Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը կարծում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ բանակի և զինվորի վերաբերյալ սկանդալային հայտարարություններ անելով, նախևառաջ անարգում է բանակին ու հայ զինվորին:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ «նախկինում կոնֆետը շպրտում էին, զինվորը ճանկռելով վազում էր այդ կոնֆետի ետևից»:
«Այդ հանդիպմանը ներկա մարդկանցից մեկը չկա, որ ասի՝ ընդհանրապես հասկանո՞ւմ ես, թե ինչ ես խոսում, ով էլ կա, ոստիկանները բռնում-տանում են, կամ թիկնապահները ծեծում են, սա է մեր երկիրը»,- «Մեդիալաբին» ասում է նախկին փոխնախարարը:
Զաքարյանի խոսքով՝ պետք է ցավակցել մեր բանակին, որ այսպիսի գերագույն գլխավոր հրամանատար ունի:
«Գերագույն գլխավորի հարցում ո՛չ բանակի, ո՛չ պետության բախտը չբերեց: Մեր ժողովուրդը խաբվեց, այս խայտառակ պարտությունը մեկ մարդու պարտություն էր՝ դիտավորյալ, թե անգիտությամբ, պարզ կլինի իշխանափոխությունից հետո»,- ասում է Պաշտպանության նախկին փոխնախարարը: