Համոզված ենք, որ ՀՀ-ում ընտրությունները կանցկացվեն բաց ու թափանցիկ. Վրաստանի վարչապետ

Վրաստանը համոզված է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում:

«Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը՝ ժողովրդավարության սկզբունքներին»,-ասաց Ղարիբաշվիլին:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպումները շարունակել, բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանել և նպաստել ոլորտային գերատեսչությունների համագործակցությանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը: