Բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում. Տոկաևը՝ Երևանում

Ջրի սակավությունը և հողերի դեգրադացիան լուրջ սպառնալիք են համաշխարհային կայունության համար։ Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Միլիոնավոր մարդկանց համար ջրի սակավությունը, հողերի դեգրադացումն արդեն դարձել են իրական խնդիր։ Ամենադժվար հաղթահարելի հետևանքն այն է, որ տվյալ գործընթացը սահմաններ չի ճանաչում, թուլացնում է կայուն զարգացման հենքերը և սպառնում գլոբալ կայունությանը»,- ասել է նա։

Տոկաևի խոսքով՝ բնապահպանական խնդիրների լուծումը պետք է վեր լինի քաղաքական տարաձայնություններից, իսկ միջազգային համագործակցությունը պետք է հանգեցնի գործնական արդյունքների։

Նա ընդգծել է, որ Ղազախստանը կենսաբազմազանության պահպանությունը համարում է իր միջազգային պարտավորություններից մեկը։

«Մեր քաղաքացիները պարտավոր են պահպանել բնությունը, ռեսուրսներին պատշաճ հոգատարությամբ վերաբերվել»,- նշել է Ղազախստանի նախագահը՝ հիշեցնելով, որ բնապահպանական մշակույթի խթանումն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։