Փաշինյանը հասկանում է, որ առանց Մոսկվայի լոյալության չի կարող իշխանությունը վերարտադրել և քննարկումների մեջ է Պուտինի հետ. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, վարչապետը հրաժարական տվեց, և, ըստ ամենայնի, խորհրդարանական ընտրությունները կկայանան՝ ի հեճուկս շատ քաղաքական ուժերի, որոնք կասկածներ էին հայտնում՝ ասելով, թե Փաշինյանը ստում է: Դուք ունեի՞ք կասկածներ, որ վարչապետը հրաժարական չի տա:

– Ես հրապարակային որևէ անգամ կասկածի տակ չեմ դրել ընտրությունների անցկացման հնարավորությունը: Համենայնդեպս, չեմ կասկածել, որ պայմանավորվածության հիմնական սուբյեկտներից որևէ մեկը խաղի կանոն է խախտելու: Խոսքը թե՛ վարչապետի մասին է, թե՛ խորհրդարանական երկու խմբակցությունների ղեկավարների, որոնց հետո պայմանավորվել էր: 

Այլ հարցում եմ ես վերապահում հայտնել, հիմա էլ այդ վերապահումն ուժի մեջ է, որովհետև դա քաղաքական ակտորներից կախված չէ. բանն այն է, որ մեր քաղաքական համակարգը այնքան խոցելի է, որ արտաքին կամ ներքին որևէ ֆորսմաժորային իրադարձություն կարող է ազդել ընտրությունների անցկացման կամ չանցկացման ժամկետների վրա:

Այսինքն՝ իմ վերապահումները միշտ սրան են վերաբերել, ոչ թե այն հանգամանքին, որ խաղացողներից մեկը կարող է հետ կանգնել ընտրություններ անցկացնելու մտքից:

– Մասնավորապես ի՞նչը կարող ազդել, ի՞նչ նկատի ունեք:

– Գիտեք, երկրի սուբյեկտայնությունը էապես սահմանափակվել է, Հայաստանը դարձել է մի երկիր, որը կախված է թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ ռիսկերից: Ընտրությունների անցկացման ժամկետների վրա կարող են ազդել տարածաշրջանային զարգացումներ, այսինքն՝ նոյեմբերի 9-ից հետո նման ֆորսմաժորների հնարավորություն միշտ կա: Խոսքն այս մասին է:

Բայց այդքանով հանդերձ ֆորսմաժորային նման զարգացումներն էլ քիչ հավանական եմ համարում, որովհետև ակնհայտ է, որ արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, ըստ էության, տեղեկացված են և առնվազն լոյալ են վերաբերվում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը:

– Ի՞նչ եք կարծում ապրիլի 24-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի և ապրիլի 26-ին հայտարարված հրաժարականի միջև կապ կա՞:

– Ուղիղ կապ եմ տեսնում: Ու ցավալիորեն եմ կապ տեսնում, որովհետև եթե մեր երկրի սուբյեկտայնությունը այսքան ցածր չլիներ, նույնիսկ դաշնակից երկրի ղեկավարի հետ պատեհ չէ քննարկել ներքաղաքական զարգացումները:

Բայց, ցավոք, նոյեմբերի 9-ից հետո մենք այնպիսի հանգրվանում ենք գտնվում, որ սա վատ իմաստով դարձել է օրինաչափություն: Ընդ որում՝ ներքաղաքական զարգացումները նա քննարկել է ոչ միայն Պուտինի, այլ նաև Մակրոնի, ինչպես տեղեկացանք պաշտոնական հաղորդագրությունից:

– Ինչո՞ւ է այդպես, պատերազմի հետևա՞նքն է, թե՞ իշխանությունը պահելու միակ եղանակը:

– Նախ՝ պատերազմն էապես սահմանափակեց Հայաստանի սուբյեկտայնությունը, որովհետև մենք կորցրեցինք ոչ միայն Արցախի տարածքի զգալի մասը, այլև էապես սահմանափակվեց Հայաստանի ինքնիշխանությունը:

Սա պարտության ուղղակի հետևանքներից մեկն է, և այդ փաստը ուղղակի համարժեք չէ անտեսելը: Ակնհայտորեն Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծացավ, ինչն էլ բնականաբար ազդելու էր Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության վրա:

Այո՛, ձեր ասած մյուս մոտիվն էլ կա՝ Փաշինյանը թերևս հասկանում է, որ առանց Մոսկվայի լոյալության չի կարող իր իշխանությունը վերարտադրել, և հիմա, բնականաբար, իշխանության հնարավոր կոնֆիգուրացիայի հարցերը քննարկում է Պուտինի հետ:

Սա իհարկե դրական երևույթ չէ, բայց օբյեկտիվ իրականություն է, որի հետ հաշվի չնստել չենք կարող:

– Հաշվի առնելով պատերազմը և դրա վատ հետևանքները՝ շատերը կարծում են՝ բարոյական չէ Փաշինյանի առաջադրումը և, ընդհանրապես: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ես չեմ ուզում այլ քաղաքական գործչի վարքագիծը բարոյական կամ այլ չափանիշներով գնահատել: Որպես պատմաբան կարող եմ ասել, որ նման ծանր պարտությունից հետո ղեկավարները, որպես կանոն, հեռանում են: Բայց Փաշինյանը ընտրեց այլ ճանապարհ, և հիմա գնդակը հասարակության դաշտում է, այսինքն՝ հասարակությունը կորոշի՝ այդ քաղաքական ուժը ի՛նչ դերակատարություն կունենա Հայաստանում: 

Եթե նա հրաժարական չի տվել նոյեմբերի 9-ից հետո, կամ փողոցի ընդդիմությանը չի հաջողվել հեղափոխության օրակարգի շուրջ կոնսոլիդացնել հասարակությանը, ապա այս պարագայում միակ լեգալ ճանապարհը մնում է արտահերթ ընտրությունը, որի ժամանակ հանրությունը կորոշի՝ իշխանությունը վերարտադրվելո՞ւ է, թե՞ ոչ, եթե վերարտադրվելու է, ապա ուժերի ի՛նչ հարաբերակցությամբ, իշխանափոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ: 

Համենայնդեպս, մեր իրականության ամենաաղմկոտ ընտրություններն են լինելու, ինչը չի նշանակում մրցակցային կամ որակյալ, բայց աղմուկը շատ է լինելու, որի մեջ վախենամ կորչեն ռացիոնալ քաղաքական ուղերձները, ծրագրային դրույթները:

Աղմկոտ ընտրությունների բնույթը հենց այն է, որ երկու կամ երեք բևեռների առկայությունն է, որոնք միմյանց դեմ ռեսուրսային պայքար են մղում: Գործելու է նախկին-ներկայի, սև-սպիտակի տրամաբանությունը: Այս ամենը նպաստելու է ընտրական պրոցեսների որոշակի ձևախեղմանը, բայց ունենք այն, ինչ ունենք:

– Պարո՛ն Սուրենյանց, դուք էլ եք ունենում հանդիպումներ քաղաքացիների հետ, շփվում եք, ի՞նչ տրամադրություններ կան հանրության ներսում, իշխանությունները վերարտադրվելու հնարավորություն ունե՞ն:

– Շփումներ ունեցել եմ բոլոր մարզերում, որպես կուսակցության ղեկավար, բայց շփումներին նայել եմ մասնագիտական աչքով՝ որպես քաղաքագետ, և իմ շփումները ինձ բերել են այն հաստատուն կարծիքին, որ այս պահին Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ՝ ընդդիմությունից, իշխանությունից, որը 50+1 տոկոս ձայն ստանալու շանս ունենա:

Ինձ համար ակնհայտ է, որ եթե լինեն օրինական ընտրություններ, դրան հետևելու են հետընտրական բանակցություններ, կոնսուլտացիաներ: Այսինքն՝ այնպես չի լինելու, որ քաղաքական ուժերից մեկը այս պահին կարողանա մոնոլիտ իշխանություն ձևավորել:

– Նախընտրական այս շրջանում տպավորություն է, թե ընտրությունը լինելու է Փաշինյանի և Քոչարյանի միջև, քանի որ հիմնական քաղաքական քննարկումները այդ անձերի շուրջ են: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Այո՛, ցավալի է, բայց իսկապես կա տպավորություն, որ այդ երկու բևեռներն են հիմնական առանցքը լինելու: Իհարկե, քաղաքական որակյալ քոնթենտ ներկայացնելու դեպքում երրորդը դառնալու շանս ունի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Բայց իշխանությունները մի կողմից, նախկինները՝ մյուս կողմից ամեն ինչ անելու են, որպեսզի երկբևեռ քաղաքական պայքար ընթանա: Հույս ունենանք, որ մյուս դերակատարներն այնպես կանեն, որ գոնե երրորդ, չորրորդ բևեռներ լինեն, որ գոնե հասարակության համար ընտրության հնարավորությունը ավելի մեծ լինի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am