ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բայդենն ասել է Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական ուղերձում:

«Իմ վարչակազմն աշխատելու է Ադրբեջանի հետ ընդհանուր անհանգստություն առաջացնող այնպիսի հարցերի լուծման համար, որոնք կապված են անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորման, խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ հանուն բարօրության և խաղաղ ապագայի»,- ասվում է Բայդենի ուղերձում:

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ իր ադմինիստրացիան աջակցում է Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը և տնտեսության դիվերսիֆիկացիային ուղղված Ադրբեջանի ջանքերին: «ԱՄՆ-ն մտադիր է ուսումնասիրել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները»,- նշվում է ուղերձում: