Հյուսիսային պողոտայի «բնակիչները»

Հյուսիսային պողոտայի «բնակիչները»
Հյուսիսային պողոտայի «բնակիչները»

Պողոտայի բնակիչները միայն բնակարաններում ապրողները չեն։ Պողոտան ունի իր դրսի բնակիչները՝ առանց սեփականաշնորհման վկայականների։ Նրանք միշտ պողոտայում են, համարյա միշտ և, ուրեմն, ապրում են այդտեղ՝ երբեմն ակամայից կազմելով ժամանակակից Հայաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական խնդիրների հանրամատչելի ու պատկերավոր կենդանի ձեռնարկը։ Իրենք այդ մասին չգիտեն, իրենք սովորական օր են անցկացնում Հյուսիսային մեծ պողոտայում։

-Մեջքքո՛րիչ, քո՛րքոտի ապա՛րատ, գլխի մասա՛ժոր,- լոռու հնչերանգով՝ շեշտը նախավերջին վանկի ձայնավորի վրա…

Հյուսիսային պողոտայի մեծ հանրախանութի՝ իրենք իրենց բացվող դռների մոտ, բոլոր տոներից առաջ, բայց հատկապես նոր տարվա շեմին, վաթսունին մոտ կամ ավելի ջահել տղամարդը վաճառքի է հանում այս իրերը ու լոռու տաք շեշտով գնորդ գրավում։ Գնորդը չի գայթակղվում։

Նոր տարվա շեմին հսկա խանութից գնորդները սայլակների մեջ տանում են մեկ լիտրանոց ապակե տարաներով մանուշակագույն ձիթապտուղ՝ քսան հատ, սև խավիար՝ ութ հատ, իտալական սալյամի՝ չորս հատ… Իսկ մարդը լոռեցու համառ խաղաղությամբ, առանց ջղաձգվելու կանչում է՝ մեջքքորիչ, քորքոտի ապարատ, գլխի մասաժոր։

Երբեմն ձյուն է գալիս, երբեմն՝ անձրև, մեկ-մեկ ուժեղ շոգ է լինում։ Ու ոչ ոք չի ուզում քորել սեփական մեջքը կամ ձմեռային բրդյա շորերի վրայից հանել քորքոտած թելերը, որովհետև նրանք այդ շորերն ուղղակի թափում են կամ տալիս որևէ վատ ապրողի։ Գլխի մասաժոր էլ չեն ուզում՝ չգիտես ինչու։ Ա՛յ, գլխի մասաժորը պետք է որ վաճառվեր, բայց երևի էլեկտրականն ունեն, իսկ մարդը մեխանիկական է վաճառում։ Ձյունը թափվում է նրա ուսերին, ձմեռային բաճկոնի գույնը ամբողջ ուսերի հատվածով թրջվելուց փոխվում է, իսկ ինքը նույն համառ հանգստությամբ կանչում է՝ մեջքքորիչ, քորքոտի ապարատ, գլխի մասաժոր՝ շեշտը նախավերջին վանկի ձայնավորի վրա։

Մի քիչ Պատրիկյանի կերպար ստացվեց՝ Նար-Դոսի «Նեղ օրերից մեկի», բայց՝ չէ՛, այս մարդը հուսահատ չէ, ինքը տուն ունի, ընտանիք, մի փոքր էլ գործ երևի, իսկ այս մեկը հնարել է տոներից առաջ մի երկու կոպեկ աշխատելու հույսով։ Սա Հայաստանն է՝ չհուսահատվող ձեռներեցությամբ ու տուն պահելու ուժեղ գաղափարով։

Պողոտայի մյուս բնակիչը գեղեցիկ է, գրավիչ, բարակիրան,երկար մազերով, մոխրագույն աչքերով։

Նրան բոլորը գիտեն՝ ովքեր այդ հատվածում աշխատում, ապրում կամ ամեն օր անցնում են պողոտայով։ Նրան գիտեն պողոտայում պարեկապահակետային ծառայության բոլոր ոստիկանները։ Ինքը բարձր է խոսում, իսկ երբեմն ուղղակի բղավում է, երբ մի բանից նեղված է լինում։

