«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։
– Տիկի՛ն Կարապետյանց, Կառավարությունում երեկ քննարկում է տեղի ունեցել այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ: Այս պահին դուք ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում, որքանո՞վ է իշխանությունն ուշացած արձագանքում բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերին։
– Միանշանակ գտնում եմ, որ լուծումներն ուշացած են։ Մենք կարող էինք չունենալ այդքան զոհեր, եթե ժամանակին արձագանք լիներ։ Վստահաբար կարելի է ասել, որ հեղափոխությունից անմիջապես հետո, երբ ձևավորվեց խորհրդարանը, և մենք ունեինք բացառիկ լեգիտիմ խորհրդարան և բացառիկ լեգիտիմ կառավարություն, կարող էինք այդ հարցերին լուծում տալ, որովհետև կան հարցեր, որոնք առաջնային են։
Մեր իշխանությունները, այո՛, տալիս են որոշակի լուծումներ, բայց նրանք բարձրաձայնում են ոչ առաջնային խնդիրները։ Վստահաբար կարող ենք ասել, որ բանակում վարտիքի, հագուստի, սննդի հարցն առաջնային չէր, բանակում անվտանգության հարցը թիվ մեկ խնդիրն է, և այդ հարցին պետք է լուծում տրվեր։
Ցավում եմ, որ մենք հեղափոխական մոտեցումներ չունենք ոչ մի հարցում, այդ թվում նաև՝ բանակը վերափոխելու հետ կապված։ Որևէ մեկը չի խոսում բոլորին աշխատանքից հեռացնելուց, բոլորին անխտիր քրեական պատասխանատվության ենթարկելուց, բայց առնվազն գոնե այն դեպքերում, որտեղ տասնամյակով արձանագրում ենք խնդիրներ առանձին զորամասերում, առանձին իրավիճակների հետ կապված, անհապաղ պետք է լուծումներ տրվեին վերջին մեկ տարվա ընթացքում։
Օրինակ՝ պետք է լինեին կադրային փոփոխություններ, ծառայությունից հեռացումներ այն մարդկանց, ում ենթակայության ներքո սպանությունների ամենամեծ թիվն է լինում։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կան զորամասեր, որտեղ բռնության, ծեծի, սպանությունների, ինքնասպանությունների առավել մեծ թիվ է գրանցվել։
Ոչ ոք չի ուսումնասիրել այդ ոլորտը, բոլորը կոչ են անում, հորդորում են բանակի մասին առհասարակ չխոսել, բայց դա անհնարին է։ Որովհետև բանակն առաջին հերթին մեր անվտանգության խնդիրն է, երկրորդ՝ մեր երեխաների, մեր ապագայի խնդիրն է։
Հետևաբար, թիվ մեկ խնդիրն անվտանգություն ապահովելն է բանակում, նաև հանցավոր, կրիմինալ բարքեր կրող նախևառաջ սպային այդտեղից հեռացնելն է, որովհետև չի կարող կայացած համակարգում 18 տարեկան երեխան իր կանոնները թելադրել, եթե այդպիսի բարքերի կրող չեն սպաները։
Ես համոզված եմ, որ հնարավոր է փոփոխություններ կատարել, հնարավոր է դա անել շատ արագ, բայց դրա համար առնվազն կամք են պետք և պատկերացում։ Գոնե մեկ անգամ անհրաժեշտություն կա հանդիպել և այլընտրանքային տեսակետ լսել, ոչ միայն վարչապետը հանդիպի բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ նաև այն իրավապաշտպանների, այն փաստաբանների հետ, որոնք զբաղվում են բանակի գործերով, լսել նաև նրանց տեսակետը գործերի բացահայտումների, դեպքերի հետ կապված։
Վարչապետին միակողմանի տրված տեղեկատվությունը նրան մոլորության մեջ է գցում։
– Զինված ուժերի գլխավոր շտաբն էլ նախօրեին հայտարարություն տարածեց, որում կոչ էր անում բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից զերծ մնալ։ Ինչ-որ առումով նաև մեղադրանքներ կային պայքարողների հասցեին։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է այսօր արդեն հեղափոխությունից հետո բանակ-հասարակություն կապը ամրապնդել։ Ի՞նչ պետք է արվեր այս 1,5 տարվա ընթացքում, որ չի արվել։
