Եռակողմ պայմանավորվածություններում «Զանգեզուրի միջանցք» երբեք չի քննարկվել․ Լավրով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում երբեք չի քննարկվել «Զանգեզուրի միջանցքը»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գերատեսչության 2023 թ․ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։

Լավրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին օրերի հայտարարություններին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հաստատման վերաբերյալ։

«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերել նախագահ Պուտինը, նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ըստ նշված հայտարարության ՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվելու են, և Հայաստանը երաշխավորելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացվելու է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։

Լավրովի խոսքով՝ երեք երկրների փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում որոշվել է, որ բոլոր կապերի ու երթուղիների ապաշրջափակման դեպքում այն երկրները, որոնց տարածքով անցնում է տվյալ ապաշրջափակված երթուղին, լիովին պահպանում են իրենց տարածքում գտնվող այդ երթուղիների հանդեպ ինքնիշխանությունն ու իրավասությունը:

«Եռակողմ աշխատանքային խմբում դեռ 2023 թ․ հունիսին փոխվարչապետների մակարդակով պայմանավորվել են այն մասին, որ վերսկսվի նախ երկաթուղային տրանսպորտի հաղորդակցությունը», – ասել է Լավրովը։

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ դա համաձայնեցվել է, այնուհետև քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ վերջինս ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում այցելել էր Երևան։

«Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես դա ընդունվեց շատ, շատ դրական, բայց հետո ամեն ինչ անցավ․․․ Թե ինչը խանգարեց Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև հաղորդակցության բացման պայմանավորվածությունների իրագործմանը, չգիտեմ», – ասել է Լավրովը։