«Դա ընդամենը ժանտախտ էր»

Լուսինե Հովհաննիսյան

Արձակագիր Լյուդմիլա Ուլիցկայան հարցազրույցներից մեկում մի պատմություն է պատմում է 1939-ին Մոսկվայում բռնկված ժանտախտի մասին։ Պատմությունն իրեն պատմել է ժանտախտից մահացած առաջին մարդուն զննած ախտաբանի դուստրը։

Համաճարակաբաններից մեկը գալիս է մոսկովյան կոնֆերանսի՝ զեկուցելու իր կատարած հետազոտությունների մասին, բայց ինքն արդեն վարակված է լինում և կոնֆերանսի հաջորդ օրը մահանում է։ 

ՆԿՎԴ-ին հանձնարարվում է Մոսկվայում բռնկված ժանտախտի կանխարգելումը։ Մեկ օրվա ընթացքում ձերբակալվում են բոլորը, ովքեր շփվել են մահացած համաճարակաբանի հետ՝ կոնֆերանսի բոլոր մասնակիցները, հյուրանոցի բոլոր մարդիկ, նաև ժանտախտից առաջին մահացածի ախտաբանը։

Երկու շաբաթ բոլոր «ձերբակալվածներին» պահում են ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հարազատները համոզված են լինում, որ 37-ի զանգվածային ձերբակալությունները կրկնվում են, և ոչ ոք այլևս հույս չի ունենում տեսնելու իր հարազատին։

Երկու շաբաթ անց ազատ արձակված ախտաբանը զանգում է դստերն ու երջանկությունից ոգևորված, բարձր ձայնով հեռախոսի մեջ բացականչում․ «Ամեն ինչ կարգին է, դա ընդամենը ժանտախտ էր»։ 

Բռնկված պատերազմից հետո բռնկված քովիդն ավելի հասկանալի էր։ Մահը մահ է երկու դեպքում էլ, բայց «այդ մեկ մարդու» մեղքի բաժինը չկա քովիդի դեպքում։ Կամ գոնե՝ չգիտես։

Այսօր մենք՝ երկու տարվա քովիդ համաճարակի ժամանակակիցներս, կարող ենք ասել՝ դա ընդամենը քովիդ էր։

Խելագարության ժանտախտի հետպատերազմական տարում ապրում են զոհերի ընտանիքի անդամները, ընկճախտից կքածները, իր «խրճիթը» մայրուղուց հեռու և ապահով կառուցածները, էգոիստի թեթևություն ապրողները, չարախնդացողները, ֆիզիոլոգիապես ու մտավոր անտարբերները, պարտությունը «հաղթանակ» բառի հետ խաչասերողները։

Այս իրարամերժ վիճակներն ապրող մարդիկ ապրում են նույն երկրում, նույն քաղաքում, լսում են նույն պաշտոնյաներին, օգտվում են նույն խանութներից, և կարող է թվալ, թե համակեցությունը ստացվել է, որովհետև մեկ տարվա ընթացքում չունենք պատերազմի մեղավոր, չկան ցաքուցրիվ զորքի և չունեցած ՀՕՊ-ի պատասխանատուներ։

Այսպիսով, կարելի է մտածել, որ համակեցությունը ստացվել է, և պետական համակարգի մեխանիզմը կանոնավոր տկտկում է։

Որպես քաղաքացի, որպես տեքստագիր, որպես երկու մեծ և մեկ փոքր պատերազմների վկա՝ գուցե պատկերացնեմ, որ համակեցությունը ստացվել է, որ պատասխանատուներ կարող են չլինել, որ անտարբերներն ու ցուցադրաբար կյանքի առօրեականության հմայքից խոսողները հաղթել են, որ պատերազմի արհավիրքի մեղավորներ կլինեն շատ հետո, երբ արդեն քչերին արդիական կթվա ողբերգությունը, բայց որպես մարդ, որը զավակ ունի Հայաստանում, չեմ պատկերացնում, որ այդ համակեցությունը կարող է ստացվել, որ հնարավոր է «ևս մեկ գտնված աճյունի» օրոք «պարտվել» բայն աճպարարել որպես «հաղթել» բայի հոմանիշ կամ «հաղթել թշնամո՞ւն, թե՞ սեփական հուսահատությանը» շեքսպիրամոտ հարցադրմամբ փառավորել մարդկանց ակնաբիբերը՝ «փառ», ոչ թե «փառք» բառիմաստով։ 

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am