ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է Գյումրիում հնչեցրած «ծնգըլ արեցիք» արտահայտությունը՝ հերքելով, թե այն ուղղված է եղել գերիների թեմային։
Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողը խնդրել է մեկնաբանել հանրային արձագանք ստացած արտահայտությունը, ինչին ի պատասխան Միրզոյանը նշել է, որ հարցը հստակ չի լսել և անհնար է պատկերացնել, թե գերիների վերաբերյալ հարցին կարող էր նման ձևով արձագանքել։
«Լավ, ես չեմ հասկանում՝ որևէ մեկը կարո՞ղ է մտածել, որ գերիների մասին հարցին կարելի է ասել՝ «ծնգըլ արեցիք»։ Պետք է չափազանց շահագրգռված լինել իրականությունը գլխիվայր ներկայացնելու մեջ, որպեսզի այդպես մեկնաբանվի»,- ասել է նա։
Միրզոյանի խոսքով՝ արտահայտությունը վերաբերել է լրագրողներին, ոչ թե գերիների խնդրին։
««Ծնգըլ արեցիք»-ը ողջ սիրով ու հարգանքով վերաբերում էր ձեզ։ Երբեմն դուք իսկապես ունեք մարդկանց «ծնգըլ անելու» հատկություն, և գուցե դա նաև մասնագիտական առանձնահատկություն է»,- նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում կայացած հանրահավաքի ընթացքում, գերիների թեմայով հարց լսելով, Միրզոյանը պատասխանել էր՝ «ծնգըլ արեցիք», ինչը լայն արձագանք էր ստացել։



















