«Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու»․ Ծառուկյան

Ծառուկյան-Մարության թղթաբանական «փոխհրաձգության» նրբությունները. Fip.am
Հեղինակ MediaLab

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու, քանի որ հակված եմ ժամանակս ու ռեսուրսներս ավելի արդյունավետ օգտագործել: Մեր երկրի առջև այսօր ծառացած են խնդիրներ, որոնք օր առաջ անհրաժեշտ է լուծել:

1.Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում վարկային համաներում պետք է իրականացվի: Համատարած պարապուրդի պայմաններում ազգաբնակչությունը կանգնած է հանապազօրյա հացի խնդիրը լուծելու առաջ և անմարդկային է նրանցից վարկերի տոկոսներ գանձելու պարտադրանքը:

2. Անհրաժեշտ է օր առաջ կարգավորել բարձր միավորներով ԲՈՒՀ-երից դուրս մնացած դիմորդների հարցը: Անթույլատրելի է բարձր առաջադիմություն ունեցող երիտասարդներին զրկել կրթություն ստանալու հնարավորությունից:

3.Անթույլատրելի է տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում ուսման վարձավճարների թանկացումը: Հարկ եղած դեպքում պետությունը պետք է իր վրա վերցնի սուբսիդավորման ֆինանսական բեռը:

4.Անթույլատրելի է արտակարգ դրության պայմաններում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային բեռի ավելացումը:

5.Պատկան մարմինները օր առաջ պետք է լուծեն ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների խնդիրը:

6. Ամբողջ աշխարհը նախապատրաստվում է համավարակի տարածման երկրորդ ալիքին: Իշխանությունները պարտավոր են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի չկրկնվի մարտ ամսվա իրավիճակը, երբ իշխանությունների ուշացած որոշումների պատճառով մենք ունեցանք 1000-ից ավել մահ:

7.Պետությունը պարտավոր է ապահովել կորոնավիրուսով վարակված և տնային պայմաններում բուժում ստացող մեր հայրենակիցների ապաքինման գործընթացի և անհրաժեշտ հետազոտությունների պատշաճ կազմակերպումը:

Սրանք այն առաջնահերթություններն են, որոնք օր առաջ պետք է իրականացնեն իշխանությունները: Այս քայլերի անհրաժեշտության մասին ես բարձրաձայնում եմ մեկ պարզ պատճառով՝ երկիրը ղեկավարող քաղաքական ուժերն ու անձինք միշտ փոխվում են, և կարևորը ժամանակին ժողովրդի խնդիրները լուծելն է ու պետության դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելը: Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են…»։