«Թալիբների համար Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում, նրանց հետաքրքիր են մահմեդական բնակչություն ունեցող երկրները». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, «Թալիբան» շարժման զինյալներին հաջողվեց մտնել մայրաքաղաք Քաբուլ և վերահսկողության տակ վերցնել ողջ Աֆղանստանը: Այսպիսի զարգացում սպասո՞ւմ էիք:

– Աֆղանստանում վերջին երկու-երեք օրերին տեղի ունեցածն իհարկե սպասելի չէր, որովհետև, ըստ վերլուծաբանների ու հետախուզական շրջանակների, Քաբուլի կառավարությունը կարող էր ավելի երկար դիմադրել, բայց ամեն ինչ շատ արագ վերջացավ: Այստեղ խնդիրն այն է, որ չկռվեցին Քաբուլի հիմնական ստորաբաժանումներն ու շատ արագ հանձնեցին Աֆղանստանի կարևոր քաղաքներն ու մայրաքաղաքը:

Պետք է գնահատել նաև այն հանգամանքը, որ ամերիկացիները, ըստ իրենց տվյալների, Աֆղանստանում ծախսել են մոտ մեկ տրիլիոն դոլար, որի զգալի մասն ուղղվել է Քաբուլի կառավարության բանակը զինելուն, բայց այդ բանակը, ըստ էության, շատ արագ պարտվեց ու հիմնականում հանձնվեց:

Իսկ ինչո՞ւ հանձնվեց:

– Դրանից կարելի է եզրակացնել, որ այսպիսի տարածաշրջանում, որտեղ գործ ունենք այդպիսի ծայրահեղական, իսլամիստական կազմակերպությունների հետ, որոնք դավանում են Ջիհադ, Արևմուտքը չի կարողանում իր կամքը թելադրել: Նույնը կարելի է ասել Խորհրդային Միության համար, որը նույնպես չկարողացավ Աֆղանստանն իր հսկողության տակ պահել:

Իսկ մյուս եզրակացությունը, որ պատմությունն է մեզ հուշում, այն է, որ Աֆղանստանն այնպիսի խայտաբղետ ցեղախմբերով հարուստ տարածք է, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր մշակույթների կրողներ են, մեծ մասը ծայրահեղ ջիհադիստական խմբավորումների ներկայացուցիչներ են և այլն: Իսկ այդ պայմաններում միասնական պետություն հաստատելը շատ դժվար է: Իսկ օտար պետությունները, որոնք փորձում են այստեղ իշխանություն հաստատել, ի վերջո պարտվում են, իսկ երկրի ներսում էլ երկար ժամանակ իշխանություն հաստատող ուժ քիչ է պատահում: Թալիբները, օրինակ՝ Աֆղանստանում ղեկավարել են 1996 թվականից մինչև 2001 թվականը, հետո նրանց իշխանությանը վերջ տվեցին ամերիկացիներն ու իր դաշնակիցները: Փորձեցին ընդհանրապես պարտության մատնել «Թալիբան» շարժումը, բայց չստացվեց, նրանք կրկին վերադարձան իշխանության:

Ամբողջ հարցն այն է, թե այս շարժումը, որի մեջ տարբեր խմբավորումներ կան, կկարողանա՞ իր մեջ միասնականություն հաստատել ու իր միասնական իշխանության տակ վերցնել Աֆղանստանը, թե՞ ոչ: Որովհետև, հնարավոր է, որ իրենց միջև արդեն սկսվեն բախումներ: Եթե հաշվի առնենք նաև 1996-2001 թվականների փորձառությունը, կարծում եմ, որ Աֆղանստանին դժվար տարիներ են սպասում, որովհետև թալիբները հաստատելու են ռազմատենչ իսլամական տարբերակի վրա հիմնված քաղաքական համակարգ և պարտադրելու են դա:

Միջազգային տեսանկյունից՝ տարբեր երկրների շահերը կան Աֆղանստանում, և հիմա ամեն մեկը կփորձի, արդեն փորձում է, որոշակի կոնտակտներ հաստատել թալիբների հետ: Թալիբներն արդեն պատվիրակություններ էին ուղարկել տարբեր երկրներ՝ մասնավորապես, Ռուսաստան: Թուրքիայի նախագահն էր հայտարարել՝ մինչև Քաբուլը գրավելը, որ սպասում է, թե «Թալիբանի» ղեկավարները կգան իր հետ հանդիպման, իսկ այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ, քանի որ թալիբները չուզեցին հարաբերվել Թուրքիայի հետ, Թուրքիան այստեղ հենարան չունի:

«Թալիբան» շարժումն առաջին հերթին մեծ վտանգ է ներկայացնում Կենտրոնական Ասիայի և դրա հարևան պետությունների համար, չնայած նրանք խոստացել են, որ սահմանը չեն անցնի ու չեն խառնվի այդ երկրների ներքին գործերին, բայց դժվար է ասել՝ հավատարիմ կմնա՞ն խոստմանը, թե՞ չէ: Իշխանության գալով՝ «Թալիբանն» ամբողջ տարածաշրջանի համար կարող է վտանգ ներկայացնել այն առումով, որ սա ծայրահեղական, ջիհադիստական իսլամ է, որն իր հարևանների համար կարող է ապակայունացնող վտանգ ներկայացնել:

– Պարո՛ն Սաֆրաստյան, նշեցիք, որ այս շարժումը վտանգավոր է, և դժվար է դրա դեմ պայքարել: Այս հանգամանքո՞վ եք բացատրում Արևմուտքի լռությունն ու Ամերիկայի, այսպես ասած, այս գործից ձեռքերը լվանալը:

– ԱՄՆ-ի ձեռքերը լվանալը պայմանավորված է ոչ միայն դրանով, այլ նաև նրանով, որ վերջին տարիներին ամերիկյան վերնախավը հասկացել է, որ աշխարհն արդեն փոխվել է, և ԱՄՆ-ը չի կարող հսկողության տակ պահել աշխարհը կամ դրա մեծ մասը:

Նախկին նախագահ Թրամփի համապատասխան փոփոխությունը աշխարհառազմավարական բնագավառում, երբ ասաց՝ «Ամերիկան միայն ամերիկացիների համար», շարունակում է նաև Բայդենը: Այնպես որ, խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող պահել աշխարհն իր հսկողության տակ և դրա համար էլ հնարավորինս քաշում է իր սահմանները:

 – Աֆղանստանում կատարվողը Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր է պարունակում:

– Ներկա փուլում գերագնահատել այդ վտանգն իմաստ չունի, որովհետև մենք հեռու ենք, բացի այդ էլ՝ կա Իրանը, որը բավականին ուժեղ պատնեշ է: Բայց ներկա փուլում մեզ անմիջական վտանգ դեռևս չի սպառնում, հետագայում՝ չեմ կարող ասել, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ թալիբները, որ եկան իշխանության, նրանց համար Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում, նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում այն երկրները, որտեղ կա մահմեդական բնակչություն:

Ենթադրվում է, որ կփորձեն այդ երկրների մահմեդականներին իրենց հսկողության տակ վերցնել՝ դարձնելով ավելի ռազմատենչ, ջիհադիստ, իսկ այդ վտանգը ռեալ սպառնում է Կենտրոնական Ասիայի երկրներին, հետագայում նաև՝ Ռուսաստանին: Բայց այս պահին, չեմ կարծում, թե նրանք Հայաստանի հետ կապված ծրագրեր ունեն:

– Այսինքն՝ հնարավոր վտանգներն էլ կչեզոքացվեն Իրանի միջոցո՞վ, պարո՛ն Սաֆրաստյան:

– Իհարկե, Իրանը բավական լուրջ դիմադրություն կարող է ցույց տալ:

– Իսկ ներկա փուլում Իրանի համար թալիբները լուրջ վտանգ ներկայացնո՞ւմ են:

– Որոշ չափով՝ այո՛, որովհետև Իրանը ներկայացնում է շիական իսլամի, իսկ թալիբները՝ սուննիական իսլամի ծայրահեղությունները: Իսկ սուննիներն ու շիաները իրար չեն սիրում, մեղմ ասած:

– Պարո՛ն Սաֆրաստյան, փաստորեն այսօր մեր տարածաշրջանի համար թալիբները լուրջ վտանգ չե՞ն ներկայացնում:

– Այո՛, դեռ իրենք պետք է իրենց ներքին խնդիրները պարզեն, թե ով է ղեկավարելու, հետո նոր ծրագրերը կկազմեն և, եթե որոշեն, որ պետք է ապակայունացնեն նաև մեր տարածաշրջանը՝ դա այլ հարց է, բայց մոտ ապագայում դա տեսանելի չէ:

Աֆղանստանում կատարվողի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի, խոսում են թալիբներին շնորհավորել-չշնորհավորելու անհրաժեշտության մասին:

– Բարդ հարց է, դա լուրջ քննարկումների արդյունքում պետք է որոշվի: Կարծում եմ՝ հնարավորինս զուսպ մոտեցում պետք է ցուցաբերենք, դեռ վաղ է շնորհավորելու մասին խոսելը, դեռ պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը, շտապելու բան չկա: Պետք է խորհրդակցել դաշնակից Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ երկրների հետ, շտապելու բան չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am