Ադրբեջանի փորձագիտական մակարդակում հստակ նշում են, որ պետք է զորքեր մտցնել Սյունիք՝ այդ կերպ ճնշելով Հայաստանին. Տաթևիկ Հայրապետյան


«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ են հնչում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց առնչվող հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչեցին նրա առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

– Ադրբեջանն արձագանքել էր արտգործնախարարության մակարդակով, որտեղ ևս մեկ անգամ խոսվում էր այդ «միջանցքի» մասին, ինչը Փաշինյանն արձանագրեց որպես լուրջ խնդիր, որ այդ արտահայտությունն օգտագործվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: 

Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ իր համար «միջանցքը» հանդիսանում է նախապայման: Այսինքն՝ եթե հայկական կողմն իսկապես հետաքրքրված է և ունի խաղաղության գնալու կամք, ապա պետք է հերթական զիջման գնա: Հիմնականում սրանք են արձագանքները: 

Նշեմ նաև, որ սոցիալական ցանցերում արձագանքել են նաև Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Ադրբեջանն իր գործողություններով փորձում է լեգիտիմ հիմք ստեղծել պատերազմի համար»: Հազարավոր օգտատերեր գրել են՝ «բնականաբար հաջորդը Զանգեզուրն է լինելու»՝ հանրային մակարդակով ցույց տալով իրենց ագրեսիվությունն ու տարածքային նկրտումները մեր նկատմամբ: 

– Ադրբեջանն իսկապե՞ս պատրաստվում է պատերազմի:

– Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սցենարների, և ես ձեզ տված հարցազրույցների ժամանակ դա շեշտել եմ: Միայն 2022 թվականին 11 թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն է անցկացվել, մեծ մասամբ՝ մեր սահմանների երկայնքով, այսինքն՝ նրանք, բացի դիվանագիտական ճակատում անընդհատ ճնշումներ գործադրելուց, պատրաստվում են նաև խնդիրների լուծման ռազմական սցենարին: 

Դա նորություն չէ, զարմանում եմ, թե ինչո՛ւ Փաշինյանը նոր հասկացավ այդ պարզ ճշմարտությունը, ընդ որում՝ անընդհատ վերադառնում է բանակցային նախկին փաթեթներին, շարունակ մեղադրում նախկիններին, բայց անձամբ է խոստովանում, որ ցանկացած հարցում, եթե փորձում են Ադրբեջանի հետ ինչ-որ կոմպրոմիսի գալ, վերջինս հրաժարվում է: 

Ադրբեջանն ապակառուցողական էր այն ժամանակ, երբ հաղթող կողմը մենք էինք, ապակառուցողական է նաև հիմա: Հարցն այն է, թե մենք որքանո՛վ կկարողանանք դիմադրել և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատում: 

Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ մի կողմից Փաշինյանը խոստովանում է, որ իրենց հռչակած խաղաղության օրակարգը, ըստ էության, ձախողվում է, իսկ մյուս կողմից՝ չի էլ նշում, թե ինչ են անում բանակի արդիականացման համար, կամ ինչու մինչև հիմա գլխավոր շտաբի պետ չունենք և այլն:

– Իսկ Ադրբեջանում և՞ս այդ խաղաղության օրակարգը ձախողված են համարում, տիկի՛ն Հայրապետյան:

– Իրենց ասած «խաղաղությունը» բովանդակություն ունի: Նրանք դեռ 2021 թականի օգոստոսին էին հստակ ձևակերպել իրենց խաղաղության տեսլականը: Դրա ներքո իրենք հասկանում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից, Հայաստանը Սյունիքով պետք է սուվերեն տարածք տրամադրի իրենց, ու հետագայում արդեն գալու է «անկլավների» թեման, որոնք արդեն ժամանակ առ ժամանակ դրվում են շրջանառության մեջ: Այսինքն՝ իրենք հստակ գիտեն, թե ինչ են պատկերացնում խաղաղություն ասելով: 

Ուշագրավ է, որ Ադրբեջանի փորձագիտական մակարդակում հստակ նշվում է, որ պետք է զորքեր մտցնել Սյունիք, այդ կերպ ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Այսինքն՝ ակտիվ տարվում է այդ քարոզչությունը՝ հնարավոր ռազմական ագրեսիայի մասով, բայց եկեք իրատես լինենք՝ այդքան հեշտ չէ ուղղակի ռազմական ագրեսիա կիրառել Հայաստանի դեմ:

Ամեն դեպքում, որքան էլ միջազգային իրավիճակը ծանր է, ու այդ գործիքակազմը փոքր-ինչ հարցականի տակ է դրված, այնուամենայնիվ կա ու ճիշտ աշխատանքի դեպքում շատ բան կարելի է փոխել: 

 – Ադրբեջանում արձանագրո՞ւմ են, որ խաղաղության իրենց օրակարգին Հայաստանի Հանրապետությունը դեմ է:

– Արձանագրում են, որ չի համաձայնում «միջանցքին», բայց հանրային ու քաղաքական ճնշումը հիմնականում այն ուղղությամբ է, որ Հայաստանը պետք է ընդունի, որ դա լինելու է: 