Սկսում է գոռալ ու խնդրել, որ տուն տան, որ թույլ տան Հայաստանից գնալ։ Լիբանանահայ աղջիկ է։ Երբ հանգիստ է՝ երգում է, ոչ շատ լավ, բայց երգում է։ Իսկ հիմնականում շատ հուզված է, ջղագրգիռ ու վերջում՝ տխուր։ Մի օր երեկոյան ինչ-որ բանից էլի ափերից դուրս եկած բղավում էր. «Մարալը աղվոր էր, մաշկը փափուկ էր, գիտցած եղեք՝ ի՜նչ տղաք կուզեին Մարալը, առանց ակռայի գիժ, դուն ո՛վ ես որ ինձի ըսես եկուր ամուսնանանք։ Քեզ խենթանոց տանել պիտի տամ»։ Ու բղավում էր ամբողջ պողոտայով ու լաց լինում։ Երբ մոտենում են՝ սկզբում թշնամաբար է ընդունում, իսկ հետո հանդարտվում է, եթե լավ է տրամադրված մոտեցողը։

Մեկն ասում է՝ բա դու որտեղ ես լողանում, քնում, ասում է՝ հոթել կա, վեց հազար տալիս եմ ու մի քանի ժամով համար վերցնում։ Ինքը միշտ մաքուր է, շորերը մաքուր ու խնամքով։ Հարցնողն ասում է՝ բայց հոթելը թանկ է, ինչու հոսթել չես գնում՝ ավելի էժան է։ Աղջիկը նայում է ոտքից գլուխ ու հպարտ ասում՝ «հոսթելը լավ է նե, դուն գնա հոն։ Ես հոսթելը լավ գիտեմ ինչ է, հոթելն ալ գիտեմ ինչ է»։

Ասում է՝ հայրը Լիբանանում հայտնի դերձակ է եղել, անվանի մարդկանց հագուստ է կարել։

Երբ խաղաղվում է՝ երգում է։ Երգելիս մրցակցություն է ծնվում։ Հյուսիսային պողոտայի երգողները շատ են։ Բայց նրանց մեջ Ադրբեջանից տեղահանված մայր ու աղջիկ կան։ Մայրը արդեն տարիքն առել է՝ վաթսունն անց է, բայց ունկնդիր գրավելու համար արտառոց զվարթ շպարով, Նոր տարուն նեղ, սպիտակ տրիկոյով, սպիտակ, արհեստական բամբակից կիսամուշտակով ու արծաթագույն հյուսերով Ձյունանուշիկ է ներկայանում։ Անցորդները կանգնում նկարում են՝ հավանաբար նրանց զվարճալի է թվում։ Հետո լիբանանահայուհին ու ադրբեջանահայուհին մրցակցում են, թե ով երգի։

Ադրբեջանից տեղահանվածը երգում է ռուսական էստրադայի գերզվարթ ու լավատեսական երգերից, լիբանանահայը՝ ազգային- ազատագրական։ Հիթ շքերթն ավարտվում է վեճով։

Ազատագրական երգեր երգողը վերջում Պիաֆից մի բան է երգում, տխրում, շատ տխրում ու կատաղում բոլորի վրա, սկսում պատմել իր բարեկեցիկ անցյալի մասին, մարդիկ հավաքվում են, հարցեր տալիս, իսկ Ադրբեջանից տեղահանված կինը, բացարձակ անմասն շուրջը կատարվող սոցիալ-մշակութային, աշխարհաքաղաքական ողբերգություններին, շարունակում է երգել.

«Մեդլեննո մինուտի ուպլըվայուտ վ դալ, վստրեչի ս նիմի տի ուժե նե ժձի, ի խոծյա նամ պռոշլոյե նե մնոգո ժալ, լուչշեե կոնեչնո վպեռեձի»…

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am