«2 տարի ա՝ դատական պրոցես ա, ոչ մեկին չեն դատում, մեղավորներն արդեն պիտի պատժված լինեին»․ որդեկորույս մայր՝ պայքարելու եմ

«Սխալ հրամանատարության «շնորհքն» ա, որ էսօր 18 տարեկան ջահել տղաները չկան։ Ամեն ինչ են արել, որ էս էրեխեքին տան թուրքերին, մտածված ծախել են էրեխեքին»,- «Մեդիալաբին» ասում է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Օհանյանի մայրը՝ Ասյա Մանուկյանը, և նշում՝ Ցորի հրետանային դիվիզիոնի զոհված 21 տղաների ծնողներով մինչև վերջին շունչը պայքարելու են, որ մեղավորներն իրենց պատիժը կրեն։ 

«Մենք պայքարելու ենք ու անելու ենք ամեն ինչ, մենք պուճուր հավի ճտեր չէինք տվել, որ իրանց գրոշներով կարան առուծախ անեն»։

Ասյա Մանուկյանի խոսքով՝ որդին կարող էր ողջ լինել, եթե հրամանատարությունը սխալ հրամաններ չտար, չփախչեր՝ տղաներին թողնելով մենակ, առանց զենք-զինամթերքի թշնամու դեմ։

Ասյան ասում է՝ դատական նիստերին մշտապես մասնակցում են, մինչև վերջերս կարծես տեղաշարժ չկար դատական պրոցեսում, քանի որ ինչ-ինչ պատճառներով նիստերը հաճախակի հետաձգվում էին: 

«2 տարի ա՝ դատական պրոցես ա, ոչ մեկին չեն դատում, դեռ ոչ մի ռեալ դատական պրոցես չի ընթացել, մի երկու բառ խոսում են ու անընդհատ հետաձգում՝ էս պաշտպանը չկա, էս մեկը հիվանդ ա: Էս վերջում նիստ ա եղել, նոր սկսել են ընթացք տալ, վկաներ են գալիս, տեսնենք՝ ինչ կլինի։ Եթե պետություն կա, էսօր մեղավորներն արդեն պիտի պատժված լինեին»,- ասում է նա։

Ըստ Ցորի տղաների ծնողների հավաքած տեղեկատվության՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 12-ին տղաները Ջուվառլու կոչվող բնակավայրում մենակ են մնացել հակառակորդի հատուկջոկատայինների դեմ պայքարում, հրամանատարական կազմը նրանց լքել է՝ փախուստի դիմելով կրակային տարածքից։ Տղաները հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ առանց հրամանատարական կազմի պայքարել են և զոհվել։

Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: 

Նա, ըստ մեղադրանքի, 2020 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 6-ի սահմաններում, (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող Ջուվառլու կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում «ԳԱԶ» մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման՝ Գևորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի 20 պահեստազորայիններ, զինծառայողներ:

Գևորգ Գևորգյանը իր մեղադրանքը չի ընդունել։

Այս դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ 

Ասյա Մանուկյանի որդին՝ Նարեկ Օհանյանը, 2020-ի հուլիսի 2-ից Ժամկետային ծառայության է անցել Ցորի լեգենդար գնդում՝ որպես հրետանավոր: Պատերազմի օրերին ոչնչացրել է թշնամու բազմաթիվ դիրքեր՝ հակառակորդին պատճառելով տասնյակից ավելի կորուստներ: 

Նարեկը պատերազմի օրերին մարտնչել է առաջնագծի ամենաթեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արալեռ: 

Հոկտեմբերի 12-ից Նարեկի ծնողները որդուց որևէ լուր չեն ստացել, շուրջ մեկ տարի 3 ամիս որդուն ողջ-առողջ գտնելու հույսով սպասել են, թակել բոլոր հնարավոր դռները։

«Մեզ խաբում էին, թե բունկերում են, ապահով են կամ չեզոք գոտում են, հետո՝ որ գերի են։ Իրանց տված զուր հույսերի վրա մտածում էինք, որ հնարավոր ա՝ տղաները ինչ-որ մի տեղից դուրս գան։ Դուռ չմնաց, որ չդիմեինք, մինչև անգամ սրբի դռներն ենք քնել, որ գոնե մեկից մի լուր ունենանք»,- հուզմունքով պատմում է Ասյան։

