«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագիրը

Մարզային կյանքի զարգացման զարկերակն անցնում է մշակույթի տներով: Ցանկալի է, որ զարգացումն ընթանա անհատ կերտող, անհատին սատարող, անհատին թևեր տվող այնպիսի կառույցների տանիքի տակ, ինչպիսիք են մշակույթի տները: Մարզի ամեն համայնք ունի իր գույնն ու բնավորությունը, խնդիրն ու զարգացման պոտենցիալը: Այս բոլոր շերտերը պետք է ամփոփի մշակույթի տունը՝ դառնալով շնչող ու ապրեցնող միջավայր:

«Բոլորիս ձեռքում է այս ծրագրի կայացումը, Հիմնադրամը կարևորում է բոլոր աջակիցների ներդրումը: Յուրաքանչյուր քայլ նպաստելու է դրական փոփոխության: Նույնիսկ մեկ սրահի վերանորոգումն ու վերազինումը կբերի նոր շունչ հաստատության կյանքում, կբացի նոր հորիզոններ:

Մշակույթի տների արդիականացումն օգնելու է վերականգնել ավանդաբար նրանց ունեցած դերն ու ազդեցությունը համայնքի վրա: Աշխատանքային այցերն ու շփումը հուշում են, որ սա ավելի քան սպասված նախաձեռնություն է, սա կենսական անհրաժեշտություն է համայնքի համար: Հրաշալի կլինի, որ այս ծրագիրը վերածվի միջմարզային զարգացման մարաթոնի, մենք արդեն շոշափում ենք ներուժի զարթոնք»,- ընդգծում է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Մարզային մշակութային կյանքը կենսունակացնելու, նոր թափ ու իմաստ հաղորդելու, ինչպես նաև մարդկային ռեսուրսների բացահայտման նպատակով «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագիրը, որն ունենալու է երկու հիմնական ուղղություն՝ որոշ սրահների, սանհանգույցների վերանորոգում, կահավորում, տեխնիկայի տրամադրում և աշխատակազմի վերապատրաստում, մասնագիտական հմտությունների փոխանցում:

«Մենք հավատում ենք, որ համայնքներն ունեն ահռելի ներուժ, որոնց բացահայտման, դրսևորման համար ցանկանում ենք ստեղծել անհրաժեշտ միջավայր: Շատ կարևոր է բոլոր մշակութային տներին տալ հավասար ու համաչափ զարգացման հնարավորություն»,- նշում է Հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող Լիլիթը:

Ծրագրով նախապես մշակվել էր մշակույթի տների աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի ժամանակացույցն ու մեթոդոլոգիան՝ հանդիպումներ մենթորների հետ, վերապատրաստումներ, աշխատաժողովներ, այցեր օրինակելի մշակութային կենտրոններ, որն արագ համապատասխանեցվեց COVID-19-ով ստեղծված պայմաններին՝ ծրագրի օրացույցից մեկ օր չշեղվելու հաստատուն մտադրությամբ:

«Ունենք մշակույթի տների աշխատակիցների ներգրավման, նախաձեռնողականության և միմյանց հետ արդյունավետ աշխատանքի եզակի ու շատ ուրախացնող արդյունք: Շատ տպավորված ենք մշակույթի տներ այցելությամբ, մարդկանց սպասումները, ձգտումները շատ պարտավորեցնող են ու ոգևորիչ», – հավելում է Հիմնադրամի ծրագրերի գծով օգնական Աննան:

Տեղում՝ համայնքներում, ութ ամիս շարունակ իրենց աշխատանքներն են վարելու ծրագրի մենթորները, որոնցից յուրաքանչյուրը, հաշվի առնելով տվյալ մշակույթի տան կարիքներն ու հնարավորությունները, մշակում է զարգացման ուրույն պլան: Տաս մշակույթի տան համար ներգրավված են վեց մենթորներ, նրանց բոլորին միավորում է ծրագրի կարևորությունը, մարզի հզոր ներուժի բացահայտման հեռանկարը: «Շատ-շատ ոգևորված եմ, երազանքների նախագիծ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն, ես գտել եմ ինձ: Ամեն ինչ անելու ենք, որ մշակույթի տներն իրենց արժանի ու իրական դիրքերում դրվեն: Համոզված եմ, որ այս եզակի կենտրոնները դառնալու են ճառագայթի օջախներ: Իրականում մշակույթի տներն ու գյուղերը շատ փոխկապակցված են, պետք է գտնել ու նորոգել այդ կապերը, պետք է թարմացնել ու նոր որակ հաղորդել նաև սերունդների երկխոսությանը»,-կարևորում է Լճաշեն ու Խաչիկ գյուղերի մենթոր Էկա Հորստկան:

Ծրագրի շրջանակներում սկսվել են նաև այցեր դեպի մարզերի մշակույթի տներ, տեղի են ունենում պլանավորման հանդիպումներ: Հիմնադրամի աշխատակիցներն արդեն եղել են Ստեփանավանի, Բերդի, Գանձաքարի, Լճաշենի մշակույթի տներում:

«Ձեր զանգը փոխեց ամեն ինչ, ինձ նոր հույս տվեց պայքարելու մշակույթի տան ու համայնքի կյանքի բարեփոխման ու աշխուժացման համար, սա կայծ է, որ ես փայփայում եմ ու փորձում տարածել և՛ աշխատակազմի, և՛ համայնքի վրա: Չորս տարվա պայքարից հետո ես հայտնվել էի հուսահատության մեջ: Ունենք հրաշալի երիտասարդներ, որոնց համախմբել է պետք: Վստահ եմ, որ համագործակցությունը կտա երկար սպասված պտուղները: Մշակույթի տունը նաև կարևոր վայր է տարեցների համար, որոնք այսօր զրկված են իրենց վաստակած հանգիստը ներդաշնակ անցկացնելու հնարավորությունից, հավաքվում են կանգառներում, փորձում լցնել իրենց առօրյան: Այժմ բոլորն են ոգևորված, սպասում են ու հավատում»,- պատմում է Գանձաքարի մշակույթի տան տնօրեն Հայկուհի Մեհրաբյանը:

Ինչպես Հիմնադրամի մյուս ծրագրերը, մշակույթի տները նույնպես ունեն երկարաժամկետ արդյունքների հստակ տեսլական՝ մարզային բնակավայրերի մշակութային կյանքի զարգացում և աշխուժացում, երիտասարդների համար մարզերում ստեղծագործելու և կայանալու, սեփական համայնքը զարգացնելու հնարավորությունների ստեղծում, մշակութային ծառայությունների համաչափության, մատչելիության և հասանելիության ապահովում ՀՀ մարզերում, վերազինված մշակութային հաստատությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ զբոսաշրջության և տնտեսության զարգացում, համընդհանուր մշակութային կյանքի հարստացում և զարգացում:

Հիշեցնենք, որ տարեսկզբին «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագիրը, հայտարարվեց ընտրության փուլ, որի արդյունքում ընտրվեցին 10 մշակույթի տներ: