«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը
– Պարո՛ն Հարությունով, ի՞նչ զարգացումներ, շարժեր կան անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա համեմատ։
– Տարին նոր է սկսվել ու շուտով կփակենք առաջին եռամսյակը։ Անցած տարին աննախադեպ էր առաջնային շուկայի համար, խոսքը նորակառույց շենքերում վաճառվող բնակարանների մասին է: Աննախադեպ էր, քանի որ դա այդ սուբսիդավորվող օրենքի վերջին տարին էր Երևան քաղաքի համար։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք պլանավորել էին բնակարան գնել 2025-26 թվականներին, ամեն ինչ արեցին, որպեսզի 2024-ին գնեն, որ կարողանան օգտվել այդ օրենքից։ Սրանով էլ պայմանավորված՝ գործարքների թիվը բավականին մեծ էր ու ակտիվ, կարծում եմ, որ առաջիկա տարիներին դժվար թե նման աժիոտաժ ունենանք, քանի դեռ չունենք սուբսիդավորվող օրենք կառավարության կողմից։
Փորձը ցույց տվեց, որ նմանատիպ օրենքներ էլի կան, բայց վաղուցվանից չէին վերագործարկվել, որոնք ահագին նպաստում են շուկայի ակտիվացմանը։ Այս տարվա առաջին եռամսյակի առաջին երկու ամիսը բավական պասիվ էր, թեև բոլոր տարիներին էլ առաջին եռամսյակը սովորաբար պասիվ է լինում։ Եղան մարդիկ, որ սկսեցին ասել, թե շուկան պայթում է, բայց մարտ ամսից սկսվեց ակտիվությունը ու հենց առաջնային շուկայում։
Կա երկու հանգամանք․ առաջնային շուկայում կառուցապատողները վերաձևակերպեցին իրենց առաջարկները, այսինքն՝ մինչ այս մարդիկ առաջնային շուկայից գնում էին հիփոթեքով, մոտ 30-40 տոկոսն էր տարաժամկետով կամ կանխիկով գնում, հիմա արդեն մեծ մասը սկսում է այդ միջոցով գնել, քանի որ կառուցապատողներից շատերը մոտ 5-10 տարի տարաժամկետ վճարման հնարավորություն են տալիս գնորդներին։ Ստացվում է, որ դա դառնում է անտոկոս հիփոթեք, այսինքն՝ եթե ժամանակին վճարում էին, օրինակ՝ ամիսը 300-400 հազար հիփոթեքին, բայց մեծ մասը՝ տոկոսներին, հիմա վճարում են կառուցապատողներին, ոչ մի ավելի տոկոս էլ չեն վճարում։
Կառուցապատողները սկսել են նոր նախագծեր առաջարկել երևանամերձ տարածքներում, որտեղ առաջիկա երկու տարիներին՝ այս ու մյուս տարի, գործելու է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։
Երկրորդային շուկայում կա մի փոքր պասիվություն, որովհետև շուկան այս վերջին երկու-երեք տարիներին ահագին տրանսֆորմացիայի ենթարկվեց:
2022 թվականից սկսած՝ մի պահ, շատ մեծ ակտիվ պահանջարկ կար՝ պայմանավորված Հայաստանում այդ մեկ-երկու միգրացիոն հոսքերով։ Այդ ակտիվությամբ պայմանավորված՝ գները մի պահ ահագին բարձրացան, հետո, երբ երկրորդային շուկայի մասով պահանջարկը այդ ժամանակահատվածի համեմատությամբ սկսեց նվազել, սեփականատերերը մի քիչ դժվարությամբ հարմարվեցին այդ իրավիճակին, այսինքն՝ չլսելով մասնագետներին՝ գույքի համար սահմանեցին նախկին բարձր գները, որոշ ժամանակ անց նոր հասկացան, որ սխալվել են։ Սա է երկրորդային շուկայի խնդիրը, որ ի տարբերություն կառուցապատողների՝ սեփականատերերը պակաս ճկուն են առաջարկներ ներկայացնելիս։
– Գների մասով նվազմա՞ն, թե՞ բարձրացման միտում կա։
– Գների տրանսֆորմացիան տեղի է ունենում ըստ պահանջարկի․ առաջնային շուկան բավականին պահանջված է՝ բացի եկամտային հարկի վերադարձի օրենքից, այստեղ հիմնականում քաղաքաշինական նախագծեր են, որոնք ֆունկցիոնալությամբ ավելի լավն են, քան հին շենքերը, ու ավելի գրավիչ են դառնում մարդկանց համար։
21-րդ դարի մարդն իր պահանջմունքներով տարբերվում է 20-րդ դարի մարդուց, իսկ այդ շենքերի մեծ մասը 20-րդ դարում են կառուցվել։ Սրան գումարվում է սուբսիդավորման հնարավորությունը, ու առաջնային շուկայի համար պահանջարկն ավելի մեծ է լինում։
Հիմա երկրորդային շուկայում ունենք մեկ սուբսիդավորվող ծրագիր, որը կոչվում է «Բնակարան երիտասարդներին», եթե չեմ սխալվում՝ դրա վերջին վերագործարկումն արվել է մի 15-20 տարի առաջ, այսինքն՝ գնային քաղաքականության պարամետրերով այսօր Երևանում մարդիկ չեն կարող գույք գտնել։ Հիփոթեքային վարկերը երկրորդային շուկայում 12,5-14,5-15 տոկոս են, իսկ դա այնքան էլ հարմար չէ գնորդների համար։
Մեր շուկան նաև պահանջարկ ունի դրսից, որովհետև ի տարբերություն այլ երկրների՝ այստեղ մարդկանց չեն ճնշում մաշկի գույնի, կրոնի կամ այլ պատկանելության համար, բայց մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ կարողանանք մեր գույքը բրենդավորել միջազգային շուկաներում, ինչը կխթանի մեզ մոտ կառուցապատումը։
Երկրորդային շուկայում 2023-2024 թվականների համեմատությամբ գների նվազում կա, դա նորմալ է, իսկ որ դա ներկայացնում են շուկայի փլուզում, կատաստրոֆա, այդպես չէ։ Այդ տարիներին, պահանջարկի ֆոնին, գները բարձրացան, իսկ հիմա գնում են կարգավորման՝ ելնելով պահանջարկից։ Վարձակալության շուկան ևս այդ ժամանակահատվածում ուներ շատ մեծ պահանջարկ, հիմա պահանջարկը եկավ իր բնականոն վիճակին։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