Ադրբեջանի քաղաքականությունը հետևյալն է. շարունակ ստեղծում են նոր խնդիրներ, որոնց ներքո մոռացվում են հները: Ամբողջ ներուժը, որը պետք է ծառայեցվեր, օրինակ՝ Արցախի հիմնահարցին, հիմա ուղղել են այս խնդրին, մի որոշ ժամանակ հետո կուղղվի, օրինակ՝ «անկլավներ» ասվածին: Այսինքն՝ իրենք հերթով օրակարգեր են թելադրում ու ստիպում, որ դու հարկադրված արձագանքես դրանց: 

Հայաստանը որևէ օրակարգ չի թելադրում, չունի էլ օրակարգ: Այն ծրագրերը, որոնցով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, դրեց մի կողմ ու հորինեց նորերը՝ նշաձողի իջեցման, հնարավոր հետքայլերի մասին հայտարարություններ, խաղաղություն՝ կորուստների գնով, ինչպես Փաշինյանն է նշում, ու՝ չերաշխավորված խաղաղություն: 

Եթե Նիկոլ Փաշինյանը փակուղու մեջ է ու չունի լուծումներ՝ չի նշանակում, որ այս երկրում չկան մարդիկ, որ լուծումներ չունեն: Երբ զգում է, որ իր վարած քաղաքականությամբ փակուղու առաջ է կանգնեցրել երկիրը, սկսում է նորից նախկիններին հիշել: Հասկացանք, եթե նախկինների հետ կապված խնդիրներ չլինեին՝ 2018-ի հեղափոխությունը չէր լինի: 

– Համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի մասին հանրությանը տեղեկացրեց, որ նախապատրաստի հնարավոր նոր զիջումների:

– Միանշանակ, ես նման կարծիք նաև նախկինում եմ արտահայտել: Փաշինյանի ամեն մի ելույթ, ասուլիս հոգեբանական ահաբեկչություն է սեփական հանրության նկատմամբ, այլ ոչ թե խոսակցություն քաղաքացիների հետ, ինչպես փորձում են ներկայացնել: Տեսեք՝ մի կողմից ասում է՝ չի հաջողվում մեր օրակարգը, Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ ինքը ոչինչ չի անում ու չի էլ պատրաստվում անել, որպեսզի դրանց դիմակայի, հետո ասում է՝ բա ի՞նչ անենք: 

Պետության ղեկավար լինելը հսկայական պատասխանատվություն է, որի գիտակցումն ընդհանրապես ես չեմ նկատում: Ինչպե՞ս կարելի է ասուլիս տալ ու հայտարարել, որ փակուղու մեջ ես դրել սեփական պետությունը, ու դա չունենա հետևանքներ: 

– Տիկի՛ն Հայրապետյան, նմանօրինակ հայտարարությունները, երբ երկրի ղեկավարն ինքն է հայտարարում, որ փակուղու առաջ է, ի՞նչ արձագանք է գտնում թշնամական պետությունում:

– Կարող եմ ասել, որ քարոզչական-տեղեկատվական առումով հսկայական նյութ է նետվում դաշտ պատերազմի սպառնալիքով: Այսինքն՝ մյուս կողմից էլ իրենք են այդ ահաբեկող նյութերը տարածում, որ, օրինակ՝ գալիս ենք, հասնում ենք Զանգեզուր, իսկ հայ հանրությունը չի հասկանում՝ ի՞նչ անի, վեր կենա գնա՞ սեփական երկրից:

– Ադրբեջանը ցանկացած պահի պատրա՞ստ է ռազմական գործողությունների:

– Դա նաև կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից: Գիտեք, որ նույն «միջանցքի» հետ կապված Իրանն ունի հստակ դիրքորոշումներ, որոնք այս պահին էլ անփոփոխ են մնում, չնայած այն հսկայական աշխատանքներին, որ տանում են թուրքական ու ադրբեջանական կողմերը: 

Խնդիրն այն է, թե մե՞նք ինչ ենք անում: Պատերազմի ավարտից շուտով երկու տարի կլրանա, մենք մեր տնային աշխատանքն ընդհանրապես չենք արել, զբաղված ենք նախկին-ներկա քննադատելով ու ինչ-որ անիմաստ դիսկուրսներով: Շատ թանկ ժամանակ ենք կորցնում, հետո նստում, բողոքում, որ մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանությունից:

– Ստեղծված իրավիճակի համար գործող իշխանությունը լուծումներ ունի՞:

– Բնականաբար այդ լուծումը չունեն, և իմ խնդիրներն էլ ժամանակին դրա հետ են կապված եղել, երբ իրենք ասում էին, որ պետք է գնալ կարգավորման ճանապարհով, ու դա պետք է անել Հայաստանի ու Արցախի կենսական շահերի հաշվին, ես նույն խոսակցությունը նաև Նիկոլ Փաշինյանի հետ եմ ունեցել ու ասել, բայց պարզ չէ՞, որ հաջորդը Սյունիքն է լինելու: 

Նա շատ լավ դա գիտեր ու հիմա էլ գիտի, ուղղակի հարմար է համարել այս պահին հայտարարել ու մարդկանց նախապատրաստել հնարավոր հերթական հետքայլերի, որ մարդիկ էլ ասեն՝ կանխում է պատերազմը, բայց դրանով պատերազմը չի կանխվում, ընդհակառակը՝ ավելի է տեղափոխվում Հայաստանի տարածք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am