«Արցախում բանջարեղեն, դեղորայք, երեխաների համար կաթնախառնուրդներ չկան, և մարդիկ իրար մեջ փորձում են կիսվել ունեցած-չունեցածով». Մերի Գրիգորյան

Ստեփանակերտի «Արևիկ» բժշկական կենտրոնի բժիշկ Մերի Գրիգորյանն ասում է՝ համալիր բուժօգնության կարիք ունեցող հիվանդների չնչին մասն է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից պարբերաբար տեղափոխվում Հայաստան:

«Կարմիր խաչի համար սահմաններ չկան, այո՛, նրանք կարողանում են հիվանդներին Հայաստան տեղափոխել համալիր բուժման, բայց այդ տեղափոխվածները շատ չնչին մասն են այն բազմաթիվ հիվանդների, որոնք նունպես տեղափոխման կարիք ունեն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է բժշկուհին:

Առողջապահության համակարգը, ըստ Գրիգորյանի, ծանր ու դժվարին խնդրի առաջ է կանգնած. ստացվող դեղորայքը շատ քիչ է և ուղղվում է միայն շտապ կարգով հիվանդների բուժսպասարկմանը, պլանային հետազոտություններն ու վիրահատությունները անորոշ ժամկետով հետաձգվել են, մարդիկ չեն կարողանում պրոֆեսիոնալ հետազոտություն անցնել:

«Առողջապահության համակարգում հիմա մեծ է դեղորայքի խնդիրը, պլանային վիրահատությունների, նաև դիսպանսեր հիվանդությունների հսկողության ու վարելու խնդիր ունենք: Հիվանդներ ունենք, որոնց մենք միշտ նեղ մասնագիտացված կլինիկաներ ենք ուղարկում, ուղարկում ենք Երևան: Օրինակ՝ ունենք երիկամի փոխպատվաստում անցած երեխա, որը մոտ օրերս պետք է գնար հերթական հետազոտման, բայց փաստորեն չի կարող գնալ»,- ասում է բժշկուհին:

Սոցիալական ցանցերում, պատմում է, մի ցավոտ երևույթ է նկատել. մարդիկ միմյանց հետ կիսվում են ունեցածով՝ սոցիալական հարթակների խմբերում մայրերը միմյանցից կաթնախառնուրդներ, դեղեր են խնդրում և խոստանում՝ եթե ավելանա, անպայման կվերադարձնեն:

«Ճանապարհային կապի բացակայությունը շատ մեծ խնդիրներ է առաջացրել առողջապահության համակարգում, և հումանիտար օգնությունը խնդրի կարճատև լուծում է, ընդամենը շատ չնչին չափով լրացնում է բացը: Հարցի միակ լուծումը ճանապարհի բացումն է, թեև դա քաղաքական հարց է, ու հայտնի էլ չէ՝ կա՞ն բանակցություններ, և ի՞նչ փուլում են դրանք»,- ասում է Մերի Գրիգորյանը:

Բացի առողջապահության համակարգի խնդիրներից, մարդիկ կենցաղային խնդիրների առջև են կանգնել՝ չկան քիմիական մաքրող միջոցներ, բանջարեղեն, իսկ նորածինները չունեն կաթնախառնուրդներ:

«Ես այստեղի բնակիչ եմ և ամեն օր մտնում եմ խանութներ, ու ծանր վիճակ է՝ խանութներում բացակայում են առօրյա օգտագործման, առաջին անհրաժեշտության ապրանքները, նույնիսկ արդեն կենցաղային քիմիա չկա: Ավելին, մանկական կերերի խնդիրն է շատ սուղ, նորածիններ ունենք, որ վեց ամսականից բարձր են ու պետք է անցնեն հավելյալ սնուցման, բայց բանջարեղենն իսպառ բացակայում է, կաթնախառնուրդներ էլ չկան: Եվ եթե երեխան կրծքով է կերակրվում, մայրը ստիպված պետք է շարունակի միայն կուրծք տալ բալիկին»,- փոխանցում է բժշկուհին:

Այսքանով հանդերձ, նա շեշտում է՝ մարդիկ քաջ են, պատրաստ են դիմակայելու դժվարություններին, միայն թե հայամետ լուծում լինի վերջում: Նա նաև շեշտում է՝ եթե նախկինում հայ ժողովուրդն իմացել է՝ ինչի համար է պայքարում, ապա այժմ ամեն ինչ անորոշ է: Հարցերը՝ ինչո՞ւ են արցախցիներն այս վիճակում հայտնվել, ո՞ւմ մեղքով և ի՞նչ որոշումների արդյունքում, տանջում են մարդկանց, բայց դրանց պատասխաններ չեն կարողանում ստանալ:

«Մենք հիմա չգիտենք՝ ինչի՛ համար ենք այս վիճակում, բոլորս գիտենք, որ էկոլոգները կեղծ են, նրանց պահանջներն անհեթեթ են, իրականության հետ աղերս չունեն, և խնդիրն այն է, որ չգիտենք՝ ինչի ենք այս ամենին դիմակայում: Իհարկե մենք անուղղակիորեն հասկանում ենք, որ Ադրբեջանն ուզում է ինչ-որ բաներ պոկել Հայաստանից, Արցախից, ու նաև հասկանում ենք, որ ոչ մի զիջման չգնալու համար Արցախն այս ամենին դիմանում է, բայց արդյոք դա՞ է գինը: Չենք հասկանում:

Անորոշությունն է հիմնականում, որ մտատանջում է մեզ: Բայց, իհարկե, ոգին կա, փորձում են դիմանալ, իրար մեջ կիսվել ունեցած-չունեցածով, բայց պետք է հասկանանք՝ ինչի համար ենք այս ամենն անում, ի՞նչ է դրված զիջումների սեղանին»,- նշում է Մերի Գրիգորյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am