«Ժողովուրդն իր արժանապատվությամբ պարտադրեց, որ ավազակները ստիպված զիջողական կեցվածք ընդունեն». Աշոտ Ադամյան

«Ժողովուրդն իր արժանապատվությամբ պարտադրեց, որ ավազակները ստիպված զիջողական կեցվածք ընդունեն». Աշոտ Ադամյան
«Ժողովուրդն իր արժանապատվությամբ պարտադրեց, որ ավազակները ստիպված զիջողական կեցվածք ընդունեն». Աշոտ Ադամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը:

– Պարո՛ն Ադամյան, տարիներ շարունակ տեսակետ է եղել, որ Հայաստանում ժողովուրդը դուրս չի գա բողոքի, ոչինչ չի փոխի երկրում: Եվ ահա, մենք ականատես եղանք հզոր համաժողովրդական շարժման, ի՞նչ կատարվեց:

– Կատարվեց այն, որ պարզվեց՝ նրանք, ովքեր այդ բանն ասում էին, խորապես սխալ էին, որոշակի տեղեկություններից հեռու մարդիկ էին և ուզում էին իրենց անձնական տեսլականը ներկայացնել: Փաստը առերես է:

– Ի՛նչ ապացուցեցին մարդիկ:

– Ես չգիտեմ՝ ով ի՛նչ ապացուցեց, ինձ թվում է՝ ամեն մեկի մեջ իր համոզմունքն է աշխատել, անտեղյակությունից մի կողմ են կանգնել մարդիկ, սկսել են տեղեկանալ, և նրանց մեջ վերջապես արթնացել է արժանապատվության ծիլը:

– Այս շարժումն ի՞նչ կարող է փոխել երկրում:

– Ամեն ինչ:

– Իսկ իշխանություններին սա դա՞ս եղավ:

– Ո՛չ, ոչ մի դաս չեղավ գործող իշխանությանը, որովհետև Ազգային ժողովի նիստի ժամանակ ես տեսա, թե ոնց բութ ու հաստագլուխ կային, այդպես էլ մնացել են: Ես շատ ուրախ եմ, որ այդ ահավոր ու սարսափելի ձևով մերժումը գնաց, որովհետև դա եղավ նրանց մահախոսականը: Բայց նրանք դարձի ու խելքի չեկան, դա նրանց համար չէ: Հլը թող իրենք այս 10-20 տարվա իրենց մխտռածի մասին մտածեն:

– Ի վերջո, իշխանությունների կողմից զիջումներ եղան, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հիմա էլ հայտարարում են, թե մայիսի 8-ին կողմ կքվեարկեն ժողովրդի թեկնածուին: Այսինքն՝ այնուամենայնիվ ժողովուրդը նրանց  ստիպե՞ց հաշվի նստել իր կարծիքի հետ:

– Ուզում եք շնորհակալությո՞ւն հայտնեմ նրանց, խոնարհվեմ ու շնորհակալություն ասե՞մ: Ես հրաժարվում եմ նրանց շնորհակալություն հայտնելուց, որովհետև միակ բանը, որ տեղի ունեցավ, այն է, որ ժողովուրդն իր արժանապատվությամբ պարտադրեց, որ ավազակները ստիպված զիջողական կեցվածք ընդունեն: Ձեզ թվում է՝ Սերժիկը հենց այնպե՞ս հրաժարական տվեց, հենց այնպե՞ս են ոմանք հիմա ինչ-որ բաներ խոսում: Ես չեմ խոնարհվում նրանց առաջ և երբևէ մտադիր էլ չեմ խոնարհվել: Նրանք տասնյակ տարիներ են իմ կյանքից խլել, որպեսզի ես նրանց գոնե մազաչափ շնորհակալ լինեմ:

– Բայց նաև տեսանելի է, որ մինչև վերջ փորձում են կառչել աթոռից:

– Կառչել են, ուրեմն ես նրանց առավել ևս մաղթում են, որ այդ աթոռը… Այսպիսի մի լավ ժողովրդական խոսք կա՝ սկզբում աթոռի վրա ես, հետո այդ աթոռը մի ուրիշ տեղդ է մտնում, ես իրենց դա եմ մաղթում: Իրենք այդ պրոցեսի մեջ են հիմա:

– Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ իշխանության փոփոխությունից հետո վենդետաներ չեն լինելու: Տարիներ շարունակ խոսվել է պաշտոնյաների հարստանալու, դղյակներ կառուցելու, բանակի գումարները յուրացնելու մասին: Ինչպե՞ս պետք է պատժվեն նրանք:

– Ես իմ կարծիքն այս հարցում չեմ թաքցրել՝ ես երբեք չեմ եղել վենդետաների կողմնակից: Այդ մարդիկ պետք է հզորագույն, արդար օրենքի առաջ իրենց արժանի պատիժը կրեն: Միայն սա պետք է իրագործվի: Եթե մենք վենդետա անենք, դա շատ մեծ ճոխություն կլինի նրանց համար: Ո՛չ, արժանի, արդար դատարանի որոշմամբ արժանի պատիժ պետք է լինի:

– Եվ հույս կա՞, որ դա կլինի Հայաստանում, այս շարժման արդյունքում կունենա՞նք այդ արդար դատարանն ու գործող օրենքը:

– Ես չգիտեմ, նրանց հարցրեք՝ մտադի՞ր են պահել այս տականք իշխանությունը, թե՞ ոչ: Բայց Հայաստանն արդեն փոխվել է, 15 օր առաջ կամ մեկ ամիս առաջ դուք այսպիսի Հայաստան հիշո՞ւմ էիք:

– Արդեն կան տեղեկություններ, որ ներգաղթ է սկսվում, որ այս գործընթացները կարող են նպաստել արտագաղթի կանխմանը, մարդիկ հետ կգան Հայաստան, ներդրումներ կհոսեն երկիր: Սպասե՞լ նման դրական զարգացումներ:

– Ես այդքան ասեկոսեներին չեմ հավատում, բայց մի հարցում վստահություն ունեմ. եթե մեր երկիրը նորմալ կերպար ու բովանդակություն է ստանում, վստա՛հ եղեք, որ շատերը կվերադառնան և իրենց լուման կներդնեն իրենց երկրի բարօրության համար: Ես վստահ եմ, ոչ թե հույս ունեմ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am