Վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրեական գործ է հարուցվել

Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, գրում է Ազատությունը:

«Հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ «Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված», – փոխանցել են Ոստիկանությունից։

Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախորդ Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացնում է անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը: Քրեական օրենսգրքում ավելացվեց նոր՝ 137․1 հոդվածը, որը վերնագրված է «Ծանր վիրավորանք» և նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով: