Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանությունները պատերազմական հանցագործություն են. ԵԽ պատգամավոր

Արցախի ապագա կարգավիճակը հստակեցնելու համար անհրաժեշտ է խնդրի երկարաժամկետ, բանակցային ու քաղաքական կարգավորում՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության,հավասար իրավունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ Ձախերի խմբակցության անդամ, իսպանացի պատգամավոր Պերնանդո Բառենա Արզան:

Նա արձանագրեց, որ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակումն ավարտվեց եռակողմ մի հայտարարությամբ, որն Ադրբեջանը չի հարգում և խախտում է:

«Շուրջ 200 հայեր շարունակում են գերության մեջ գտնվել Ադրբեջանում: Ադրբեջանցի զինվորականներն այս ռազմագերիներին սպանում են, ինչը համարվում է պատերազմական հանցագործություն:

Ժամանակն է, որ այս խորհրդարանը պահանջի Ադրբեջանից անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր այն հայերին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո, լիարժեքորեն հարգել հրադադարի համաձայնագիրը, զերծ մնալ հետագա ռազմական ներխուժումից հայկական տարածք»,- հայտարարեց իսպանացի պատգամավորը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք: