«Երեխեքն ասում են՝ մա՛մ, հիշո՞ւմ ես՝ պապան գործի էր գնում, մեզ պաչում էր»․ պատերազմը Արմենուհի Դավթյանից խլեց ամուսնուն, տունը, երջանկությունը

31-ամյա Արմենուհի Դավթյանը փորձում է իր մեջ ուժ գտնել ամուսնու զոհվելուց հետո ապրելու և միայնակ երեք անչափահաս երեխաներին մեծացնելու համար։

Ինչպես պատերազմն էր անսպասելի Արմենուհու համար, նույնքան անսպասելի և ցավոտ էր ամուսնու զոհվելը:

«Երբ իմացա զոհվելու մասին, չէի հավատում, ուշքս գնաց, մինչև հիմա չեմ հավատում, մտածում եմ՝ ամուսինս կգա, ամբողջ օրը նկարին նայում, լացում եմ: Երեխեքս տատիին ասում են՝ տատի՛, մաման լաց ա լինում, տատի՛, մաման լաց ա լինում։ Ինձ, երեք երեխեքիս թողեց մենակ, գնաց»,- արտասվելով ասում է Արմենուհին։

Մինչ պատերազմը Արմենուհին ընտանիքի հետ ապրել է Շուշիում՝ նոր գնած բնակարանում։ Արմենուհին երրորդ երեխային էր սպասում, երբ հակառակորդը պատերազմ սանձազերծեց, ու ամուսինը մեկնեց ռազմաճակատ։ Ասում է՝ երջանիկ էին մինչև չարաբաստիկ պատերազմը, որը խլեց և՛ ամուսնուն, և՛ տունն ու հայրենիքը։ 

«Երբ պատերազմը սկսվեց, ես երրորդով հղի էի, ամուսինս ինձ ուղարկեց Սիսիան՝ մամայենցս տուն, ինքը կամավոր  գնաց Խոջալու, Մարտակերտ, Ֆիզուլի։ 

Վերջին անգամ իրա հետ խոսել եմ հոկտեմբերի 9-ին: Ժամը 8-ն անց կես էր, զանգ տվեց, ասեց՝ Արմինե՛, քեզ լավ կնայես, երեխեքին լավ կնայես, դու զանգ չտաս, ես վաղը քեզ կզանգեմ,- պատմում է Արմենուհին ու, հուզմունքը զսպելով, շարունակում,- ես սպասում էի իրա զանգին, բայց ինքը զանգ չտվեց։

ժամը 5-ն էր, զանգեցին, ասեցին՝ զոհվել ա։ Հարազատներս մեր տուն եկան, թե բա՝ Արմինե՛, ամուսինդ զոհվել ա: Ասում եմ՝ ո՞նց կարող ա պատահի, երեկ եմ խոսացել: Ասում եմ՝ կարո՞ղ ա ուրիշի մասին ա խոսքը, ասում են՝ չէ՛, գնա քո աչքով տես»,- հուզվում է կինը։ 

Արմենուհու ամուսինը՝ 34-ամյա Վալերի Դավթյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին: Կնոջը հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է զոհվել ամուսինը, միայն ցավով  նշում է․ «Դիակը տեսա՝ գլխի հետևի մասը ճղված էր»։

Արմենուհին շեշտում է՝ ամուսինը հոգատար էր, լավ հայր․ «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Լոկ հուշեր մնացին իրանից մեզ»։

Արմենուհին ամուսնու զոհվելուց հետո այժմ ապրում է միայն հիշողություններով ու կարոտով:

«Երեխեքն ասում են՝ մա՛մ, հիշո՞ւմ ես՝ պապան գործի էր գնում, մեզ պաչում էր, մա՛մ, հիշո՞ւմ ես՝ պապայի հետ կաչելի գնացինք, էս ենք արել, էն ենք արել։ 

Ամբողջ օրը հիշողություններով ենք։ Հեռախոսով տղուս 7 տարեկանի ծնունդի վիդեոն ենք նայում, ասում են՝ մա՛մ, նայի՛, տես՝ պապան ո՜նց ա պարում, ո՜նց ա ժպտում»,- պատմում է կինը։


Արմենուհին նոր ծնված երեխային էլ ամուսնու անունով է անվանակոչել՝ Վալերիա։ Ասում է՝ այժմ պետք է ուժ գտնի իր մեջ, որ կարողանա երեխաներին իրենց նպատակին հասցնել․

«Սպասում եմ՝ պետությունից գումարը ստանանք, որ տուն առնենք, մեզ տուն տան։ Սաղ կյանքս մենակ եմ լինելու, պիտի ուժ գտնեմ մեջս, որ երեխեքիս պահեմ, մեծացնեմ, նպատակներին հասցնեմ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am