Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխության թեմային՝ այն ներկայացնելով որպես պետականության և անվտանգության երկարաժամկետ ռազմավարության։
«Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ։
Ինչու և ինչով է կարևոր այս օրակարգը։ Այդ նույն, լեգիտիմության պատճառով։ Մեզ չի լքում այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օտարություն են զգում Հայաստանի Հանրապետությունում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Օրենքները, կարգավորումները, իրավակարգը մեզանում հաճախ ընկալվում են որպես անհարմարություն և խոչընդոտ, որպես օտարոտի և անհարազատ մի բան, քան կենսական անհրաժեշտություն։ Ինչ խոսք, սրանում դեր կարող են ունենալ և ունեն կարգավորումների, օրենքների երբեմն վատ որակը, բայց խոսքն այս պահին սրա մասին չէ, այլ այն օտարության, որով մեզանում հաճախ վերաբերվում են իրավակարգին և պետական կարգին»,-նշել է նա։
«Ինչու նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ։ Որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն, և ինչպես Նոր կտակարանում է ասվում՝ նոր գինին նոր տիկերի մեջ։
Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է՝ «սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ»։ Բայց կարգախոսն այդպես էլ կարգախոս կմնա առանց իրավակարգի և քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման պայմանականորեն ասած առանց կենսաբանաքաղաքական գործընթացի, որը կստեղծի այդ կապը։ Սա է նոր Սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկը։
Նոր Սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր՝ պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աէրոդինամիկա, էլի պայմանական, և աէրոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ՝ ավտոմեքենա՞, ինքնաթի՞ռ, թե տիեզերանավ։
Հենց սրա համար է կարևոր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում»:



















