ՌԴ-ում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից շուրջերկրյա ճանապարհորդի ինքնաթիռը

Ճապոնական ծագում ունեցող ճանապարհորդ Մաեդա Շինջին, որն ԱՄՆ-ից շուրջերկրյա ճանապարհորդություն է սկսել, հունիսի 5-ին վայրէջք է կատարել Յուժնո-Սախալինսկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հատնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Մաեդա Շինջին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում հանուն աշխարհի բոլոր երեխաների։ Մաեդան ծնվել է Ճապոնիայում և թռչում է 2005 թվականից։ 36 օրում օդաչուն հասել է Սախալին կղզի և առաջին անգամ վայրէջք կատարել մեր օդանավակայանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մինչև Սախալին հասնելը, նա վայրէջքներ է կատարել ԱՄՆ-ում, Կանադայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Բահրեյնում, Պակիստանում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Թաիլանդում, Ֆիլիպիններում, Կորեայում, Ճապոնիայում: Յուժնո-Սախալինսկից օդաչուն կուղևորվի Մագադան և այնուհետև տուն՝ ԱՄՆ: