«Աստված չի փոխվում։ Այն էլ ինչպես է փոխվում։ Ինչպե՞ս գտնել Աստծուն, եթե նա շարժվում է։ Ճանապարհ ընկնել»

Լուսինե Հովհաննիսյան
Հեղինակ MediaLab

Խոսում են երկու Պապերը՝ Հռոմի Պապերը, «Երկու Պապ» հրաշալի ֆիլմում։ Պահպանողական Բենեդիկտոս Տասնվեցերորդն ու ռեֆորմատոր կարդինալ Բերգոլիոն՝ ապագա Ֆրանցիսկոս Պապը։

– Ես փոխվել եմ։

– Զիջումների եք գնացել։

– Ո՛չ, ես փոխվել եմ, դա այլ բան է։

– Փոփոխությունը զիջում է։

-Կյանքը, որ Բարձրյալն է մեզ պարգևել, զիջումներից է բաղկացած։

– Դուք բացահայտ հաղորդություն եք տալիս նրանց, ում արգելված է հաղորդություն տալ, ամուսնալուծվածներին՝ օրինակ։

– Բայց ես համոզված եմ, որ հաղորդության խորհուրդը պարգև չէ բարեգործներին, այլ սնունդ է քաղցածների համար։

– Այսինքն՝ կարևորը ձեր համոզմունքն է, այլ ոչ այն, ինչ դարերով սովորեցնում է Եկեղեցին։

– Ավետարան ըստ Մարկոսի, գլուխ Բ. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին»։ Ահա թե ինչ է սովորեցնում Եկեղեցին հազարամյակներով։

– Բայց եթե սահման չգծել․․․

– Եվ պատեր չկառուցել…

– Կարծես թե պատերը վատ բան են, տունը պատերով է կառուցվում, ամուր պատերով։

Հիսուսը պատե՞ր էր կառուցում։ Նա գթասրտության մարմնավորում էր։ Որքան մեծ է մեղքը, այնքան ջերմ է ընդունելությունը։ 

Հաղթում է Բերգոլիոն։ Նա է ընտրվում Պապ ու երիտասարդների հետ խոսում մարմնական սիրո աստվածային մեծ պարգև լինելու մասին ու փոփոխություն կատարում Տերունական աղոթքում, որովհետև Աստված չի կարող տանել փորձության։ 

Այդ նույն ժամանակաշրջանում Հռոմից շատ հեռու ու Հռոմից՝ ըստ սիրված ավանդության՝ մի քանի տարով մեծ Երևանի ընթերցվող թերթերից մեկը ԱԱԾ նախկին տնօրեն Գ․Կուտոյանի ենթադրյալ ինքնասպանությունից ու հուղարկավորությունից մի քանի օր անց դիմում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ՝ հարցում անելով, թե արդյոք կարելի՞ էր հոգեհանգստյան կարգ կատարել մի մարդու համար, որը, հնարավոր է՝ ինքնասպան է եղել:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պատասխանել էին. «Նման պարագայում, երբ դեռ կատարվում է հանգամանքների քննություն, ու ինքնասպանության վերաբերյալ վերջնական եզրահանգումներ չեն ներկայացվել՝ տվյալ ժամանակահատվածում մինչև հուղարկավորության արարողությունները եկեղեցին աղոթք է կատարում հանգուցյալի հոգու հանգստության և հարազատների մխիթարության համար»։

Երբ այս հարցն ու ապա՝ պատասխանը, ստատուսի տեսքով դրել էի «Ֆեյսբուքում», իմ հին լրագրող ընկերներից մեկը տակը մեկնաբանություն էր թողել, թե՝ «ծաղրո՞ւմ ես, եթե հումոր է՝ լավն է»։ Հումորը կյանքի իմ սիրելին է, բայց նաև ներքին կանոնադրությամբ գիտեմ, որ հումորի ու ծաղրի պատեհ դրվագ չէր դեպքը, որի մասին խոսվում էր, ու ես ընդամենը մեջբերում էի արել։

Հոգևոր հոտն ընկալեց իբրև ծաղր կամ հումոր այն, ինչ հնչել էր իբրև պատասխան-բացատրություն։ Ավելի շուտ՝ արդարացում։ Երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Տերունական աղոթքի տեքստում փոփոխություն է մտցնում ու զրուցում սեքսից՝ համարելով այն պարգև, մեր եկեղեցին դեռ վարանում է իր գոյության երկար ընթացքում զգալ հոգևոր հոտի մեծ վարանումը՝ առաջ ու հետ խարխափումի մեջ, և չի որոշում Հռոմի Պապից ոչ թե ավելի կաթոլիկ լինել, ինչպես սովորաբար սիրում է անել իր հոգևոր հոտը մնացած բոլոր հարցերում, այլ ականջալուր լինել աշխարհի հոգևոր նորությանը։

Արդարանում է, թե՝ դեռ հաստատված չէ, որ ինքնասպան է եղել, նախաքննություն է ընթանում։ Փաստորեն, հնարավոր էր նաև, ըստ հնչած տրամաբանության, սպասել մինչև քննության ավարտը, ապա նոր աղոթք անել ու հուղարկավորել… 2020 անիրական ու անծայրածիր թվականին։ 

Եկեղեցին արդարանում է, թե հարազատների համար ենք աղոթք արել, և մինչև հուղարկավորությունն ենք արել՝ հանգուցյալի հոգու խաղաղության համար։ 

Իսկ Ավետարանն ըստ Մարկոսի ասում է. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին»։ 

«Երկու Պապ» ֆիլմի հրաշալի երկխոսություններում Բենեդիկտոս Տասնվեցերորդ պահպանողական Պապն ասում է ապագա Պապին. «Ես չեմ լսում Աստծո ձայնը, ես պիտանի չեմ այս դերի համար»։

Տարբեր տարիքներում, ինտելեկտի տարբեր մակարդակներում ու հրամցված պատմության տարբեր համատեքստում մենք սովորել ենք, որ եկեղեցին փոխարինել է պետությանը մեր ազգի համար դժնդակ ժամանակներում։ Ինտելեկտի տաբեր մակարդակներում ես վստահ կրկնել եմ, զարմացել եմ, ժխտել եմ, տարիքին բնորոշ ցինիզմով ու կարդացած գրքերի տոկուն ինքնավստահությամբ ասել եմ ՝ «լավ կլիներ եկեղեցին չփոխարիներ՝ միգուցե պետություն ունենայինք», հետո հանդարտված նայել եմ իրականությանը առանց տոկուն ինքնավստահության։

Հետո, լինելով երկու կողմից սովետական բռնության զոհ գնացած հոգևորականի սերունդ՝ մտածել եմ՝ իսկ արժե՞ր, ապա, հավատացյալ մարդուց դարձել եմ հավատքից չխոսող մարդ ու կույր հավատացյալներին վերապահումով նայող մեկը, բայց չեմ դադարել զարմանալ եկեղեցու կայունությունից։ Աշխարհը վազում է առաջ, եկեղեցին՝ ոչ։

Հայ հոգևոր հոտը՝ ի դեմս Աբովյան փողոցով թքելով անցնող երիտասարդի, որի ո՛չ աշխարհիկ, ո՛չ հոգևոր կյանքը ծանրաբեռնված չէ առաջադեմ կամ որևէ մտքերով, Աբովյան փողոցի եկեղեցի հասնելիս, բջջայինով խոսելու պահին, այնուամենայնիվ, խաչակնքում է։

Նա հավանաբար այս անպաշտպան, իր՝ անհեռանկար ու հեռանկարի համար առանձնապես ջանք չթափած կյանքում այլ փրկօղակ չունի։ Եկեղեցին, որքան էլ տարօրինակ հնչի բարձր տեխնոլոգիաների մեր սրընթաց թվային դարում, դեր ունի։ Հատկապես նրանց համար, ովքեր սրընթաց թվայինի ոլորտում կամ որևէ ոլորտում չեն գտել իրենց ու խարխափում են անպաշտպան վիճակում։

Այդ դերը կարող է լինել կարևոր շատ առաջադիմական լինելու դեպքում միայն, եթե առաջնորդը խոսի Ֆրանցիսկոսի լեզվով։ Նկատի չունեմ իսպաներեն կամ իտալերեն։

Ֆիլմը նայելիս պատկերացնում էի՝ ինչ ազդեցություն կունենար այն Աբովյան փողոցում թքելուց հետո խաչակնքող երիտասարդի համար, որոնցից միլիոնի չափ ունենք։ Զրույցի լավ ժամանակն է։ Իսկ եկեղեցին դեռ արդարանում է, որ հոգեհանգստյան կարգ է մատուցել մի մարդու համար, որը հնարավոր է՝ ինքնասպան է եղել։

Լուսինե Հովհաննիսան

MediaLab.am