2021 թ․ նոյեմբերի 2-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 տղաների մարմիններ, որոնց թվում նաև՝ Նարեկի աճյունը։ Նոյեմբերի 20-ին ԴՆԹ փորձաքննության արդյունքներով համընկնում է արձանագրվել։

Ասյան դառնորեն է հիշում նոյեմբերի 24-ը, երբ հարազատները և մյուս զոհված տղաների ծնողները իրենց տուն են եկել ու հայտնել ողբերգական լուրը։

«էդ օրը մեր տան մոտ տղամարդկանց բազմություն էր, արդեն մոտավորապես գլխի էի ընկնում, ինչքան էլ չուզեի հավատայի։ Ծնողներն եկան, ասեցին՝ Աս, մեր էրեխեքն են, բոլորին իրար հետ են տվել»,- պատմում է ու հուզվում մայրը։

2021 թ. դեկտեմբերի 2-ին Նարեկի և իր ընկերների հոգեհանգիստն է կատարվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, իսկ դեկտեմբերի 3-ին՝ հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Ասյան հուզմունքով հավելում է՝ քանի որ տղաներից միայն մասունքներ էին մնացել, հետագայում կրկին որդու մասունքներից են հայտնաբերվել ԴՆԹ-ի համընկմամբ, և կրկնակի հուղարկավորություն են արել։

Ասյան իրականությունը մեկ բառով է նկարագրում՝ դաժան։

«Մեր կյանքը գլխիվայր թեքվեց։ Մեր ապրելը ոչ մեկս էլ չենք ուզում, ծնողներով իրար ուժ տալով շարունակում ենք ապրել՝ հանուն մեր մյուս էրեխեքի»,- արցունքների միջից պատմում է մայրը։

Նարեկ Օհանյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ասյան որդու մասին խոսելիս հաճախ է կրկնում «համեստ, բարի, ազնիվ» բառերը: 

Նշում է՝ որդին յուրահատուկ էր, ուշադիր՝ ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ ծանոթների ու անծանոթների հանդեպ։ Չէր սիրում, երբ որևէ մեկը մյուսին անհիմն մեղադրում էր, չէր սիրում վեճերը կռվով հարթել, մշտապես ասում էր՝ խոսքով է պետք է լուծել։

Նարեկի տարերքը մեքենաներն էին, սիրում էր մեքենաների հավաքածու հավաքել, զորակոչվելուց առաջ էլ վարորդական վկայական էր հանել ու սկսել մեքենա վարել։

«Մեքենաների հավաքածուն միշտ ինքն էր խնամքով դասավորում, փոշիները սրբում, հայրը որ գիտեր սիրում ա, հենց նոր մեքենա էր դուրս գալիս, Նարեկի համար գնում էր։ Չնայած մեքենա վարել շատ էր սիրում ու սկսել էր վարել, բայց մի դեպք եմ հիշում՝ ինչպես փորձեց հրաժարվել իր վարորդական իրավունքից հանուն եղբոր։ 

Ինքը եղբոր համար կյանքն էլ չէր խնայի։ Իրան պետք ա տանեին բանակ, պռավան նոր էր հանել, եղբորը բռնեցին, ուզում էին պռավայից զրկեին, Նարեկը եկավ, ասեց՝ ես իմ պռավան տալիս եմ, թող ինձ զրկեն, ես բանակ եմ գնում: Ասեցի՝ չէ՛, Նարե՛կ ջան, թող եղբորդ զրկեն, որ մյուս անգամ կանոն չխախտի, ասեց՝ մա՛մ, որ իրան զրկեն, որ ուզենաս իմ մոտ գաս, ո՞նց ես գալու։ Ինքը շատ ընտանիքասեր էր, ամեն հարց մտածում էր»։ 

Որդեկորույս մայրն ասում է՝ մինչ այսօր էլ չի կարողանում համակերպվել որդու կորստի հետ։ Ցավը որևէ կերպ չի սփոփվում։ «Միշտ գնում եմ Նարեկիս մոտ, խոսում, ասում՝ էս քո տեղը չէր, իմն էր․․․»,- պատմում է ու հուզվում Ասյան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am