Իտալիան առաջարկել է Սեուտայի միգրացիոն ճգնաժամի պատճառով սահմանափակել Իսպանիայի մասնակցությունը Շենգենյան գոտուն

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ կողմ է Իսպանիայի հետ Շենգենյան ազատ տեղաշարժի ռեժիմի սահմանափակմանը՝ Սեուտայում ստեղծված միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Նրա խոսքով՝ անկանոն և չվերահսկվող միգրացիան սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Տայանին նաև քննադատել է Իսպանիայի կառավարության՝ երկրում բնակվող հարյուր հազարավոր անկանոն միգրանտների կարգավիճակը օրինականացնելու ծրագիրը՝ պնդելով, թե այն կարող է խրախուսել մարդկանց ապօրինի տեղափոխմամբ զբաղվող ցանցերին։ Իսպանական կողմը հերքել է այդ կապը՝ ընդգծելով, որ Սեուտա վերջին օրերին հասած մարդիկ չեն կարող օգտվել օրինականացման ծրագրից, քանի որ այն վերաբերում է միայն ավելի վաղ Իսպանիայում բնակված անձանց։

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կանչել է Մադրիդում Իտալիայի դեսպանին և Տայանիի հայտարարությունը որակել «կուսակցական դեմագոգիա»։ Նա նշել է, որ գործընկեր և բարեկամ երկրից Իսպանիան ակնկալում է եվրոպական համերաշխություն։

Իտալիայի դիրքորոշումը հնչել է այն բանից հետո, երբ Մարոկկոյից հազարավոր մարդիկ մտել են Սեուտա՝ հիմնականում ծովով լողալով կամ սահմանային պատնեշները շրջանցելով։ Քաղաքի ընդունման համակարգը գերբեռնվել է, իսկ Սեուտա հասնելու փորձի ժամանակ առնվազն 18 մարդ է մահացել։

Իսպանական իշխանությունները պնդում են, որ ճգնաժամը կապված է Գերագույն դատարանի որոշումը մարդկանց ապօրինի տեղափոխմամբ զբաղվող խմբերի կողմից շահարկելու հետ, ոչ թե կառավարության միգրացիոն քաղաքականության։ Մադրիդը նաև հայտնում է, որ շարունակում է սերտ համագործակցությունը Մարոկկոյի հետ՝ սահմանը վերահսկելու և անօրինական մուտք գործած մարդկանց վերադարձի ուղղությամբ։

Իտալիայի կոշտ արձագանքը պայմանավորված է նաև նրանով, որ Ջորջա Մելոնիի կառավարությունը միգրացիայի հարցում խիստ քաղաքականություն է վարում և Իսպանիայի ավելի մեղմ մոտեցումը վտանգ է համարում ամբողջ Շենգենյան գոտու համար։ Հռոմում մտահոգված են, որ Իսպանիա մուտք գործած մարդիկ հետագայում կարող են ազատ տեղաշարժվել ԵՄ մյուս երկրներ։ Միաժամանակ այս դիրքորոշումն ունի նաև ներքաղաքական նպատակ՝ Մելոնիի կառավարությունը Սեուտայի ճգնաժամն օգտագործում է ԵՄ-ում ավելի խիստ միգրացիոն քաղաքականություն առաջ մղելու համար։