Գերմանիայում պետք է ավելի համարձակ խոսել միգրացիայի հետ կապված խնդիրների մասին, իսկ ներգաղթյալների վարքագիծը պետք է գնահատել նույն չափանիշներով, ինչ տեղացիներինը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Յուլիա Քլյոքները։
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականին տված հարցազրույցին, իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ներկայացնող Քլյոքներն ընդգծել է, որ կանանց նկատմամբ խտրականությունն անընդունելի է՝ անկախ նրանից, թե ով է այն դրսևորում։
«Եթե ամեն ինչ ծայրահեղականություն է, ուրեմն այլևս ոչինչ ծայրահեղականություն չէ։ Եթե ամեն ինչ ռասիզմ է, ուրեմն այլևս ոչինչ ռասիզմ չէ»,- հայտարարել է նա։
«Վերցնենք, օրինակ, կանանց իրավունքները։ Երբ կանանց նվաստացնում կամ խտրականության են ենթարկում, ինձ համար կարևոր չէ, թե ով է դա անում։ Ես դեմ եմ դրան։ Եթե դա տարեց սպիտակամորթ տղամարդ է, բոլորը համաձայն են։ Բայց ես ուզում եմ նույն կերպ խոսել նաև այստեղ եկած մաչոյի մասին, որը կարծում է, թե կին ուսուցիչներին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ նրանք կանայք են։ Դա ռասիզմ չէ, ինչպես ոմանք ինքնաբերաբար պնդում են։ Եթե մենք արարքները գնահատում ենք՝ կախված նրանից, թե ով է դրանք կատարել, ուրեմն խնդիր ունենք»,- ասել է Քլյոքները։
Անդրադառնալով ընդդիմադիր ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» և Ձախ կուսակցություններին՝ Բունդեսթագի նախագահը նշել է, որ երկուսն էլ խորհրդարանում հայտնվել են ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։
«Դա ընտրողների կամքի արտահայտությունն է»,-ասել է Քլյոքները՝ կոչ անելով հանդուրժողականություն ցուցաբերել տարբեր կարծիքների նկատմամբ։



















