Շաղափիչի ու ռազմական ուղղաթիռների արանքում

Լուսինե Հովհաննիսյան

Շաղափիչի ու ռազմական ուղղաթիռների ձայների արանքում ամեն օր քաղաքն արթնանում է։

Շաղափիչը дрель-ն է, դրելը շաղափում է քաղաքը։

Մեկ շաբաթվա ընթացքում քաղաքն ականատես է լինում դեպքերի, որոնք նորմալ ապրելու հետ համատեղելի չեն։ 

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետն ասում է, որ 250 ադրբեջանցի զինվոր գտնվում է Սյունիքում։ Հետո քաղաքն իմանում է, որ զինվորները հետ են գնացել։ 

Այդ ընթացքում բացվում է Գեղարքունիքի Վերին Շորժա գյուղի մոտակայքում ադրբեջանցի զինվորների մասին լուրը։ Լուրը հերքվում է պաշտոնապես, հերքում են իշխանության ներկայացուցիչներն իրենց ֆեյսբուքյան էջերում։

Անմիջապես այդ լուրից հետո բարձրաստիճան պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում հայտնվում է հաղորդագրությունն այն մասին, որ «հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ սոցցանցերում տարածված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում»։ 

Բարձրաստիճան պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում երկու իրար հակասող, բայց հաստատուն լուրերը գոյություն են ունենում։ 

Ոչ մի անհարմարություն, ոչ մի սկանդալի մասին որևէ ակնարկ, բոլորն իրենց տեղերում են։

Հաջորդ օրը շաղափի ու ռազմական ուղղաթիռների ձայնի արանքում Երևանը սպասում է ստորագրվելիք փաստաթղթի նրբություններին, որի մասին արդեն երեք տարի, մեղմ ասած, ոչ կոռեկտության վարպետության դաս տված վարչապետը հայտնում է, որ փաստաթուղթն աշխատանքային է, և կոռեկտ չի համարում հրապարակել։

Այդ ընթացքում, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտնում է, որ «գալու է ժամանակը, և պատասխան են տալու, թե ում հրամանով են արգելել մեր զինվորներին կրակել»։ Նաև բացատրում է հետախուզության նրբությունները։

Երևանից թաքցվում են ստորագրվելիք փատաթղթի մանրամասները։ Քանի որ նորիշխանական թևում Երևանի ջահելները մարող, բայց դեռ գոյություն ունեցող ընկերության մեծ շրջանակ ունեն, բոլորը փորձում են մասնավոր կապերի միջոցով իմանալ կատարվելիքը, որովհետև շաղափի ու ռազմական ուղղաթիռների արանքում թրծված երևանցին արդեն ներքին ձայնով ու նոր զգայարանով զգում է սպասվելիքը։

Այս պայմաններում ընտրությունների պատրաստվող բոլորը պարզապես նման են պատանի հանդիսատեսի թատրոնի 50-ամյա դերասաններին, որոնք ներկայացման ժամանակ 14 տարեկանի դերում, կարճ շորտերի տակից բարձր տեստոստերոնի առկայության մասին վկայող ոտքերով, մի բարձր տեղից ցատկում էին՝ մոռանալով հիպերթենզիկ ճնշման ու խոցի մասին, ու սովետահայերենով, իբր կայտառ բղավում՝ նայիր, թե ինչ եմ գտել։

Մեր՝ արհեստական ֆեմինիզմով հագեցած տղամարդկանց երկիրը կործանվում է տղամարդկանց մանկական ամբիցիաների ու մեծ նկրտումների արանքում։ Ի վերջո, նույնիսկ ահռելի փողերը մանկական են այսպիսի իրականության հաշվին։

Գիծ քաշելու ժամանակն է։ Եթե ծանրակշիռ քաղաքական գործիչների մեջ կան մարդիկ, որոնք մտածում են պետության խորտակման մասին, այլ ոչ միավորմամբ ձայներ վաստակելու, ապա միավորվելու «լավագույն» պատճառը շատ ակտիվ է։ 

Գծել է պետք նախկին ու ներկա կյանքի մի ուշացած հոծ գիծ, միավորել դրսում բանակցողի վարպետություն ունեցողի հմտությունը, տնտեսության գիտակի կարողությունները, մոսկովյան կապեր տիրապետողին, արևմտյան ազդեցության ոլորտներ ունեցողին, զինվորական գործ իմացողին, որի նպատակը խստապահանջ, սովետական «ուստավից» զերծ, ծանրակշիռ բանակի ստեղծումը կլինի։ 

Պատանի քաղաքագետի խմբակների փոխարեն գործունեության որևէ փուլում մեծ սայթաքումներ ունեցած փորձառու գործիչների համախմբումը այսօր միակ իրական քայլն է, վիրավորվածությունները փառքով շոյելու բնավ որևէ ժամանակ չունենք։ 

Որպես ՀՀ քաղաքացիներ, գիտակ, թե անգետ, դաստիարակված, թե անդաստիարակ, կրթված, թե տգետ, միևնույն է՝ մի բնազդով բոլորը զգալու են այն գործիչներին, որոնց մեծ քայլը կփրկի Արարատյան դաշտում, անդունդի եզրին, վիհի առաջ կանգնած պետությունը։ 

Կգա երախտագիտության ժամանակը՝ կլինենք երախտագետ։ Այս անգամ՝ առանց անուններ վանկարկելու։ Որովհետև արդեն կլինենք մի հասարակություն, որը գալիս է անդունդի եզրից։ 

Իսկ մինչ այդ վարչապետի աթոռին հավակնող որևէ գործիչ չի հայտնել իր մտահոգությունը ստորագրվելիք փաստաթղթի մասին։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am