Նախորդ շաբաթ Ստոկհոլմում ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրված հանդիպումը տեղի չունեցավ։ Պաշտոնական Երևանը ձախողված հանդիպման պատճառների մասին շատ բան չի հայտնել, արտգործնախարարության խոսնակը միայն հայտարարել էր, թե «հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպումներից»։ Բաքուն, որպես պատճառ, բերել էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ստեփանակերտ։
Չկայացած հանդիպման և դրա հետևանքների մասին Factor.am-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։
-Պարո՛ն Բաբայան, նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանական կողմը «բոյկոտեց» ԵԱՀԿ նախարարարական համաժողովի շրջանակում նախապես պլանավորված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ պատճառ բերելով հայաստանյան խորհրդարանականների այցը Արցախ։ Այդ ցուցադրական քայլը ի վնաս մե՞զ, թե՞ ի վնաս իրենց է աշխատելու։ Աշխարհն ինչպե՞ս կարձագանքի դրան, կարո՞ղ է դա դառնալ պատճառ, որ այլևս այստեղից Արցախ այցեր չլինեն։
–Ադրբեջանի կողմից նման քայլը սպասելի էր։ Հանդիպումը համընկել է այցի հետ, դրա համար չեղարկել են, բայց այն, որ Ադրբեջանը ուզում է ամեն գնով կտրել Արցախի կապը և՛ Հայաստանի, և՛ արտաքին աշխարհի հետ, պարզից էլ պարզ է։ Մենք պետք է հասկանանք, որ իրենք դիմելու են տարբեր հնարքների, տարբեր ձևերով փորձելու են խոչընդոտել Արցախի հետ արտաքին աշխարհի կապը։ Ինչո՞ւ են այդպես անում․ պատճառն անհայտ է՝ ցանկանում են, որ հայաթափվի Արցախը, չզարգանա, այստեղ որևէ ներդրում չլինի և այլն։ Այդպես նրանք կարող են մի օր կուլ տալ Արցախը։
-Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կարո՞ղ է հասնել իր այդ նպատակին։
-Կախված է մեր աշխատանքից․ մենք էլ պետք է համառորեն հակառակ քայլերը ձեռնարկենք և կարողանանք հասնել մեր նպատակներին։
-Ամիսներ առաջ էր հայտարարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան, այդ թվում՝ Արցախ այցի մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո էր ասել այդ մասին։ Բայց այն սեպտեմբերից հետո մինչ այս պահը տեղի չի ունեցել։ Կարո՞ղ ենք ասել, որ մինչ այս պահը Ադրբեջանը կարողանում է հասնել իր առջև դրված նպատակներին։
–Ժամանակը ցույց կտա։ Միայն մեկ հետաձգված այցը չի կարող չափանիշ լինել։ Բայց այն, որ Ադրբեջանը, ըստ ամենայնի, փորձելու է հասնել նրան, որ Արցախի կապը կտրի նաև միջազգային կառույցների հետ, նաև խոչընդոտի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներկայացուցիչները գան տարածաշրջան, միանշանակ է։ Դա անելու է՝ բարձրացնելով հարցը, թե ինչպիսի երթուղով պետք է այցելությունը լինի, վերջացրած տարբեր այլ տեսակի սադրանքներով, հրադադարի ռեժիմը խախտելով։ Սա Ադրբեջանի ոճն է, և մենք պետք է դրան պատրաստ լինենք։
-Ձեզ բացատրե՞լ են, թե ինչու այցը չի կայանում։
–Նրանք ասում են՝ կայցելեն, մենք էլ սպասում ենք։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում իր ենթադրությունն էր ներկայացրել, որ Ադրբեջանն է խոչընդոտում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելի տարածաշրջան։ Ստացվում է, որ Ադրբեջանը խոչընդոտում է համանախագահության այցը ոչ միայն Ստեփանակերտ, այլ նաև Երևան։
–Այո՛, Ադրբեջանը փորձելու է դա անել։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք մինչև վերջ։
-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը գործընթացներից դուրս մղելն է։
–Իհարկե՛, նրանց նպատակներից մեկը դա է, որ ցույց տան, որ տեսեք՝ Արցախյան հիմնախնդիր չկա, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է և այլն։ Կամ էլ փորձում են այնպես անել, որ իրենցից կախված լինի այդ ձևաչափի գոյությունը։ Կապրիզներով, շանտաժներով և այլ ձևերով փորձում են ցույց տալ, որ երբ իրենք չեն ուզում, այդ խումբը չի գալիս և այլն, և այլն։
-ԵԱՀԿ Մինսկի խումբը արտգործախարարների չկայացած ստոկհոլմյան հանդիպումից հետո հայտարարություն տարածեց, որով իր ափսոսանքն էր հայտնում այդ կապակցությամբ։ Արդյո՞ք համանախագահությունը լծակներ չունի Ադրբեջանի վրա ազդելու, չի՞ կարող չգնալ ադրբեջանական կողմի կապրիզներին ընդառաջ։
–Դա կախված է նրանից, թե ինչպիսի աշխատանք են տանում կողմերը։ Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ նվազագույնի հասցնենք թշնամիների գործողությունները և կարողանանք հասնել մեր շահերի պաշտպանությանն ու առաջխաղացմանը։
-Արցախից այս պահին ինչ-որ բան կախվա՞ծ է։
–Իհարկե՝ կախված է։ Արցախը մենք պետք է դիտարկենք որպես սուբյեկտ, որպես լինելիություն։ Մնացած ձևաչափերը, արարողակարգային հանդիպումները, այցերը միասին պետք է անենք։
-Վերջերս Սոչիում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը և դրան հետևած հայտարարությունն ինչի՞ մասին էին․ այնտեղ կա՞ր Արցախին վերաբերող ինչ-որ մաս, թե՞ Արցախը մնում է գործընթացներից դուրս։
–Արցախը չի կարող գործընթացներից դուրս մնալ․ սա ամենակարևոր խնդիրն է։ Պարտադիր չէ, որ ամեն մի հայտարարության մեջ նշված լինի։ Այն, որ քննարկում էր, չէին կարող շրջանցել հարցը։ Սա ամենաբարդ հարցն է։ Դրա համար են ասում, որ հակամարտությունը լուծված չէ, ժամանակ է պետք, ամենաբարդ խնդիրների շարքին է այն դասվում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում