Այս տարի տնտեսական աճը կլինի 4 տոկոս, մինչդեռ էկոնոմիկայի նախարարը երկնիշ աճի հույս ուներ. տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը Կառավարությունը հաստատեց, և այժմ փաստաթուղթը խորհրդարանում է: Ի՞նչ սպասելիքներ ունեք գլխավոր ֆինանսական փաստաթղթից՝ հաշվի առնելով այն, որ արդեն իսկ կարծիքներ կան, թե իրականությունից կտրված հաշվարկների հիման վրա արված փաստաթուղթ է:

– Բյուջեի նախագծին մակերեսային եմ ծանոթացել, և, իմ նախնական դիտարկումներով, շատ սովորական բյուջե է, բայց խնդրահարույց է այն, որ պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները շատ քիչ են լինելու: Այսինքն՝ պաշտպանության ծախսերի իրական աճ գրեթե չի լինելու:

Նաև նախատեսվում է 500 մլն դոլար պակասուրդ, որը շատ է, բայց նաև՝ անխուսափելի: Հարց է, թե ինչքան տնտեսական աճ է նախատեսված:

– Փաստաթղթում նախատեսել են 7 տոկոս տնտեսական աճ:

– Մի քիչ դժվար է պատկերացնել, որ այդքան մեծ աճ է լինելու: Օրինակ՝ այս տարվա հետ կապված էկոնոմիկայի նախարարը երկնիշ տնտեսական աճի հույս ուներ: Սակայն տնտեսական ակտիվության մասին արդեն իսկ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ հնարավոր չէ երկնիշ տնտեսական աճ ապահովել:

Մյուս կողմից էլ՝ խնդրահարույց է սպասվող պակասուրդը, թեպետ նման իրավիճակում լավ բան սպասել էլ հնարավոր չէր:

– 7 տոկոս տնտեսական աճը կառավարությունը հույս ունի ապահովել շինարարության ոլորտում աճի հաշվին: Դա հնարավո՞ր է:

– Ես չէի սպասի, որ նման՝ 7 տոկոս տնտեսական աճ կարող է լինել, բայց նաև համոզված չեմ, որ այդ ոլորտում աճը կարող է հանգեցնել տնտեսական աճի, քանի որ շինարարության ծավալը մեր տնտեսության մեջ այնքան է նվազել, որ ոլորտի աճը շատ լուրջ չի ազդում տնտեսության աճի վրա:

Ես, օրինակ՝ շատ լուրջ ուշադրություն կդարձնեի գյուղատնտեսության ոլորտին, որովհետև այս ոլորտը ոչ միայն տնտեսության ճյուղ է, այլ նաև սոցիալական լուրջ նշանակություն ունի: Բացի այդ, այս ոլորտում ապահովվում է նաև զբաղվածություն:

– Ի դեպ, հակառակի նման հենց գյուղատնտեսության ոլորտից բյուջեով սպասումները քիչ են:

– Այո՛, որովհետև այդ ոլորտը անտարբերության է մատնված: Վերջին տարիների բյուջեները ցույց են տվել, որ այս ոլորտը գործող կառավարության համար ընկալվում է որպես բեռ: Մինչդեռ Հայաստանում գյուղատնտեսությունը լայն հնարավորություններ ունի՝ սկսած նրանից, որ հողատարածքների 40 տոկոսը չի մշակվում:

– Բյուջեով նաև նախատեսում են շուրջ 16 տոկոսով ավելացնել հարկային մուտքերը, այսինքն՝ եկամուտների հիմնական ակնկալիքը կապված է հարկային հավաքագրումների հետ:

– Այո՛, դա նաև վկայում է ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին, տեսնում ենք, որ այդ պայքարը խստացել է և ավելի ինտենսիվ է դառնում: Տեսնում ենք, որ որոշ կարգավորումներ են ներդրվում, փորձում են բոլորին բերել առցանց գործարքների դաշտ: Գործիքակազմը, որն ընդհանուր առմամբ նպատակ ունի կրճատել ստվերային տնտեսության չափը, կիրառվում է:

Այլ հարց է, որ ստվերային տնտեսության կրճատման համար երկարատև կայունություն է պետք երկրում: Ամեն դեպքում տեսականորեն կարելի է ակնկալել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ: Դա կարող է բխել նրանից, թե ՀՆԱ-ի որքան մասը կկազմի գյուղատնտեսությունը, որքան է կազմելու գնաճը և այլն:

Այդուհանդերձ, 2022-ին 7 տոկոսանոց տնտեսական աճ դժվար է պատկերացնել: Այս տարի, իմ կանխատեսումներով՝ մոտ 4 տոկոս տնտեսական աճ կունենանք, հաջորդ տարի էլ՝ 5-6: Բայց դա ընթացքում պարզ կլինի:

– Դուք այս տարվա համար 4 տոկոս տնտեսական աճ եք սպասում, բայց կառավարությունը 6.5 տոկոս տնտեսական աճ է սպասում: Դո՞ւք եք այդքան վատատես, թե՞ կառավարությունն է շատ լավատես:

– Գուցե, բայց իմ հաշվարկը ելնում է ամսական միտումներից: Ես ամեն ամիս վերլուծություններ եմ կատարում, և իմ գնահատականները դրանց հիման վրա են: Ես ամեն ամիս վերանայում եմ իմ գնահատականները. տարվա սկզբում իմ մոտ ավելի բարձր գնահատական կար՝ ակնկալում էի մինչև 7 տոկոս, բայց ամռանից սկսած իրավիճակը սկսել է վատանալ, օրինակ՝ օգոստոսին մենք տեսանք, որ նախորդ տարվա օգոստոսի համեմատ ընդամենը 3 տոկոսով աճ է գրանցվել:

Այդ ցուցանիշը բավականին ցածր է: Սա նշանակում է, որ 2019-ի ցուցանիշների վերականգնում տեղի չի ունենում, հետևաբար դժվար է ակնկալել, որ սեպտեմբերից դեկտեմբեր հատվածում կարող է լրջորեն փոխվել իրավիճակը:

– Տնտեսության մեջ այս պասիվության ֆոնին էկոնոմիկայի նախարարը եռանիշ թվով զբոսաշրջիկների աճ էր կանխատեսում, հետևաբար նաև՝ տնտեսական ակտիվություն: Չստացվե՞ց փաստորեն:

– Այո՛, 320 տոկոսով աճի մասին էր խոսում նախարարը: Տեսականորեն նման թիվ հնարավոր էր, բայց որակական առումով խնդիր կար. եթե չկա որակով առաջարկ, թեկուզ՝ աշխարհագրական առումով, ապա նման աճ կանխատեսելը իրատեսական չէ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am