Աստանա. համատեղ հայտարարություն է ընդունվել Ղարաբաղի վերաբերյալ

Աստանա. համատեղ հայտարարություն է ընդունվել Ղարաբաղի վերաբերյալ
Աստանա. համատեղ հայտարարություն է ընդունվել Ղարաբաղի վերաբերյալ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ հայտարարություն են ստորագրել:
Հայտարարության մեջ ասվում է, թե կողմերը համաձայնության են եկել առ այն, որ ժամանակն է` ԼՂ հիմախնդրի լուծման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար: Համաձայնագիրը ստորագրող կողմերը վկայակոչել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ համատեղ հայտարարությունները 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում /Մայնդորֆյան հռչակագիր/ եւ 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում:

Կողմերը նաեւ համաձայնության են եկել, որ խաղաղ, բանակցությունների արդյունքում ձեռք բերված կարգավորումը կհանգեցնի կայունության ու անվտանգության և տարածաշրջանի ժողովուրդների իրական հաշտեցման միակ ճանապարհն է:

«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը` ԼՂ հակամարտության վերջնական լուծմանը հասնելու` հիմնված Միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի Հռչակագրի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի եւ Օբամայի` 2009 թվականի հուլիսի 10-ին Աքվիլայում եւ 2010 թվականի հուլիսի 26-ին Մուսկոկայում /Կանադա/ արված հայտարարությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ երեք համանախագահող երկրներն էլ իրենց հերթին աջակցություն են հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին` հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար անհրաժեշտ որոշումների հարցում: Նրանք կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին նոր եռանդով կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք դեռ մնում են հիմնարար սկզբունքներում եւ կարգադրել են իրենց երկրների համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտող կողմերի հետ այս ջանքերին օժանդակելու նպատակով:

Բանակցություններում ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով նրանք կոչ են արել լրացուցիչ քայլեր կատարել` ամրապնդելու համար զինադադարը և փոխվստահության միջոցառումներ ձեռնարկել բոլոր ոլորտներում:

© Medialab.am