Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Հեղինակ MediaLab

Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: 

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր իրանցի գործընկերոջը Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: 

Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը` նախարար Մնացականյանը կարևորեց համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, հատկապես հարևան պետությունների միջև գործողությունների համակարգումը: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը և համավարակի դեմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը: 

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։