Լույսի հույսով

Լուսանկարում Ալեքս Գրիգորյանն է՝Արցախյան 2 պատերազմների մասնակից Ալեքսանդր Գրիգորյանի որդին։

Տաթևը լույս աշխարհ է եկել հոր մահից հետո: Արցախում սա շատերի ճակատագիրն է: Արթուր Գասպարյանը զոհվել է Կարմիր Շուկայի պաշտպանության ժամանակ: Փոքրիկ Տիգրանը հոր պատկերով շապիկը չի ուզում հանել՝ այդպես է կարոտն առնում:

Արցախյան առաջին պատերազմում պապիկը ոտքն է կորցրել, քեռու ճակատագիրն էլ անհայտ է: Գիտակցո՞ւմ է այս ամենը Տիգրանը, թե՞ ոչ, բայց լրջացել է մանկահասակ տղան: Մի տեսակ պատասխանատվություն է զգում նորածին քրոջ հանդեպ:

Ալեքսանդր Գրիգորյանը ՝կնոջ Սոֆիայի հետ, 2֊րդ զավակին են դուրս գրում ծննդատնից։

Անունը Տաթև են կնքել, որ հույս ու թև տա թևաթափ եղողներին: Մայրը՝ Մարինա Գասպարյանը, այդպիսիներից չէ: Հակառակ իրեն բաժին ընկած փորձությունների՝ բարի ժպիտով է ընդունում շնորհավորանքները, պատերազմից հետո առանց ամուսնու մնացած կանանց խորհուրդ է տալիս պինդ մնալ, չհուսալքվել:

Երիտասարդ մայրն ասում է, որ այսուհետ ապրելու է հանուն իր զավակների ու ամեն ինչ անելու է, որ նրանց հիշողության մեջ վառ պահի հոր անունն ու նրա կարճ կյանքի հերոսական էջերը:

Պատերազմից հետո շատ բան է փոխվել արցախցի կանանց կյանքում:

Մի ստվար հատված ծննդաբերում է՝ գիտակցելով, որ կորցրած հոր, հորեղբոր, քեռու փոխարեն են զավակ ունենում: Եթե արու զավակ է ծնվում, ուրախանում են՝ կկարողանան անունը դնելով՝ հիշատակը վառ պահել:

Ստեփանակերտի մոր և մանկան կենտրոնի բժշկուհի Մանուշակ Սարգսյանը ամեն օր մի նոր դրամայի ականատես է դառնում. «31 տարի աշխատում եմ, նման ծանր իրավիճակում հայտնված չկամ: Մարտ ամսին մեկ օրում երկու ծնունդ եմ ընդունել, երկուսն էլ՝ զոհվածների կանանցից: Չեմ կարող նկարագրել ապրումներս: Երբեմն չեմ ուզում աշխատանքի գնալ, ծանր է շատ. հղիների ու ծննդկանների ծանր հոգեկան վիճակները, երբ առանց ամուսինների են ծննդաբերում, դրսում սպասող նրանց հարազատների ապրումները, որ պապիկ-տատիկ են դառնում, իսկ նրանց որդին չհասցրեց հայր դառնալ…

Շատերը զագսավորված չեն, ընտանիք են կազմել, օրինավոր հարս են, սակայն փաստաթղթերով դա հաստատված չէ: Ու ծննդաբերելուց հետո նրանց փաստաթղթային քաշքշուկների շղթա է սպասում՝ հայրության հաստատում և այլն:

Շվարած են մեր մայրերը: Առաջնածինները մի խնդիր ունեն, նրանք, ովքեր երրորդ, չորրորդ անգամ են մայրանում, այլ մտահոգություն ունեն՝ ո՛նց են պահելու, ի՛նչ է սպասում նրանց:

Տղաներից շատերը բուժման փուլում հոգեմետ դեղեր են ընդունել, հղիները մտահոգված են՝ ծննդաբերելուց առողջ սերունդ կունենան: Ու ես, որ երբևէ հղիության արհեստական ընդհատման կողմնակից չեմ եղել, չգիտեմ՝ ի՛նչ պատասխան տամ նրանց»:

2021 թ. առաջին եռամսյակի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 311 երեխա է ծնվել, որոնցից 149-ը՝ տղա, 162-ը՝ աղջիկ: Արձանագրվել է զույգ երեխայի 6 ծնունդ:

Ազգի գենոֆոնդը համալրելը դժվար կլինի, շատերը այրիացել են՝ առանց մայրանալու բերկրանքը զգալու:

Երկու ամիս չկար, որ ամուսնացել էին, Անին ամուսնուն կորցրեց՝ այդպես էլ չհասկանալով՝ ինչ ասել է ամուսնացած կնոջ կարգավիճակ: Հարութի ծնողները Աստծուց խռոված են՝ ինչ կլիներ, որդին հետք թողներ, ընտանեկան տոհմածառը շարունակվեր:

Մարտունիում Արտաշյանների տոհմածառը շարունակողները հինգ արու զավակներն են: Առաջին Արցախյան պատերազմում ընտանիքի հայրը անհետ կորել է, որդիներից մեկն էլ ականի վրա է պայթել: Արտաշես տղան դեռ էն տարիներին իր համար որոշել էր՝ շատ զավակներ է ունենալու:

2008-ին ամուսնացավ Աննայի հետ, կողակիցը կիսում էր մեծ ընտանիքի գաղափարը:

«Միշտ շատ երեխաներ եմ ուզեցել: Ամեն մի երեխայի ծնունդով պատասխանատվությունը մեծանում է: Չեմ վախենում, միայն թե աշխարհում խաղաղություն լինի, ընտանիքում էլ՝ սեր: Ամեն ինչ հաղթահարելի է»,- ասում է երիտասարդ մայրը:

Էդուարդ, Դավիթ, Արտակ, Նոյ, Ավո՝ ավագ որդին 10 տարեկան է, կրտսերը՝ մեկուկես ամսական: Արտաշես Արտաշյանը իրեն հարուստ մարդ է համարում.

«Զավակներս իմ ամենամեծ ձեռքբերումն են: Դժվարություններից չեմ վախենում, ամեն երեխա իր ղսմաթն ունի: Երբ ծնվեց հինգերորդ որդիս՝ Ավոն, ընկերներս ասում էին՝ իր ծնունդով հաջողություն կբերի ձեզ: Այդպես էլ եղավ»:

Հինգերորդ արու զավակի ծննդյան կապակցությամբ Արտաշյանները նոր բնակարան ստացան, այն էլ՝ կահավորված: Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարարության ներկայացուցիչ Սամվել Իսրայելյանն ասում է, որ բազմազավակ ընտանիքների տվյալ ծրագրով կահույք նախատեսված չէ, սակայն բացառություն արեցին՝ հաշվի առնելով հինգ արու զավակի հանգամանքը:

Վերջին հանգամանքը հպարտությամբ Մարտունու քաղաքապետ էդիկ Ավանեսյանն է շեշտում. «Բանակը կհամալրեն, հայրենիքի զինվոր կդառնան»:

Մարտունիում 47 բազմազավակ ընտանիք կա: Նրանց մի մասը բազմազավակ ընտանիքների ծրագրից օգտվել է, մի ստվար խումբ էլ՝ մոտ 500 այլ շահառուների հետ, հերթացուցակում է: Մարտի 1-ի դրությամբ Արցախում 1780 բազմազավակ ընտանիք կա: Նրանցից հինգ երեխայատեր ընտանիքների համար պետությունը 3 տարվա ընթացքում տուն է կառուցում: Չնայած պատերազմից հետո առաջացած նոր մարտահրավերներին՝ պետական այս ծրագիրը շարունակվելու է:

Մարինե Մկրտչյան

Արցախ

MediaLab.am