«Ես կոլապսի հոտ եմ առնում, և այդ կոլապսը, խնդրում եմ, չկապել կորոնավիրուսի հետ». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հրավիրած ասուլիսում դարձյալ 100 փաստ ներկայացրեց: Արդյոք առօրյա աշխատանքը որպես փա՞ստ պետք է ներկայացվի, ընդհանրապես դուք ի՞նչն եք համարում այս երկու տարիների ձեռքբերումը:

– Ես մինչև վերջ չեն նայել ասուլիսը և չեմ էլ փոշմանել, որ չեմ նայել, որովհետև չեմ սիրում, երբ ինձ մանիպուլյացիա են անում: Ես ոչ մեկին այդ իրավունքը չեմ տվել, որ ինձ հիմարի տեղ դնեն, անգամ՝ վարչապետին: Երկու տարի լռում էինք, ասացինք՝ ձայն չհանենք, թողնենք աշխատեն, արդյունքը տեսնենք, բայց պարադոքսալ բան է կատարվում: Ես նայում եմ երիտասարդ կադրերին, որոնք հանրապետականներից չէին, նոր կադրեր էին, բայց որոնք շատ արագ եկան և կես տարում դարձան հանրապետական իրենց էությամբ: 

Ես, ցավոք սրտի, էլի մնում եմ իմ նույն դիագնոզին, որ մենք պետականաշինության մեջ չկայացած ազգ ենք, մենք չենք կարողանում պետություն սարքենք: 

Մեկ է՝ գալիս է անհատական, կուսակցական շահը, աջ ու ձախ դա եմ տեսնում: Թե ինչքանով է դա պետության շահերից բխում՝ հարց է, բացարձակ չի բխում: Վաղը ես գամ, ես եմ այդպես լինելու, մեր գեների մեջ բռակ կա: 

Երբ ասում էի՝ ով գալիս է ղեկավար, առաջին հերթին պետք է բացասական կողմերի հետ աշխատի, ես դա նկատի ունեի: Այդ գեների վրա պետք է աշխատենք՝ ոնց անենք, որ մենք կոլեկտիվ ու հանրային շահ հասկանանք, որ «Արարատ 73»-ը չլինի այդպիսի արտառոց բան: 

Մինչև այսօր մենք դա մեծարում ենք, որովհետև միակ դեպքն է, երբ մենք կոլեկտիվ սպորտում հաջողության ենք հասել: 

– Որքանո՞վ է նպատակահարմար ամենօրյա աշխատանքը որպես կարևոր փաստեր ներկայացնել:

– Դա անում են այն ժամանակ, երբ ինքդ ես հասկանում, որ այդ հարցերը, մեղմ ասած, խնդրահարույց են: Ես էլ չեմ խորանում ընձառյուծի փաստի մեջ կամ սեփական կնոջն ու երեխայի տուգանելու հարցում: Եթե ես լինեի՝ կարող է օրը վեց անգամ տուգանեի սեփական կնոջս ու ասեի՝ տեսեք՝ վեց անգամ տուգանվեց՝ սխալ փողոց անցավ, դուռը սխալ բացեց: Նման բաներ անում են այն ժամանակ, երբ իրականում փաստարկ չունես: Ես նայում եմ՝ կոլապսի հոտ եմ առնում: Եվ այդ կոլապսը, խնդրում եմ, չկապել կորոնավիրուսի հետ:

– Իսկ ինչի՞ հետևանք է:

– Սա կադրային խնդիր է, առաջին նշանակումները տեսա և արդեն հասկացա: Ես շատ ոգեշնչված էի փոփոխություններով, որովհետև Հայաստանում ֆեոդալիզմը պետք է վերջանար: Եվ դրա համար ես չեմ փոշմանել: 

Այսօրվա հանրապետականներին, որոնց մեջ կարգին տղերք կային, որոնք խոսում են ու շատ ճիշտ բաներ էլ են ասում, ես մի բան եմ ուզում հիշեցնեմ՝ այսօրվա պատասխանատուն իրենք են: Եվ դրա համար ես որևէ մեղանչում չեմ լսում, այսօրվա իրավիճակը իրենց ստեղծածի հետևանքն է, իրենք են սա ստեղծել:

Մենք լուրջ խնդիր ունենք, մենք շատ տաղանդավոր ազգ ենք, բայց հարցը հասնում է կուսակցական շահին, ամեն ինչ միանգամից ստոպ է լինում: Մարդը, որը քո կուսակցությունից չէ, մարդ չէ՞: Դու բոլորի վարչապետը պետք է լինես՝ թե՛ հայհոյողի, թե՛ քննադատողի, թե՛ փնովողի: 

Վեր պետք է կանգնես այդ ամենից, եթե չունես այդ ընդունակությունը, միանգամից պետք է հեռանաս: Այո՛, արմունկներդ կրծելով, պռոշներդ կծելով՝ դու պետք է լինես բոլորի վարչապետը, և առաջին հերթին՝ ընդդիմախոսներինը, հետո նոր նրանցը, ով սիրում է ուտել մարմնի տարբեր մասերը: 

Եվ ասել, որ այսօր ատելության մթնոլորտ չկա, դա նշանակում է էշի տեղ դնել մեզ բոլորիս: Իսկ մենք չենք սիրում, որ մեզ էշի տեղ են դնում:

– Եվ այդ ատելության մթնոլորտի պատասխանատուն առաջին հերթին իշխանությո՞ւնն է:

– Այո՛, առաջին հերթին, որովհետև լուրջ մի էներգիայի կուտակում կար: Իրենց խորհրդականներն են անհասկացող՝ ահա թե այս ամենը որտեղից է գալիս: Մեկը չկա, որ կասի՝ ամեն հեղափոխությունից հետո սարսափելի բացասական էներգիայի կուտակում կա, այդ էներգիան պետք է ցրել: Բայց իրավիճակը եկավ նրան, որ արդեն ընտանիքներն իրար են ուտում:

Այդ մթնոլո՞րտն է պատճառը, որ խորհրդարանում արդեն ծեծկռտուք է լինում:

– Խորհրդարանի տխմար մակարդակն է առաջին պատճառը: Ես կարծում եմ՝ 90-ականների սկզբի խորհրդարանից հետո մենք չենք ունեցել մակարդակով խորհրդարան: Մի ուժ ստացել է մոտ 80 տոկոս ձայն, բայց այսօր արդեն իրենք այդ տոկոսը չունեն: Եվ ստացվում է, որ այս խորհրդարանը դարձյալ չի արտահայտում այսօրվա պատկերը: Այսինքն՝ մենք միշտ ունենում ենք խորհրդարաններ, որոնք չեն արտահայտում ժողովրդի կամքը:

Ի՞նչն է պատճառը, որ չի փոխվում խորհրդարանների որակը:

– Անձնական շահերը գերադասելը: Հանրային շահ, պետական շահ չկա, անձնական շահը չի կարող գերիշխող լինել պետականության շահին: Իրենք իրենց համար են, ՔՊ-ն իրենց համար է, իրար օգնում են, իրար նշանակում, իրար սատարում, բա մե՞նք ինչ անենք: 

Սովորական քաղաքացին զգում է, որ ինքը բացարձակ պաշտպանված չէ: Ես հիմա չգիտեմ՝ ունե՞մ վարչապետ, նախարար, թե՞ ոչ, ոչ մի բան չունեմ ես: Այդ պարգևավճար ստացողներից 35 անգամ ավելի լումա ունենք Հայաստանում ներդրած, ինչո՞ւ պետք է նրանք ստանան: Եվ ինձ նման շատ մարդ կա: Ինչի՞ համար են ստանում, որ գան ու այբբենարանը գցեն աղբամա՞ն: Դու պետք է գնաս աղբաման ու գնալու ես:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am