– Նախ պետք է արձանագրենք երկու կարևոր ելակետային տվյալ։ Նախ՝ վարչապետը հայտարարեց, որ մարդկանց գլխում պետք է փոփոխություններ տեղի ունենան, և երեկվա հանդիպումից հետո գլխավոր շտաբի պետի կողմից նման հայտարարություն տարածելը նշանակում է, որ ոչ մեկի գլխում էլ փոփոխություն տեղի չի ունեցել։
Նրանք մնացել են իրենց նույն համոզմունքներին։ Իմ անունից կարող եմ հայտարարել, որ սրիկա է այն մարդը, ով հայտարարում է, որ անձամբ ես մանիպուլյացիայի եմ ենթարկում և օգտվում եմ առիթից և մեր երեխաների պահը շահարկում եմ կամ ինչ-որ անձնական, կամ PR-ի նպատակով եմ օգտագործում։
Կա, կարող է լինել ու պիտի լինի համագործակցություն։ Որևէ ողջամիտ մարդ չի ակնկալում, այդ թվում նաև` իրավապաշտպանները, որ մեզ հետ կկիսեն ռազմական գաղտնիքներ։ Մեզ ռազմական գաղտնիքներ պետք չեն, դրա համար կան պաշտոնյաներ, կան համապատասխան մարմիններ։
Մենք ընդամենը պահանջում ենք, որ և՛ նախկինում կատարված գործերով, և՛ սրանից հետո տեղի ունենալիք դեպքերի հետ կապված բաց քննարկում և տեղեկատվության տրամադրում այն բոլոր պաշտոնյաների վերաբերյալ, որոնք պատասխանատվության են ենթարկվել, եթե այդպիսիք կան։
Բոլոր գործերի դեպքում պետք է ներկայացվի, թե արդյոք այն համարվել է բացահայտվա՞ծ, թե՞ ոչ, ի՞նչ փոփոխություններ են կատարվում բանակում, որպեսզի այն ավելի ուժեղ լինի։
Ինչո՞վ կարող է հանրությունը, այդ թվում՝ իրավապաշտպանները օգտակար լինել, որպեսզի մեր բանակը ավելի հզորանա։ Մեր նպատակը բանակը թուլացնելը չէ, մեր նպատակը ինչ-որ մեկին թիրախավորելը չէ, մեր նպատակը մեկն է՝ ունենալ հզոր բանակ, պաշտպանված զինվոր։ Ուրիշ ոչ մի խնդիր մենք մեր առաջ չենք դնում։
– Որքանո՞վ են այս դեպքերը պայմանավորված քրեական ենթամշակույթով։ Ի վերջո, այդ ենթամշակույթն արմատախիլ անելու համար ի՞նչ մեխանիզմներ պետք է ընտրվեն։
– Այո՛, վարչապետը շատ ճիշտ է ասում, որ բանակում կան քրեական ենթամշակույթի տարրեր։ Դա փաստ է, որի մասին խոսել ենք նաև մենք։ Չի կարող պատահականություն լինել, որ բանտերում կա «զոն նայող», բանակում կա «չաստ նայող»։ Ու դա մինչև հիմա էլ կա։ Բանակում կան արտոնություններ ունեցող զինվորներ, բանակում կան կրիմինալ բարքեր կրող և՛ զինվորներ, և՛ սպաներ:
Բայց զինվորը չի կարող իր պայմանները, իր կարգերը, իր կրիմինալ մշակույթը թելադրել, եթե այդ մշակույթի կրողը սպան չէ։ Ցավոք, սրտի, սպաների համար ավելի հեշտ է կառավարել այդքան մեծ թվով մարդկանց, երբ որոշակի քրեական տարրեր կան։
Վարչապետի վեկտորը սխալ ուղղությամբ է եղել. դա նախևառաջ բանակին պետք է ուղղված լիներ, որովհետև բազմաթիվ սպանությունների, ինքնասպանությունների, ծեծերի բռնության մնացած դեպքերի հետ կապված նույն բարձրաստիճան սպաները հրաժարվում են իրենց զինակիցների, ծառայակիցների վերաբերյալ ցուցմունքներ տալուց։
Դրանով նրանք նպաստում են հետագայում նման հանցագործությունների կրկին կատարմանը։ Հետևաբար, առաջին պատասխանատուն այստեղ սպայական անձնակազմն է։ Մեր բանակում կա նաև փայլուն սպայական անձնակազմ, ես չեմ ուզում ասել, որ բոլորը կրիմինալ բարքերի կրողներ են։
Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ սպան պատրաստ է իր զինվորի համար անգամ իր կյանքը զոհել, բայց այն տարրերը, որոնք կան, կարողանում են մխտռել ամբողջ համակարգը։
Նախևառաջ պետք է կարողանալ ձերբազատվել այն մարդկանցից, որոնք չեն կրում հայրենիք, սպայի պատիվ, բանակ գաղափարները։
Մանե Հարությունյան
MediaLab.am