ԲՀԿ-ն չի սատարի Ռոբերտ Քոչարյանին

ԲՀԿ-ն չի սատարի Ռոբերտ Քոչարյանին
ԲՀԿ-ն չի սատարի Ռոբերտ Քոչարյանին

«ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտը» չէ»,- փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը` բացառելով Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու դեպքում կուսակցության`նրան սատարելը:

Այսպիսով Գալստյանը պատասխանել է ՀԱԿ  ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանին, ով  օրեր առաջ մամլո ասուլիսում հայտարարել էր, թե ԲՀԿ-ն իրեն տարանջատել է Ռոբերտ Քոչարյանից:

«Ես չեմ մեկնաբանելու այդ տեսակետը, քանի որ եւս մեկ անգամ հաստատում եմ, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կուսակցություն է եւ համախմբված է իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ: Որևէ մեկին կպցնել կուսակցությանն անտեղի եմ համարում»,- ասել է Գալստյանը:

Գալստյանը նաեւ ասել է, թե կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ԲՀԿ-ն չի կորցրել իր ինքնուրունությունը եւ ոչ էլ մտահոգ է, թե ԲՀԿ-ի վարկանիշը կընկնի կամ արդեն ընկել է կոալիցիոն հուշագիրը ստորագրելու պատճառով:

«Այս հուշագրի ստորագրումը եկավ ապացուցելու, որ ԲՀԿ-ն, ի դեմս պարոն Ծառուկյանի, այս երկրի սթափ մտածող եւ ծանրակշիռ դերակատարում ունեցող քաղաքական ուժերից մեկն է»,-ասել է ԲՀԿ մամլո խոսնակը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:

Ըստ հայտարարության, կոալիցիան գալիք նախագահական ընտրություններին հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի:

 

© Medialab.am