Սեւան քաղաքում նշվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված Բաբկեն Մկրտումյանի ծննդյան օրը

Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի դասասենյակում հանդիսավորությամբ նշվեց Արցախյան վերջին պատերազմի հերոս նահատակ Բաբկեն Մկրտումյանի ծննդյան 31-րդ տարին։

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  միջոցառումը կայացավ հենց Բաբկեն Մկրտումյանի անունը կրող դասասենյակում։ Ցերեկույթին հրավիրված էին նաեւ հերոսի ընտանիքի անդամները՝ ծնողները, կինը եւ երեք զավակները։  «2021 թվականի ապրիլի 26-ին պայմանագրային զինծառայող Բաբկեն Մկրտումյանը կդառնար 31 տարեկան ու ծննդյան տարեդարձը կնշեր ծնողների, կնոջ, երեք զավակների մասնակցությամբ:


Սակայն պատերազմը մտավ նաեւ Մկրտումյանների ընտանիք ու տարավ Արարատ ու Էմմա Մկրտումյանների միակ որդուն, տարավ դեպի հավերժություն: 2020 թվականի  հոկտեմբերի 2-ը դարձավ նրա երկրային կյանքի վերջին օրը: Հերոսի 31-ամյակը նշեցին այն դպրոցում, որի սանն էր եղել Բաբկենը: Լուսանկարից նայող Բաբկեն Մկրտումյանի հայացքի ներքո նրա զավակները կտրեցին ծննդյան տորթը, աշակերտները հերոսին ձոնեցին իրենց սրտի խոսքն ու բանաստեղծական տողեր: Օրվա երկրորդ կեսին էլ Բաբկենի ընտանիքի, հարազատների, ընկերների հետ Սեւանի համայնքապետարանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները հերոսի շիրմին ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին նրա հիշատակը: Իր կյանքը հայրենիքի պաշտպանության զոհասեղանին դրած Բաբկենը երդվել էր ծառայել հայրենիքին ու մինչև վերջ մնաց հավատարիմ իր երդմանը: Նման մարդիկ երբեք չպետք է մոռացվեն, նրանց անունները պետք է լինեն ու մնան որպես մարդասիրության, հայրենասիրության խորհրդանիշ»,-ասաց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։