 705 դոլար, կանխիկը՝ 24 մլն դրամ։ ԱԺ նախագահի ընդհանուր եկամուտներն անցած տարի կազմել են 70․1 մլն դամ, որից 14․4 մլն աշխատավարձն է, 7 մլն դրամ վարձակալության տրված գույքից ստացված վճարը, 48․3 մլն դրամը վարկ է «Հայէկոնոմբանկից», իսկ 378 հազար դրամը այլ եկամուտ է՝ ստացված քաղաքացի Ն․ Մանթաշյանից։ Սիմոնյանի վարկային պարտավորությունների մայր գումարը տարեվերջին կազմել է 65․9 մլն դրամ, իսկ  վարկի մարմանը տարվա ընթացքում ուղղվել է մոտ 5․9 մլն դրամ։ Ա․Սիմոնյանը ՔՊ վարչության անդամ է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։