Փարիզում Նավալնիի անունով փողոց կլինի. Factor

Փարիզի 16-րդ շրջանի պատգամավորները, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատան շենքը, միաձայն հավանություն են տվել թաղամասի փողոցներից մեկը Ալեքսեյ Նավալնիի անունով կոչելու առաջարկին։ Այս մասին նրանք հայտնել են X սոցիալական ցանցում գրառմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Չի հաղորդվում, թե 16-րդ թաղամասի որ փողոցն է անվանակոչվելու մահացած ռուս ընդդիմադրի անունով։ Սենատոր Ֆրենսիս Սփիների առաջարկն ի սկզբանե վերաբերել է Շանտմես փողոցին: Այն հատվում է Լան պողոտայի հետ, որտեղ տեղակայված է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը։ Այս երկու փողոցների անկյունում Սփիներն առաջարկել է նաև Նավալնիի հիշատակին արտ-օբյեկտ տեղադրել։ Բեռլինում նույնպես ցանկանում են Նավալնիի պատվին փողոց անվանակոչել։ 

Բանտում ռուս ընդդիմադրի մահվան լուրից անմիջապես հետո երկու գերմանական հասարակական կազմակերպություններ՝ Demokrati-JA նախաձեռնությունը («Այո ժողովրդավարությանը») և Zukunft Berlin հիմնադրամը («Բեռլինի ապագան») Գերմանիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը Ալեքսեյ Նավալնիի պատվին վերանվանելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Առաջարկվում է վերանվանել Բեռլինի կենտրոնում գտնվող Բեհրենշտրասե փողոցի մի հատվածը, որտեղ գտնվում է Ռուսաստանի հյուպատոսությունը։

Ապրիլի 17-ին հակապատերազմական ցույցի ժամանակ, որին մասնակցել են Յուլիա Նավալնայան և Միխայիլ Խոդորկովսկին, ակտիվիստներն այնտեղ տեղադրել են հանպատրաստից ցուցանակ՝ «Aleksej-Nawalny-Straße» («Ալեքսեյ Նավալնի փողոց») մակագրությամբ։